Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից
The Tenant of Wildfell Hall
ՀեղինակԷնն Բրոնտե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1848
Նկարագրում էՅորքշիր և Կումբրիա
Էջեր370
ՆախորդԱգնես Գրեյ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչThomas Cautley Newby?
Հրատարակված էհունիս (1848)
Հրատարակման տարեթիվ1848
OCLC297506600
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/anne-bronte/the-tenant-of-wildfell-hall
 The Tenant of Wildfell Hall Վիքիպահեստում

Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլլից (անգլ.՝ The Tenant of Wildfell Hall), անգլիացի գրող և բանաստեղծուհի Էնն Բրոնտեի նամակագրական վեպը, որը հրատարակվել է 1848 թվականին։ Կարելի է ասել, որ քույրերի գործերից ամենահատկանշականն է։ Հրատարակությունից հետո վեպը մեծ հաջողություն է գրանցել, բայց Էննի մահից հետո նրա քույրը՝ Շարլոտը, խոչընդոտել է վեպի հետագա հրատարակմանը[1]։

Վեպը համարվում է նաև առաջին ֆեմինիստական (սեռերի անհավասարության և հասարակության մեջ կնոջ դիրքի թեման բարձրացնող) ստեղծագործություններից մեկը[2]։

Վեպի ստեղծագործությունն իրենից ներկայացնում է «պատմողական պատմություն»։ Առաջին պատմության հիմքում Գիլբերտ Մարկհեմի նամակն է՝ ուղղված փեսային (քրոջ ամուսնուն), որը պատմում է իր ամուսնությանը հանգեցրած իրադարձությունների մասին, իսկ երկրորդի հիմքում՝ նամակի ներսում գտնված հերոսուհի Հելենի օրագիրն է, որտեղ նա մանրամասն նկարագրում է իր կյանքը նախքան Ուայլդֆել-Հոլ ժամանելը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է երեք մասից։ Գրքի առաջին մասում, որը ներկայացվում է Գիլբերտ Մարկհեմի կողմից, պատմվում է այն մասին, թե ինչպես է Ուայլդֆել-Հոլում՝ Լինդեն-Կար գյուղից ոչ հեռու գտնվող հին կալվածք ժամանում խորհրդավոր այրի Հելեն Գրեհեմը։ Զուսպ Հելենն ու նրա փոքրիկ որդին՝ Արթուրը, որոնք բոլորի հետաքրքրասիրության առարկան են դառնում, հետզհետե հարմարվում են գյուղական մթնոլորտին։ Մինչև Հելենի Ուայլդֆել-Հոլ ժամանելը Հիլբերտ Մարկհեմը հոգ էր տանում Էլիզա Միլուորդի մասին, թեև այդ ամենին նա այդքան կարևորություն չէր տալիս։ Էլիզայի նկատմամբ հետաքրքրությունը մարում է, երբ նա ծանոթանում է Հելենի հետ։ Ի պատասխան՝ Էլիզան սկսում է տարածել տիկին Գրեհեմի մասին սկանդալային լուրեր, որոնց շուտով սկսում է հավատալ գյուղի գրեթե ամբողջ բնակչությունը։

Տարածված լուրերի ազդեցության տակ, Գիլբերտը սկսում է հավատալ, որ իր ընկեր Ֆրեդերիկ Լորենսը հոգ է տանում Հելենի մասին։ Ճանապարհին պատահական բախվելով Լորենսին՝ Մարկհեմը, խանդով բռնկված, հարվածում է նրան, ինչի հետևանքով նա ընկնում է ձիուց։ Այս միջադեպի մասին ոչինչ չիմանալով՝ Հելենը հրաժարվում է ընդունել Հիլբերտի զգացմունքները և ամուսնանալ նրա հետ։ Երբ Հիլբերտը սկսում է մեղադրել նրան Լորենսի նկատմամբ զգացմունքներ ունենալու մեջ, Հելենը նրան տալիս է իր օրագրերը։

