1792 թվականի հունիսի 20-ի ցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի բնակչությունը ներխուժում է Թյուիլրի պալատ 1792 թվականի հունիսի 20-ին, Պիեռ Գաբրիել Բերտո, շուրջ 1800, Ֆրանսիայի ազգային գրադարան

1792 թվականի հունիսի 20-ի ցույց, ժողովրդական ցույց՝ կազմակերպված ժիրոնդիստների կողմից Փարիզում գնդակ խաղալու սրահում տրված երդման երրորդ տարեդարձի օրը։ Ցույցի ընթացքում Փարիզի բնակչությունը բռնի կերպով ներխուժել է Թյուիլրի պալատ։ Ցույցի արդյունքը եղել է հակասությունների սրումը հեղափոխականների ու միապետականների միջև, որն ի վերջո հանգեցրել է օգոստոսի 10-ին թգավորի տապալմանը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի հունիսի 20-ի ցույցը, Ապստամբների ու Լյուդովիկոս XVI-ի դիմակայությունը, Bouillon et Vérité, 1796

1792 թվականի ապրիլին Օրենսդիր ժողովի՝ Բոհեմիայի ու Հունգարիայի թագավորին պատերազմ հայտարարելուց հետո Փարիզում ձևավորվել է վախի մթնոլորտ, որն ուժեղանում էր բանակի անգործությամբ և ազնվականների՝ գեներալների ու սպաների հանդեպ տածվող կասկածներով։ Այդ իրավիճակում հունիսի 13-ին Լյուդովիկոս XVI-ի կողմից ժիրոդիստ նախարարներ Ժոզեֆ Սերվան դե Ժերբեին, Ժան Մարի Ռոլան դե Լա Պլատերին և Էտիեն Կլավերին պաշտոնից ազատելը, ինչպես նաև այն, որ նա հրաժարվել է վավերացնել Օրենսդիր ժողովի որոշումները վանականների անձեռնմխելիության ու ֆեդերատների հրավիրման մասին, և վերջապես նրա կողմից ֆելյանների նախարարության ստեղծումը կանխագուշակել են բախում հեղափոխության կողմնակիցների ու հակառակորդների միջև[1]։

Հունիսի 16-ին Ժիլբեր Լաֆայետը նամակ է գրել Օրենսդիր ժողովին՝ մերկացնելով անարխիան, որը, ըստ իր խոսքերը, պաշտպանվում էր յակոբինների կողմից.

...ֆրանսիական սահմանադրությանն սպառնում են նույնքան ներքին խռովարարները, որքան արտաքին թշնամիները։

Միապետական կամ ֆելյանական հեղաշրջման սպառնալիքի պայմաններում ժիրոնդիստները ձգտել են հենվել ժողովրդական շարժման վրա, որը կենտրոնացած էր փարիզյան սեկցիաներում՝ միաժամանակ օգտվելով Փարիզի կոմունայի ղեկավար Ժերոմ Պետիոն դը Վիլնյովի աջակցությունից և հաշվի չառնելով Ռոբեսպիեռի ու դեմոկրատական շարժման մյուս ակտիվ մասնակիցների առարկությունները, որոնք այդ նախաձեռնությունը համարում էին վաղաժամ[3]։

Հունիսի 20-ի դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովուրդը փռյուգիական գլխարկ կրող Լյուդովիկոս XVI-ի դիմաց, Le Jeune & Couché fils, 1792

