Gate Tower Building
Տեսակ | երկնաքեր, գրասենյակային շենք և հանրային անցուղիով շինություն |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Ֆուկուսիմա-կու |
ԲԾՄ | 71,9 մետր |
Բարձրություն | 71,9 մետր |
Հարկեր | 16 |
Սպասարկող | TKP Corporation |
Հիմնադրված է | փետրվար 1992 |
Բացված | 1992 |
Շինարար | Սատո Կոգիո |
Պաշտոնական կայք |
Gate Tower Building (ճապ.՝ ゲートタワービル Գետո տավա բիրու), 16-հարկանի գրասենյակային շենք Ֆուկուսիմա-կուում (Օսակա, Ճապոնիա), որը հատկանշական է նրանով, որ ուղիղ նրա միջով անցնում է մայրուղի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը գլանաձև է, կառուցված է երկաթբետոնից, կառույցի հիմքում կրկնակի միջուկ է։ Ճանապարհը (Հանշին արագընթաց մայրուղու համակարգի մաս) անցնում է ուղիղ շենքի միջով՝ զբաղեցնելով 5-րդից 7-րդ հարկերը ներառյալ։ Շենքում գործող վերելակները (դրանք 4-ն են[1]), կանգ չեն առնում այդ հարկերում (4-րդից հետո անմիջապես գալիս է 8-րդը[2])։ Մայրուղին ու շենքը ոչ մի տեղ չեն հպվում[3][4]. այս առումով մայրուղին ավելի շատ նման է շենքի մեջ եղած բացվածքի միջոց կառուցված սեփական հենարաններով կամրջի։ Թունելի պատերը, որով անցնում է մայրուղին, ունեն ձայնամեկուսացման անհրաժեշտ մակարդակ։ Gate Tower Building-ի տանիքում կա ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հարթակ[2]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողակտորի սեփականության իրավունքը դեռևս Մեյձի ժամանակաշրջանի (1868-1912) սկզբից պատկանել է փայտով և փայտածուխով զբաղվող մի ընկերության, սակայն աստիճանական անցումը վառելիքի այլ աղբյուրների հանգեցրել է այս ընկերության վիճակի վատթարացմանը և շինությունների խարխլմանը[5]։ 1983 թվականին որոշվել է մասնակի քանդել և վերակառուցել այդ շրջանում գտնվող շենքերը՝ մասամբ կիսավերության և անհրաժեշտ արդիականացման պատճառով, բացի այդ, նույն շրջանում նախատեսվում էր կառուցել Հանշին արագընթաց մայրուղին[6]։ Սակայն այն ժամանակ գործող շինարարական կանոնները անհնարին էին դարձնում նույն տեղում շենք և ճանապարհ կառուցելը։ Մոտ 5 տարվա բանակցությունները հողի սեփականատերերի, Hanshin Expressway կորպորացիայի և քաղաքային կառավարության միջև հանգեցրին ընթացիկ ծրագրի իրականացմանը[7][8]։
Այդ իսկ պատճառով 1989 թվականին վերանայվեցին մայրուղիների շինարարության տեղական օրենքները, քաղաքների նախագծման մասին օրենքները, ինչպես նաև քաղաքը վերապլանավորելու և քաղաքաշինական օրենսգրքերը՝ ապահովելով այսպես կոչված Ռիտաի Դո-ռո Սեյդո (ճապ.՝ 立体道路制度) բազմամակարդակ ճանապարհային համակարգը, որը թույլ է տալիս շենքերը և ճանապարհային ցանցը միավորել մեկ տարածքում։ Այս համակարգն ի սկզբանե նախագծված էր Տոկիոյի Տորանոմոնո գործարար թաղամասի անմիջական մերձակայքում երկրորդ օղակաձև ավտոճանապարհի կառուցումը հեշտացնելու համար, բայց այնտեղ այդպես էլ չիրագործվեց[2]։ Փոխարենը համակարգը գործարկվեց Gate Tower Building-ի կառուցման ժամանակ, որը դարձավ Ճապոնիայում առաջին շենքը, որի միջով անցնում էր մայրուղի[2]։ Ճանապարհները նման դեպքերում սովորաբար կառուցվում են գետնի տակ, և շենքերի միջով նրանց անցնելը չափազանց հազվադեպ է։
Տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շենքը սկսել է կառուցվել մայրուղու կառուցումից հետո (բայց մինչև նրա միջով անցուղու կառուցումը)։ Ավտոճանապարհը շահագործման է հանձնվել 1983 թվականին, երկնաքերը՝ 1992 թվականի փետրվարին, իսկ շենքի միջով անցուղին բացվել է 1992 թվականի օգոստոսին[1]։
- Շենքում կիրառված են տեխնիկական հատուկ լուծումներ՝ այն աղմուկից և թրթռումներից պաշտպանելու համար[9]։
- Ճանապարհը շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերի վարձակալն է։
- Հանշին մայրուղու որոշ հատվածներ վնասվել են 1995 թվականի երկրաշարժից, սակայն Gate Tower Building-ը դրան բարեհաջող դիմացել է[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Шоссе сквозь здание». Японская культура. 2019 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Gate Tower Building in Osaka - Expressway through the Building». Qasim Shinwari (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Hackl, Martin; Witt, Marco; Bethke, Simon; Beils, Martina (2016 թ․ դեկտեմբերի 28). «Verkehrsplanung: Durch dieses Hochhaus führt eine Autobahn» [Transportation planning: An Expressway passes through this sky scraper]. Galileo Magazine (German). No. 397. ProSieben.
{{cite magazine}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Verkehrsplanung: Durch dieses Hochhaus führt eine Autobahn [Transportation planning: An Expressway passes through this sky scraper]. Galileo Lunch Break (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Gate Tower Building With a Highway Through it». www.amusingplanet.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «El Gate Tower Building de Osaka, o cuando las autopistas atraviesan edificios». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(Իսպաներեն)
- ↑ «Are these the most outrageous hotel designs ever?». News.com.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(անգլերեն)
- ↑ «10 Bizarre Buildings And Their Fascinating Histories». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(անգլերեն)
- ↑ «Трасса проходит через здание». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Неразрешимых проблем не бывает». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.