Action Cadienne
Action Cadienne (ֆրանսերենից բառացի թարգմանած՝ «գործողություն Քաջուն» - շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ հիմնված 1996 թվականի ապրիլ ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգում[1], որը շուրջ երկու հարյուր տարի եղել է ֆրանսիական տիրույթ՝ բնակեցված լինելով գերազանցապես ֆրանսախոսներով և 1682 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ռոբեր Կավալիե դը լա Սալի կաղմից այդպես է կոչվել ի պատիվ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14-րդի (1638-1715 թթ.): Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել Լուիզիանա նահանգի սահմաններում պահպանել, տարածել ու զարգացնել ֆրանսերենը, ֆրանկոֆոնիան և քաջունյան մշակույթը։
Մեջբերում կազմակերպության ծրագրից
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մենք խորապես համոզված ենք և հոգու ողջ ուժով հավատում ենք, որ մեր ինքնությունը, ինչպես և մեր հոգևոր ժառանգությունը հիմնավորապես կապված է ֆրանսերենի հետ, և մեր առաջնահերթ առաքելությունն է նպաստել այդ լեզվի տարածմանն ու զարգացմանը, հասնել նրան, որ օրենսդրորեն ճանաչվեն քաջուն ժողովրդի լեզվական իրավունքները։ Ֆրանսերենը եղել է և շարունակում է մնալ Լուիզիանայի մշակույթի ամենաէական տարրերից մեկը՝ հակառակ վերջին հիսուն տարիների ընթացքում նրա նկատմամբ գործադրված ճնշումների»։
Ֆրանսերենի խորացված ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Action Cadienne-ը եռանդուն կերպով առաջ է տանում պետականորեն ֆինանսավորվող ֆրանսերենի դասընթացների կազմակերպման գործը, հատկապես՝ Լուիզիանայի զգալի մասը կազմող Աքադիանայի թեմերում ու ծուխերում, որոնցում քաջունները թվային գերակշռություն ունեն։
"Ֆրանսերենի խորացված ուսուցումը միակ ճշմարիտ ու արդյունավետ միջոցն է։ Խորացված ուսուցման ծրագրերը ոչ միայն ներդրված գումարների արդյունավետ ծախսումն են ապահովում, այլև մեծապես նպաստում են ընդհանրապես ուսման որակի բարձրացմանը։ Ֆրանսերենը խորացված ուսումնասիրող աշակերտները հիմնական առարկաների քննությունները անգլերեն հանձնողների լավագույն 20 տոկոսի գերակշիռ մասն են կազմում։ Դրան պետք է հավելել այն օգուտները, որ ստացվում են քաջունյան մշակույթի և փոխկապակցմամբ՝ զբոսաշրջության զարգացման շնորհիվ։ Բավական է նշել, որ իր նախնիների լեզվով խոսող նոր սերունդը քաջուն ժողովրդի հույսն է և մի այնպիսի ռեսուրս, որը չի կորող անտեսվել Լուիզիանայի ողջ բնակչության կողմից",- նշված է Action Cadienne կազմակերպության գործունեության մասին հաշվետվություն պարունակող զեկուցագրերից մեկում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 219.