Վեպի երկրորդ մասը վերցված է Հելենի օրագրերից և պատմում է, թե ինչպես է նա իր կյանքը կապել Արթուր Հանթինգդոնի հետ։ Գրավիչ և սրամիտ էր Հանթինգդոնը, բայց միևնույն ժամանակ՝ երես առած, եսասեր և անպատասխանատու։ Մինչև Հելենի հետ ամուսնանալը նա սիրահետում էր թեթևասոլիկ Անաբելա Ուիլմոթին և մանիպուլյացիայի ենթարկելով Հելենին՝ ստիպում է նրան ամուսնանալ իր հետ։

Սիրուց կուրացած՝ Հելենը համաձայնվում է, վստահ լինելով, որ նա կկարողանա Արթուրին փոխել ու ավելի լավը դարձնել։ Հոր պատվին անվանակոչած երեխայի ծննդյան հետ, Հանթինգդոնն ավելի ու ավելի խանդոտ է դառնում, քանի որ փոքրիկ Արթուրը ամբոջությամբ խլում էր երիտասարդ մոր ուշադրությունն ու հոգատարությունը։

Արթուրի ընկերները հաճախ են հավաքվում իր կալվածքում՝ Գրասդեյլում, կերուխում անում, զվարճանում։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք այստեղ դեգրադացված են։ Լեդի Աննաբելա Լոուբորոն ներկայացված է որպես անհավատարիմ կին իր ամուսնուն, ով թեև միշտ վհատված տեսք ունի, բայց շատ նվիրված է իր կնոջը։

Ուոլտեր Հարգրեյվը՝ Հելեն Միլիսենտի ընկերուհու եղբայրը, փորձում է նրա ուշադրությանը արժանանալ։ Ուոլտերը անցանկալի երկրպագու է համարվում։ Հելենը նկատում է նրա գիշատիչ բնույթը շախմատի խաղի ժամանակ։ Հարգրեյվը նրան պատմում է, որ Արթուրը տարված է Անաբելով։ Այս ամենը համապատասխանում է իրականությանը. երբ հերթական գինարբուքն ավարտվում է ու հյուրերը ցրվում են, Արթուրը բացահայտ իր կարոտն է արտայատում սիրուհու հանդեպ և ծաղրում իր կնոջը։

Արթուրը իրենց որդու վրա կործանարար ազդեցություն է ունենում՝ մանուկ հասակում վնասակար սովորություններ է սերմանում նրա մեջ և կոպիտ հայհոյանքներ է սսովորեցնում, ինչի արդյունքում Հելենի համբերության բաժակը լցվում է։ Նա նախատեսում է փախչել՝ փրկելու իր որդուն, բայց Հանթինգդոնը կնոջ օրագրից իմանում է Հելենի ծրագրերի մասին, և այրում է նրա գեղանկարչության համար նախատեսված պարագաները, որով Հելենը ցանկանում էր իր ապրուստը ապահովել։ Ի վերջո, իր եղբոր օգնությամբ, նա գաղտնի ապաստան գտնում է Ուայլդֆել-Հոլում։

Երրորդ մասը սկսվում է օրագրերի ընթերցումից հետո, երբ տիկին Գրեհեմը խնդրում է Գիլբերտին հանգիստ թողնել իրեն, քանի որ ինքն ամուսնացած է։ Գիլբերտը հնազանդվում է և շուտով իմանում, որ Հելենը վերադարձել է Գրասդեյլ՝ իմանալով, որ իր ամուսինը մահացու հիվանդ է։ Հելենը փորձում է օգնություն ցուցաբերել ամուսնուն, բայց ապարդյուն։ Արթուրի մահը տանջալից է և ուղեկցվում է այն վախով, թե ինչ է իրեն սպասվում իր բոլոր մեղքերի համար։ Հելենը չի կարողանում հանգստացնել ամուսնուն, քանի որ վերջինս չի պատրաստվում պատասխանատվություն կրել իր արարքների համար և փոխարեն Հելենին ասի, որ իր ժամանակից առաջ չընկնի, ասում է որ նա աղոթի իր փրկության համար։