Որպեսզի շփոթեցնեն հակահեղափոխականներին և թագավորին ստիպեն հետ կանչել իր նախարարներին և հանել վետոները որոշումների վրայից[1], Փարիզի սեկցիաների ակտիվիստները որոշել են Գնդակ խաղալու սրահի երդման երրորդ տարեդարձի օրն անցկացնել զինված ցույց և հանրագրեր ներկայացնել Օրենսդիր ժողովին ու թագավորին[3]։ Փարիզի կոմունան Պետիոնի գլխավորությամբ ցուցարարներին արգելել է զենք կրել, բայց չի արգելել երթը։ 1792 թվականի հունիսի 20-ին արվարձանների 10-20 (ըստ Պիեռ Լուի Ռեդերերի) հազար բնակիչներ իրենց առաջնորդների հետ, ինչպիսիք էին գարեջրագործ Անտուան Ժոզեֆ Սանտերը, բորսայական միջնորդ Շառլ Ալեքսիս Ալեքսանդրը և մանուֆակտուրաների նախկին տեսուչ Կլաուդիուշ Ֆրանցիշեկ Լազովսկին, շարժվել են Սեն Անտուան և Սեն Մարսո արվարձաններից դեպի Կրկեսի շենքը, որտեղ նիստ էր անցկացնում Օրենսդիր ժողովը։ Պետիոնն ազգային գվարդիայի զինված ջոկատների հրամայել է ուղեկցել երթը, սակայն գվարդիականները խառնվել են ցույցի մասնակիցների հետ[4]։

Հասնելով Կրկեսի շենքի մոտ՝ ցուցարարները մտել են շենք, իսկ նախկին մաքսային հավաքորդ Սյուլպիս Յուգանենը կարդացել է հանրագիրը, որում ներկայացվել են դժգոհություններ բանակի անգործությունից և գործադիր իշխանությունից և թագավորից պահանջել կատարել իր պարտականությունները։ Ապա ամբոխը շրջապատել է Թյուիլրին։ Ազգային գվարդիայի գումարտակները, որ պաշտպանում էին պալատը, հետ են քաշվել, իսկ ներքին պահապանները փախել են։ Ժողովուրդը ներխուժել է պալատ և Կլոր պատուհանների դահլիճում բախվել թագավորի հետ, որ շրջապատված էր պալատականներով։ Ըստ Միշել Վովելի՝ «իրեն հատուկ ոչ գործունյա արիությամբ» թագավորը երկու ժամվա ընթացքում[1] անշշունջ տարել է ամբոխի «շարաերթը», համաձայնել է կրել փռյուգիական գլխարկ և խմել ազգի առողջության համար, որպեսզի ընդհատի Լուի Լեժանդրին, որն ասում էր. «Մսյո, դուք դավաճան եք, դուք մշտապես մեզ խաբում եք, դուք մեզ նորից կխաբեք», սակայն հրաժարվել է հետ կանչել իր վետոն և վերականգնել ժիրոնդիստական նախարարների պաշտոնները[3]՝ որպես հիմք ներկայացնելով օրենքն ու սահմանադրությունը։ Երեկոյան մոտ ժամը վեցին Պետիոնը և մունիցիպալ պաշտոնյաները հասել են նրան, որ ամբոխը հեռացել է պալատից[1][5]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փռյուգիական գլխարկով Լյուդովիկոս XVI-ը, որ խմում է ազգի առողջության համար (ծաղրանկար), անանուն հեղինակ, 1792

Չնայած նրան, որ Լյուդովիկոս XVI-ը կրել է ստորացում, ցուցարարը ոչնչի չեն հասել նրա համառության և հանգստության պատճառով։ Այդ դեպքից հետո նա դարձել է առանձնապես զգույշ։ Ցույցն ուժեղացրել է միապետական ընդդիմությունը, քանի որ ամբոխի վայրագությունն ու թագավորի քաջությունը հասարակական կարծիքը շրջել են հօգուտ նրա։ Դեպարտամենտներից Փարիզ են ժամանել դիմումներ ու հանրագրեր, որոնք քննադատել են ցույցը։ Բազմաթիվ ակումբներ նույնպես ուղարկել են հանրագրեր, որոնք թշնամական բովանդակություն են ունեցել թագավորի հանդեպ։ Պետիոնը հեռացվել է Փարիզի քաղաքագլխի պաշտոնից[1]։

Լաֆայետը թողել է բանակն ու հայտնվել Օրենսդիր ժողովում, որ պահանջի միջոցներ ձեռնարկել յակոբինների դեմ։ Թեև ձախերին չի հաջողվել հասնել նրան, որ Լաֆայետը պատժվի անկազմակերպվածություն ցուցաբերելու համար, գեներալը չի կարողացել աջակցություն ստանալ ոչ թագավորական արքունիքի կողմից, որը նրան չէր վստահում, ոչ էլ բուրժուական թաղամասերից եկող ազգային գվարդիայի կողմից։ Այդ ժամանակ նա թագավորին առաջարկել է իր պաշտպանությամբ տեղափոխվել Կոմպյենյե, որտեղ Լաֆայետը հավաքել էր իր զորքերը, սակայն թագավորը մերժել է[3]։

