X սերունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

X սերունդ, տերմին, որն օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են 1965 և 1979 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Հասկացությունն օգտագործվում է ժողովրդագրությունում, հասարակական գիտություններում և մարքեթինգում, թեև հաճախ կարելի է հանդիպել հասարակական մշակույթում: Այս սերնդի երեխաներին ավանդաբար դասում են Y սերնդին, ավելի հազվադեպ` նաև Z սերնդին:

Տերմինի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում X սերունդ կոչում են այն մարդկանց, ովքեր ծնվել են ծնելիության անկման ժամանակ, որը սկսվել է ժողովրդագրական պայթյունից հետո:

Մեծ Բրիտանիայում տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ջեյն Դևերսոնի կողմից 1964 թվականին, բրիտանական երիտասարդությունն ուսումնասիրելու ժամանակ: «Womans own » կանացի ամսագիրը Դևերսոնին խնդրել էր հարցազրույցներ անցկացնել դեռահասների հետ: Հետազոտություններն ի դերև հանեցին այնպիսի դեռահասների սերունդ, ովքեր «քնում են իրար հետ մինչ ամուսնությունը, չեն հավատում Աստծուն, չեն սիրում թագուհուն և չեն հարգում ծնողներին, չեն փոխում իրենց ազգանունը, երբ ամուսնանում են»: Ամսագիրը հրաժարվեց հրատարակել հետազոտությունների արդյունքները, քանի որ խմբագրությունը կարծում էր, որ այդ նոր երևույթը չի համապատասխանի հրատարակչության հետաքրքրություններին: Որպեսզի փրկի իր ուսումնասիրությունը, Դևերսոնն սկսեց համագործակցել հոլիվուդյան թղթակից Չարլզ Համբլեթի հետ՝ գիրք հրատարակելու նպատակով: Համբլեթը որոշեց գիրքն անվանել «X սերունդ»:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը հետագա տարածում ստացավ կանադացի գրող Դուգլաս Քոուփլենդի «X սերունդ» գրքում (անգլ.՝ Generation X: Tales for an Accelerated Culture), որում նկարագրվում էին 1960 և 1965 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ծնված մարդկանց վախերը և տագնապները, ովքեր չէին զգում կապ ժողովրդագրական պայթյունի և մշակութային կուռքերի հետ:

Քոուփլենդն X տառը փոխ է առել Փոլ Ֆասսելի «Դասակարգում» գրքից, որտեղ «X կատեգորիա» տերմինն օգտագործվել էր առավելապես ամերիկյան սոցիալական հիերարխիայի, քան թե սերնդի համար: Առաջին անգամ Քոուփլենդը գրել է X սերնդի մասին 1987 թվականի սեպտեմբերին (Վանկուվեր ամսագիր, «Х սերունդ», էջեր՝ 164—169, 194), ինչը հող նախապատրաստեց վեպի համար:

Սերունդ 13[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին «Սերունդ» գրքում Ուիլյամ Ստրաուսը և Նիլա Հոուն այդպիսի մարդկանց անվանեցին «Սերունդ 13»: Հեղինակներն այդ շարքին դասեցին 1965 և 1982 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ծնված մարդկանց` հիմնվելով մշակութային բարձունքների և անկումների ուսումնասիրությունների, ինչպես նաև ծնելիության մակարդակի վրա: Ստրաուսը և Հոուն առանձնացնում են տարբեր ներգործություններ, որոնք ձևավորել են «Սերունդ 13»-ը.

  • կառավարության հանդեպ դժգոհություն, իշխանության, հատկապես ինստիտուցիոնի հանդեպ անվստահություն,
  • հսկայական քաղաքական անտարբերություն,
  • ապահարզանների մեծ քանակ,
  • կանանց-մայրերի քանակի աճ արդյունաբերական վայրերում,
  • բնակչության զրոյական աճ,
  • հակաբեղմնավորիչ դեղորայքի հասանելիություն,
  • կրթական համակարգում տարաձայնությունների քանակի աճ,
  • կրթական համակարգի ֆինանսավորման կրճատում և անմատչելի ուսանողական վարկեր,
  • կարիերային հեռանկարում փոփոխությունները ներգործում են ակադեմիական պահանջների և ինտելեկտուալ կարողությունների բարձրացման վրա,
  • էկոլոգիական և շրջակա միջավայրի հիմնախնդիրներ,
  • համացանցի ստեղծում,
  • Սառը պատերազմի ավարտ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]