Անցնում է մեկ տարի։ Գիլբերտը ազատվում է Հելենի մոտալուտ ամուսնության մասին տարածված լուրերի պատճառով ունեցած ծանր մտքերից, երբ իմանում է, որ պարոն Լորենսը, ում հետ նա հարթել է հարաբերությունները, ամուսնանում է Էսթեր Հարգրեյվի հետ։ Մարկհեմը մեկնում է Գրասդեյլ, որտեղ իմանում է, որ Հելենը այժմ բարեկեցիկ կյանք է ապրում է Սթենինգլիում գտնվող իր կալվածքում։ Նա գնում է այնտեղ, բայց նաև գիտակցում է որ իր դիրքն այժմ շատ ավելի ցածր է, քան Հելենինը։ Կալվածքի դարպասի մոտ նա կանգ է առնում՝ չհամարձակվելով ներս մտնել։ Եվ այստեղ նա պատահաբար բախվում է Հելենին, նրա մորաքրոջը և պատանի Արթուրին։ Երկու սիրահարները հաշտվում են և շուտով ամուսնանում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենը և նրա ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հելեն Լորենս Հանթինգդոն (անգլ.՝ Helen Lawrence Huntingdon ), որը հայտնի է որպես տիկին Գրեհեմ (անգլ.՝ Grahamանգլ.՝ -նրա մոր ազգանունը)՝ վեպի գլխավոր հերոսուհին, Ուայլդֆել-Հոլ կալվածքի խորհրդավոր բնակիչը։ Այստեղ են ծնվել Հելենը և նրա եղբայր Ֆրեդերիկը,որտեղ և անց են կացրել մանկության վաղ տարիները, սակայն մոր մահից հետո հայրը ուղարկեց Հելենին իր մորաքրոջ՝ տիկին Մաքսուելի մոտ։ Ժամանելով Ուայլդֆել-Հոլ իր փոքրիկ որդու հետ, Հելենը իրեն ներկայացնում է որպես տիկին Գրեհեմ, մի այրի կին և չի բացահայտում Ֆրեդերիկի հետ ունեցած բարեկամակցական կապը։
  • Արթուր Հանթինգդոն կրտսեր (անգլ.՝ Master Arthur Huntingdon)՝ Հելենի և ավագ Արթուրի որդին։ Նրա արտաքին նմանությունը Ֆրեդերիկի՝ իր հորեղբոր հետ, Ուայլդֆել-Հոլի՝ իրենց ազգակցական կապից անտեղյակ բնակիչների կեղտոտ բամբասանքների առիթ հանդիսացավ։
  • Պարոն և տիկին Մաքսուել (անգլ. ՝ Mr. and Mrs. Maxwell)՝ Հելենի հարուստ մորաքույրն ու հորեղբայրը։ Միսիս Մաքսուելը կտրականապես դեմ էր Հանթինգդոնի հետ Հելենի ամուսնությանը, սակայն սիրուց կուրացած Հելենը չի լսել նրան։
  • Ֆրեդերիկ Լորենս (անգլ.՝ Frederick Lawrence)՝ Հելենի եղբայրը։ Օգնել է նրան փախչել Հանթինգդոնից՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով նրան, որպեսզի վերջինս կրկին կարողանա նկարներ նկարել։