Ժիրոնդիստներն անվճռականության են մատնվել ցույցի անհաջողությունից հետո, և նրանց առաջնորդները տատանվել են հուլիսի սկզբին թագավորական դավաճանության մերկացման և թագավորի հետ հարաբերությունները լավացնելու գայթակղության միջև։ Միևնույն ժամանակ ֆելյանները վարկաբեկվել են Լաֆայետին պատժելուց հրաժարվելու պատճառով։ Իրենց կապելով Լյուդովիկոս XVI-ի հետ, որը ձգտում էր չվանել նրանց, ֆելյանները հանդես են եկել կասկածների, որոնք առաջադրվել է ընդդեմ թագավորի, ինչպես նաև նրան իշխանությունից հեռացնելու առաջարկների դեմ՝ դրանով իսկ իրենց զրկելով ժողովրդի աջակցությունից[3]։

Լյուդովիկոս XVI-ն շարունակել է հուսալ, որ հասարակական կարծիքը կթեքվի իր կողմը, ինչպես նաև սպասել պրուսական բանակի ժամանելուն։ Սակայն պարզ է եղել, որ հունիսի 20-ի ցույցը կունենա ավելի ուժեղ շարունակություն։ Ժակ Նիկոլա Բիյո Վարենը Յակոբինյան ակումբում կազմել է հաջորդ ապստամբության ծրագիրը՝ թագավորի տապալում, բանակի մաքրում, Ազգային կոնվենտի ընտրություն, թագավորական վետոյի իրավունքի փոխանցում ժողովրդին, ժողովրդի բոլոր թշնամիների արտաքսում և հարկերից ազատում ամենաաղքատներին։ Այդ ծրագիրը գրեթե առանց փոփոխությունների կրկնվել է Ռոբեսպիեռի կազմած ծրագրում և ներկայացվել Օրենսդիր ժողովում։ Մնացել է այն հարցը, թե ինչպես պետք է իրականացվեր այդ ծրագիրը[6]։

Հարցի պատասխանը տրվել է 1792 թվականի օգոստոսի 10-ին Թյուիլրիի գրոհով ու միապետության անկմամբ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Monnier R Juin 1792 (Journée du 20) // Dictionnaire historique de la Révolution française / Albert Soboul (dir.). — P.: Quadrige, 2006. — P. 608. — 1132 p. — ISBN 2-13053-605-0
  2. Soboul, 1984, էջ 240
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vovelle, 1999, էջեր 286—288
  4. Ревуненков, 1982, էջ 171
  5. Ревуненков, 1982, էջ 171—172
  6. Thompson, 1959, էջ 281
  7. Ballard, 2012, էջ 104

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ревуненков В. Г. Очерки по истории Великой французской революции : Падение монархии. 1789—1792. — Л. : Издательство Ленинградского университета, 1982. — С. 169—173. — 240 с. — 13 858 экз.
  • Ballard R. A New Dictionary of the French Revolution : [անգլ.]. — L. : I.B. Tauris, 2012. — P. 103—104. — 422 p. — ISBN 1-848-85465-X. — ISBN 978-1-848-85465-9.
  • Soboul A. La Révolution française : [ֆր.]. — P. : Gallimard, 1984. — P. 240. — 608 p. — ISBN 2-07070-106-9. — ISBN 978-2-07070-106-3.
  • Thompson J. M. The French Revolution : [անգլ.]. — Oxf. : Basil Blackwell, 1959. — P. 281. — 544 p. — OCLC 633969101.
  • Vovelle M.[fr]. La chute de la monarchie, 1787-1792 : Nouvelle Histoire de la France contemporaine : [ֆր.]. — P. : Le Seuil, 1999. — Т. I. — P. 286—288. — 320 p. — ISBN 2-02037-519-2. — ISBN 978-2-02037-519-1.