Ամիս
Ամիս (լատին․՝ mēnsis, հունարեն՝ μήνας), Երկրի շուրջը Լուսնի պտույտով պայմանավորված ժամանակամիջոց։ Ամիս հասկացությունը, ինչպես և նրա անվանումը, գրեթե բոլոր ժողովուրդները կապել են Լուսնի հետ։
Լուսնի տեսանելի շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսինը Երկրի միակ արբանյակն է և ամենամոտ երկնային մարմինը։ Մոլորակների նման Լուսինը հաստատուն դիրք չունի և աստղերի նկատմամբ շարժվում է արևմուտքից դեպի արևելք։ Հին աշխարհի աստղագետները նրան դասել են մոլորակների շարքը։ Աստղերի և մոլորակների նկատմամբ նրա շարժումը նկատվում է անգամ մեկ-երկու ժամվա դիտումների ընթացքում։ Եթե նշենք Լուսնի դիրքը աստղերի նկատմամբ, և սպասենք մինչև մի պտույտ կատարի և նորից վերադառնա այդ նույն դիրքին, ապա դրա համար կպահանջվի միջին հաշվով 27,32 օր կամ 27 օր 7 ժ. 43 ր. 11,5 վ.:Այսինքն ՝ օրական Լուսինը երկնային սֆերայի վրա կտեղաշարժվի 13°,2[1]:
Աստղային կամ սիդերիկ ամիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեգակի օրական տեղաշարժը կազմում է մոտ 1°:Այսպիսով Արեգակի նկատմամբ Լուսինը շարժվում է օրական 13°,2–1°=12°,2:Լուսնի պտտման այս պարբերությանը ընդունված է անվանել աստղային կամ սիդերիկ (սիդերական) ամիս։ Աստղային ամսվա տևողությունը փոփոխվում է մինչև ±6 ժամ։ Դրա պատճառն այն է, որ Լուսնի շարժումը ենթարկվում է ուժեղ խանգարումների, որի հետևանքով փոխում են նրա ուղեծրի էլեմենտները[2]։
Լուսնի փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսնի շարժման հետ կապված անընդհատ փոփոխվում է նրա տեսքը։ Մերթ երևում է լրիվ, մերթ կիսով չափ կամ բոլորովին չի երևում։ Լուսնի տեսքի այդ փոփոխությունները կոչվում են փուլեր։ Լուսնի փուլերն են
- Նորալուսին (Երբ Լուսինը գտնվում է Երկրի և Արեգակի միջև և դեպի Երկիր է նայում միայն նրա խավար կիսագունդը, և հետևապես նա չի երևում)։
- Մահիկ (Դիրք,երբ լուսինը երևում է ավելի կամ պակաս չափով)։
- Առաջին քառորդ (Փուլ է, երբ Երկրից դեպի Լուսին ու Արեգակ տարված ուղղությունները կազմում են 90°-ի անկյուն, այլ կերպ ասած՝ երբ նրանց երկայնությունները տարբերվում են 90°-ով և 270°,Լուսնի դեպի Երկիր նայող կիսագնդի կեսը լուսավոր է, կեսն էլ խավար։ Երկնքի ֆոնի վրա Լուսինը մեզ երևում է կիսով չափ)։
- Լիալուսին (Նորալուսնի ժամանակ Լուսնի երկայնությունը հավասար է Արեգակի երկայնությանը։ Դրան հակադիր փուլը Լիալուսինն է և այս դեպքում դեպի Երկիր է նայում միայն նրա լուսավորված կիսագունդը,Լիալուսնի դեպքում Լուսինը տրամագծորեն հակառակ է Արեգակին, և նրա երկարությունը տարբերվում է Արեգակի երկարությունից 180°-ով)։
- Վերջին քառորդ (Առաջին քառորդին՝ տրամագծորեն նույն կերպ փուլ)։
Սինոդիկ ամիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու հաջորդական համանուն փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է սինոդիկ ամիս։ Նա միջին հաշվով հավասար է 29,53 օրվա կամ 29 օր 12 ժ 44ր 3վ։ Այդ պարբերությունը փոփոխվում է ±6 ժամով, Լուսնի ուղեծրի էքսցենտրիսիտետի փոփոխման հետևանքով։ Սինոդիկ և սիդերիկ ամիսների տարբերությունը կազմում է 2,21 օր (Սինոդիկ ամիսը երկար է սիդերիկ ամսից) ։ Մի դեպքում Լուսնի շարժումը քննության է առնվում անշարժ աստղերի, իսկ մյուս դեպքում՝ շարժվող Արեգակի նկատմամբ[3]։
Արևադարձային ամիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսնի Երկրի շուրջ պտտվելու պարբերություն,որը հաշվարկվում է նույն երկայնությամբ։ Արևադարձային տարվա մեջ եղած իրական արեգակնային օրերի տևողությունների միջին թվաբանականը, որը միջին արեգակնային օրն է և հավասար է 27 օր 7 ժ 43 ր 4,66 վ։
Լուսնահանգույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսնի տեսանելի ճանապարհի հարթությունը չի համընկնում խավարածրի հարթության հետ, այլ թեք է նրա նկատմամբ 5° 9՛-ով։ Այդ երկու մեծ շրջանագծերի հատման կետերն ընդունված է անվանել լուսնահանգույցներ:Լուսնահանգույցները լինում են երկու տեսակի՝ վերելման և վայրիջման:Երկու հանգույցները միացնող գիծը՝ հանգուցագիծ։ Երբ վերելման հանգույցը համընկնում է գարնանային գիշերահավասարի կետի հետ, Լուսնի հակումը կազմում է 23°27′+5°9′=28°36′:Իսկ երբ գարնանային գիշերահավասարի կետի հետ համընկնում է վայրիջման հանգույցը,հակումը կազմում է 23°27′-5°9′=18°18′:Լուսնի մյուս կարևոր «անհավասարությունը» դա ապսիդների գծի պտույտն է նրա շարժման ուղղությամբ։ Դրա հետևանքով փոխվում է ուղեծրի դիրքը և աճում է նրա երկրամոտ կետի երկայնությունը՝ 8,85 տարում հասնելով 360°-ի[4]։
Դրակոնիկական ամիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրակոնիկական ամիսը երկու համանուն հանգույցներով Լուսնի կենտրոնի երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցն է։ Նրա տևողությունը հավասար է 27 օր 5ժ 5ր 36վ կամ 27,21 օր։ Սիդերիկ ամիսը դրակոնիկական ամսից մեծ է 0,11 օրով[5]։
Անոմալիստական ամիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Անոմալիստական ամիսը երկրամոտ կետով Լուսնի իրար հաջորդող անցումների միջև ընկած ժամանակամիջոցն է։ Տևողությունը՝ 27 օր 13ժ 18ր 33վ կամ 27,55 օր։ Սիդերիկ ամիսը փոքր է անոմալիստական ամսից 0,23 օրով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 181
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 182
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 182-183
- ↑ Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 184-185
- ↑ 5,0 5,1 Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. էջ 185
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. 1շ
Ընթերցե՛ք «ամիս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 319)։ |