Հանթինգդոնը և նրա շրջապատը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր Հանթինգդոն (անգլ.՝ Arthur Huntingdon)՝ Հելենի ամուսինը՝ իր ծնողների կողմից երես տված, քմահաճ և հարբեցող։ Չնայած նրան, որ նա բայրոնյան հերոս է, Արթուրն անխնա քննադատվել է։ Նա չարագործ չէ, ավելի շուտ նրան կարելի է «մեծ երեխա» համարել, որին ծնողները երբեք չեն բացատրել բարու և չարի միջև տարբերությունը։ Նրա դավաճանությունները, վիրավորանքները, իսկ հետո նաև իր որդուն կործանարար սովորություններ սերմանելու փորձերը ստիպել են Հելենին լքել նրան։ Սակայն, երբ Հելենն իմացավ, որ նա լուրջ հիվանդ է (ձիուց ընկել է ոչ սթափ վիճակում), նա վերադարձավ և հավատարմորեն հոգ տարավ իր ամուսնու մասին մինչև նրա մահը։
  • Անաբելա Ուիլմոտ, Լեդի Լոուբորո (անգլ.՝ Annabella Wilmot, անգլ.՝ Lady Lowborough), Արթուրի սիրուհին։ Օգտագործում է սեփական գեղեցկությունը ստոր նպատակների համար։
  • Լորդ Լոուբորո ( անգլ.՝ Lord Lowborough), Հանթինգդոնի ընկերներից մեկը։ Նա կորցրել է իր կարողությունը մոլախաղերի պատճառով. զբաղմունք, որից հաջողությամբ ազատվեց՝ ի տարբերություն ալկոհոլի օգտագործմանը։ Ալկոհոլից նա փորձում էր ամեն կերպ սահմանափակել իրեն, սակայն անզոր էր իր ընկերների ազդեցության ներքո։ Նա նաև հավաստիացնում էր իր ընկերներին, որ այլևս երբեք ոչ մեկին չի սիրի այն բանից հետո, երբ իր հարսնացուն լքել էր իրեն՝ իմանալով,որ նա կորցրել է իր կարողությունը։ Բայց Աննաբելին հանդիպելով՝ նա մոռացել է իր խոստման մասին։ Ցավոք, Աննաբելը այնքան հավատարիմ ու նվիրված չէր, որքան նա, որից և շատ տառապեց Լորդ Լոուբորոն։ Նրանց բաժանումից հետո Լորդը մնում է երկու մանկահասակ երեխաների՝ սեփական որդու և դստեր հետ, որոնց կեսաբանական հայրը թեկուզ չհանդիսանալով, դաստիարակում է նրանց նույն սիրով, ինչպես իր սեփական որդուն։
  • Ռալֆ Հեթերսլի (անգլ.՝ Ralph Hattersley)՝ Հանթիգդոնի ընկերը։ Եթե Լոուբորոն և Ուոլթեր Հարգրեյվը փորձում էին ինչ-որ կերպ սահմանափակել իրենց սպիրտային խմիչքի օգտագործման մեջ, ապա նա, ինչպես և Արթուրը, չէր պատրաստվում դա անել։ Որոշելով ընտրել մի կնոջ, ով դեմ չէր լինի նրա կենսակերպին, նա Հանթինգդոնի խորհրդով ամուսնանում է Ուոլթերի քրոջ՝ Միլիսենթ Հարգրեյվի հետ ,ով նաև Հելենի մտերիմ ընկերուհին էր։ Ամուսնության առաջին տարիները նա շատ ցավ է պատճառում Միլիսենտին, բայց երբ նա որոշեց փոխվել դեպի լավը, որպեսզի արժանավոր ամուսին և հայր դառնար, ամուսիններն իսկապես սիրեցին միմյանց։
  • Պարոն Գրիմսբի ( անգլ.՝ Mr. Grimsby)՝ Հանթիգդոնի ընկերներից մեկը, կնատյաց։ Օգնում էր Արթուրին թաքցնել նրա կապը Աննաբելի հետ։

Հարգրեյվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միլիսենտ (անգլ.՝ Millicent Hargrave)՝ Հելենի մտերիմ ընկերուհին, հանգիստ և հեզ։ Իր մոր կամքով ամուսնացել է Ռալֆի հետ, ինչի համար նա չի զղջել։
  • Ուոլթեր (անգլ.՝ Walter Hargrave)՝ Եղբայր Միլիսենտ, Հելենի երկրպագուն։ Նրա կպչուն պահվածքն ու անցանկալի հոգատարությունը դադարել է միայն այն ժամանակ, երբ նրան բռնացրել է Արթուրը, ով ամեն ինչի մեջ Հելենին էր մեղադրում։
  • Էսթեր (անգլ.՝ Esther Hargrave)՝ Միլիսենտի և Ուոլտերի քույրը, Հելենի ընկերուհին։ Ի տարբերություն իր ավագ քրոջ՝ կարող է դիմակայել իրենց մոր ցանկություններին։ Հետագայում ամուսնացել է Ֆրեդերիկ Լորենցի հետ։
  • Միսիս Հարգրեյվ (անգլ.՝ Mrs. Hargrave)՝ երեք երեխաների մայրը, պաշտում է միակ որդուն, իսկ իր դուստրերից փորձել է ազատվել՝ նրանց արագ ամուսնացնելով։

Մարկհեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիլբերտ (անգլ.՝ Gilbert Markham)՝ քսանամյա երիտասարդ, ֆերմեր, վեպի գլխավոր հերոսներից մեկը։ Նրա բնավորությունը կատարյալ չէ, նա խանդոտ է, դյուրագրգիռ և հակված է հաճախակի տրամադրության փոփոխության։ Բայց նա ունի նաև դրական կողմեր, օր. Հելենի հանդեպ ունեցած հավատարիմ սերը։
  • Ֆերգես (անգլ.՝ Fergus Markham)՝ Գիլբերտի կրտսեր եղբայրը։ Նրան է անցնում ամբողջ ֆերման, երբ Գիլբերտը հեռանում է՝ ապրելու Հելենի հետ։
  • Ռոզա (անգլ.՝ Rose Markham)՝ Ջիլբերտի և Ֆերգեսի կրտսեր քույրը։ Նուրբ և բարյացակամ աղջիկ, Միլուորդի քույրերի ընկերուհին։
  • Միսիս Մարկհեմ (անգլ.՝ Mrs. Markham)՝ ընտանիքի մայրը, պատվարժան Միլուորդի մեծ երկրպագուն, ինչպես նաև նրա գաղափարներն ու տեսակետները կիսող։

Ուիլսոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյն (անգլ.՝ Jane Wilson)՝ Էլիզա Միլուորդի ընկերուհին, բամբասկոտ է։ Փորձում էր գրավել Ֆրեդերիկին, բայց նրա քրոջ հանդեպ իր ատելությունը հայտնի դարձավ Ֆրեդերիկին (Գիլբերտի շնորհիվ) և քանդեց նրա բոլոր պլանները։
  • Ռիչարդ (անգլ.՝ Richard Wilson)՝ Ջեյնի եղբայրը։ Հետագայում Միլուորդի տեղը դարձավ հովիվ և ամուսնացավ նրա դստեր՝ համեստ և հեզ Մերիի հետ։
  • Ռոբերտ ( անգլ.՝ Robert Wilson)՝ Ջեյնի և Ռիչարդի եղբայրը, կոպիտ խառնվածքով գյուղական ֆերմեր։

Միլուորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլիզա (անգլ.՝ Eliza Millward)՝ հովվի կրտսեր դուստրը։ Գիլբերտը նրա հանդեպ նուրբ, թեկուզ ոչ այնքան լուրջ զգացմունքներ ուներ, մինչև Հելենի հետ ծանոթանալը։ Մերժված լինելով՝ Էլիզան սկսեց կեղտոտ բամբասանքներ տարածել տիկին Գրեհեմի մասին։
  • Մերի (անգլ.՝ ary Millward)՝ Էլիզայի քույրը, բնավորությամբ նրա հակապատկերը։ Հանգիստ ու աննկատ, նրա ուսերին է դրված տնային հոգսերը։ Նրան գնահատում և սիրում են միայն նրա հայրը, աղքատները, երեխաները, և կենդանիները, որոնց մասին նա հոգ է տանում։
  • Սուրբ Մայքլ Միլլուորդ (անգլ.՝ Reverend Michael Millward)՝ երկու քույրերի հայրը։ Խիստ սկզբունքային մարդ, հակված է նախապաշարմունքների, և միայն իր կարծիքն է համարում ճիշտը։

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարոն Բորխեմ (անգլ.՝ Mr. Boarham)՝ Հելենիի երկրպագուներից մեկը մինչև իր ամուսնանալը, ով մեծ էր նրանից ավելի քան քսան տարով։ Հելենը կտրականապես հրաժարվել է ամուսնանալ նրա հետ՝ իրենց տարբեր խառնվածքների պատճառով։
  • Պարոն Ուիլմոտ (անգլ.՝ Mr. Wilmot)՝ Անաբելի հորեղբայրը, Հելենի հետ ամուսնության ևս մեկ թեկնածու։ Նկարագրվում է Հելենի օրագրում որպես վերջին սրիկա։
  • Ռեյչլ (անգլ.՝ Rachel)՝ աղախին և Հելենի ընկերուհին։ Նրա մասին հոգ էր տանում Հելենի ծնվելուց սկսած և նրա հետ թաքնվում էր Ուայլդֆել-Հոլում։
  • Էլիս Մայերս (անգլ.՝ Alice Myers)՝ Արթուր կրտսերի տնային դաստիարակչուհին և նրա հոր հերթական սիրուհին։
  • Բենսոն ( անգլ.՝ Benson)՝ ծառայապետ սպասավորների Գրասդեյլում Հանթինգդոնի տանը։ Համակրում էր Հելենին և օգնում նրան հեռանալ կալվածքից։
  • Ջեկ Հոլֆորդ (անգլ.՝ Jack Halford)՝ էսկվայր, ապագայում Ռոզիի՝ Գիլբերտի քրոջ ամուսինը, և նրա նամակի հասցեատերը;

Ստեղծագործության հիմնական թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլբերտի մայրը հավատարիմ է այն ժամանակներում ընդունված տեսակետներին, որ կնոջ դերը իր ամուսնուն հաճոյանալն է։ Հելենը, ով իր պահվածքով ու հայացքներով ցույց է տալիս, որ այլ կարծիքի է այս հարցի շուրջ, խորհրդանշում է անկախ կնոջ կերպար։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում մինչև 1870 թվականը ամուսնացած կնոջ սեփականության մասին ակտի ընդունումը, ըստ օրենքի, ամուսնացած կինը ամուսնուց անկախ գոյության իրավունք չուներ, հետևաբար, ցանկացած սեփականության իրավունք չուներ առանց ամուսնու վերահսկողության պայմանագրեր կնքել, ամուսնալուծվել և նույնիսկ տնօրինել սեփական երեխաներին։

Հելենը, ով տարված էր ռոմանտիկ գաղափարներով, հավատում էր, որ կարող է Արթուրին փոխել դեպի լավը։ Ռալֆ Հեթերսլին հայտարարել է, որ ցանկանում է ունենակ հանգիստ և հեզ կին, ով չի փորձի խոչընդոտել իր զվարճանքները, բայց ժամանակի ընթացքում հասկանում է, որ ցանկանում էր բոլորովին հակառակը։ Միլիսենտը չէր ցանկանում ամուսնանալ Ռալֆի հետ, բայց նա, ի տարբերություն իր քրոջ Էսթերի, քաջություն չունեցավ դիմակայելու իր մորը։ Հարուստ Աննաբելլան ցանկանում է միայն ունենալ նախանձելի տիտղոս, իսկ Ջեյն Ուիլսոնը, արհամարհելով իր ոչ հարուստ ընտանիքը, ցանկանում է և լավ նյութական միջոցներ ունենալ և լավ դիրք։

Մայրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենը պատրաստ էր հանդուրժել ամուսնու արարքները, եթե դրանք վատ ազդեցություն չունենային իր որդու վրա։ Փոքրիկ Արթուրի ալկոհոլին ու հայհոյանքներին սովորեցնելը նրա համբերության վերջին կաթիլն էր։ Նա պատրաստ էր նույնիսկ խախտել օրենքը, ինչը և նա արել է, որպեսզի իր որդին արժանապատիվ մարդ դառնալու հնարավորություն ունենար։

Բարեպաշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենը երբեք չի մոռանում քրիստոնեական բարոյական սկզբունքների մասին, որոնք երբեք չէր խախտել՝ ի տարբերություն անարդար օրենքի, և բոլոր տառապանքներից հետո, նա պարգևատրվում է հարստությամբ և երջանիկ երկրորդ ամուսնությամբ։

Հելենի լավագույն ընկերուհին՝ Միլիսենթ Հարգրեյվը, չնայած նրան, որ նա երբեք չի փորձել դիմադրել իր ճանապարհին կանգնած բոլոր դժվարություններին, նույնպես, ի վերջո, երջանկություն է ձեռք բերում։ Նրա ամուսինըչ Հելենի օգնությամբ, իր մեջ ուժ է գտնում ճիշտ ուղու վրա կանգնելու՝ դրանով իսկ բարեկեցություն պարգևելով իր ընտանիքին։

Իրենց հարևանների և բարեկամների մեծ մասի ուշադրությունից զրկված՝ Մերի Միլուորդը և Ռիչարդ Ուիլսոնը ամուսնանում են գաղտնի նշանադրությունից հետո։ Հելենը ընկերական հարաբերություններ է ստեղծում Մերիի հետ և իր որդուն վստահում է միայն նրան։ Ինչպես և Գիլբերտը իր քրոջ Ռոզիի հետ, նա հրաժարվում է հավատալ Հելենի մասին հնչած բամբասանքներին՝ չիմանալով նրա մասին ամբողջ ճշմարտությունը։ Մերիի բնավորությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր չեն կարողանում վարկաբեկել իրենց պատիվը, չեն ձգտում հեշտությամբ հավատալ ուրիշների զրպարտությանը։

Կին և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլում գրքում Հելենի ամուսնությունը սահմանափակում է նաև սեփական տաղանդը զարգացնելու միտումը։ Գլխավոր հերոսուհու գեղարվեստական ունակությունները կենտրոնական դեր են խաղում ինչպես Արթուրի, այնպես էլ Գիլբերտի հետ հարաբերություններում։ Նկարելու նրա ազատությունը և դրանից զրկվելը ամուսնությունից հետո, ոչ միայն բարդացնում է Հելենի՝ որպես կնոջ, այրի կամ նկարչուհու նշանավորումը, այլ նաև հնարավորություն է տալիս հեղինակին քննադատել ամուսնության ազդեցությունը տան միջավայրում։

Իր օրագրի հենց սկզբում երիտասարդ ու չամուսնացած Հելենն արդեն իրեն որպես նկարիչ է դիտում։ Նա գրում է, որ նկարչությունը նրան առավել համապատասխան է, քանի որ նա կարող է նկարել և մտածել միաժամանակ իր գործերի մասին։ Այդ ժամանակաշրջանի նրա բոլոր նկարները բացահայտում են Արթուր Հանթինգդոնի հանդեպ նրա գաղտնի զգացմունքները, այն զգացմունքները, որոնք թույլ չեն տալիս նրան տեսնել նրա բնավորությունը և թույլ են տալիս կորցնել իրեն ամուսնության մեջ։ Չնայած նրա զգացմունքների բացահայտմանը,այն փաստը, որ նա ներդնում է իր հոգին իր նկարների մեջ, նույնպես դառձնում են նկարիչ։

Ամուսնությունից հետո Հելենն ընդունում է տասնիններորդ դարի կատարյալ կնոջ դերը, նա ղեկավարում է տնային տնտեսությունը, հոգ է տանում իր ամուսնու և երեխայի, ինչպես նաև աղքատների մասին,և իր սեփական զբաղբունքների համար պարզապես ժամանակ չի մնում։ Չնայած ամուսնությունը կործանարար ազդեցություն է ունենում իր տաղանդի վրա, Հելենը համարում է իր սեփականությունը, ի տարբերություն նկարների որոնք,պատկանում են իր ամուսնուն։

Հեռանալով Գրասդեյլ Մենորից՝ Հելենը կրկին ազատություն է ստանում տիրապետելու և արվեստով զբաղվելու համար։ Համաձայնելով նորից ամուսնանալ, նա կրկին վտանգի է ենթարկում այս ամենը, ուստի Գիլբերտը, բացի Հելենի սիրուց, պետք է շահի իր վստահությունը։ Ինչպես միշտ, Հելենի զգացմունքներն ու դիրքորոշումը արտացոլվում են նրա աշխատանքների մեջ, նույնիսկ եթե նա փորձում է թաքցնել դրանք։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումից անմիջապես հետո վեպը ֆենոմենալ հաջողության հասավ, հրատարակությունն ամբողջությամբ վաճառվել էր վեց շաբաթվա ընթացքում՝ դրանով իսկ գերազանցելով Էմիլի «Մոլեգին հողմերի դարավանդ» գրքի վաճառքը։

Չնայած դրան, քննադատների արձագանքը միանշանակ չէր։ Գիրքն գովում էին «հզորության» ու «տպավորչության» համար ու քննադատում «բռնության» համար։ Շարլոտան՝ Էննի քույրը, գրել է, որ վեպի թեմաների և իրադարձությունների ընտրությունը սխալ էր[3]։

Շատ քննադատներ սխալմամբ ընդունել են Էննի ցանկությունը՝ զգուշացնելու սանձարձակության վտանգի մասին իր հավանության համար.[2]։ North American Review-ը քննադատել է Գիլբերտին որպես «դաժան, հպարտ, խանդոտ, վրեժխնդիր և երբեմն կոպիտ», միևնույն ժամանակ ընդունելով Հելենի խելքն ու էներգիան, որը, սակայն, զուրկ էր «ճշմարիտ կանացի հատկանիշներ»[4]։ Spectator և այլ հրատարակություններ, չհասկանալով Էննի մտադրությունները, ստեղծագործությանը մեղադրել է նրա ստեղծագործությունը «դաժանության հանդեպ ցավոտ սիրո, եթե չասենք վայրագության» մեջ[2]։

Ի պատասխան՝ Էննը գրել է վեպի երկրորդ հրատարակությանը իր հայտնի նախերգանքը, որում, ի պաշտպանություն վեպի գրվելու նպատակների, ասվել է, որ ընթերցողին զվարճացնելու կամ իր ճաշակը բավարարելու մտադրություն չի ունեցել, նա միայն ցանկացել է «ճիշտն ասել, քանի որ ճշմարտությունն իր բարոյականությունը միշտ փոխանցում է նրանց, ովքեր կարող են ընդունել այն»։ Նա նաև ավելացրել է, որ «իր մոտ տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ տղամարդը կարող է իրեն թույլ տալ գրել այն, ինչ ամոթալի կլինի կնոջ համար, մինչդեռ կինը չի կարող գրել այն մասին, թե ինչ կլինի պատշաճ և վայել տղամարդու համար»[2]։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հրապարակմամբ Ուայլդֆել-Հոլի անծանոթուհին մարտահրավեր է նետել վիկտորիանական դարաշրջանի բարոյական հիմքերին։ Սիրավեպի ամենացնցող դրվագներից մեկն այն էր, որտեղ Հելենը երկար վիրավորանքներից հետո փակում է իր ամուսնու առջև դուռը՝ դրանով իսկ հարված հասցնելով այն ժամանակվա սեռական քաղաքականությանը։

Գլխավոր հերոսուհին, Հելենը, համարձակ ու վճռական է, նա չի վախենում տղամարդկանց հետ ուղիղ և անկեղծ խոսելուց։ Էնն Բրոնտեն հավանություն է տալիս նման վարքագծին՝ համեմատելով նրան իր ամուսնու բոլոր արարքները հանդուրժող Միլիսենտի համեստության հետ։ Հելենը նման բան չէր ցանկանում հանդուրժել, առաջին իսկ հնարավորության դեպքում նա հեռանում է Հանթինգդոնի տնից իր սիրելի որդու հետ։

Վեպում արատները բնորոշ են ոչ միայն տղամարդկանց։ Լեդի Լոուբորոյի դավաճանությունները հսկայական տառապանքներ են պատճառում նրա ամուսնուն, Իսկ Էլիզա Միլուորդի զրպարտությունը վնասում է ողջ համայնքին։

Բարի և չարի հավերժական դիմակայության թեման վերաբերում է Աստվածաշնչին և Էննի կրոնական հայացքներին, որը հավատում է համընդհանուր քավությանը։ Ապաշխարող մեղավորները ներված են, պատիժը հասնում է միայն նրանց, ովքեր շարունակում են մեղք գործել անկախ ամեն ինչից։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը էկրանավորվել է երկու անգամ, երկու ֆիլմերն էլ նկարահանվել են BBC-ի կողմից։ 1968 թվականի տարբերակում գլխավոր դերը խաղացել է Ջանեթ Մանրոն։ Իսկ «Ուայլդֆել-Հոլի անծանոթուհին» 1996 թվականին նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Թառա Ֆիցջերալդը, Թոբի Սթիվենսը, Ռուպերտ Գրեյվսը և Ջեյմս Պյյուրֆոյը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Josephine McDonagh Introduction and Additional Notes // The Tenant of Wildfell Hall. — Oxford University Press, 2008. — ISBN 978-0-19-920755-8
  2. 2,0 2,1 2,2 2,3 Introduction and Notes for The Tenant of Wildfell Hall // The Tenant of Wildfell Hall. — Penguin Books, 1996. — ISBN 978-0-140-43474-3
  3. Charlotte Brontë, letter of 15 September 1850, to W. S. Williams
  4. Brontë Sources, Texts, and Criticism Արխիվացված 2012-02-04 Wayback Machine (անգլ.)