Օրանջիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրանջիա
Ժանրպատմվածք
Ձևարձակ
Բնագիր լեզուարևելահայերեն
Գրվել է1926
Կերպարներ

Մանաս,

Դավոյենց Առաքել
Հայերեն հրատ.1926 թվականի մայիսի 20-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում
ՇարքՄթնաձոր
ՎիքիդարանՕրանջիա

Օրանջիա, հայ գրող Ակսել Բակունցի պատմվածքներից է։ «Օրանջիա» ստեղծագործությունն այն տասնութ պատմվածքներից մեկն է, որը ընդգրկված է «Մթնաձորը» ժողովածուի (1927) մեջ։«Օրանջիա» պատմվածքը աշխատավոր հայ գյուղացու ողբերգության մի պատկեր է[1]։

Պատմվածքի վերնագրի պարզաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրանջիա անունը ենթադրում են, որ ռուսերենից փոխառված ֆրանսերեն orangerie (ռուս․՝ оранжерея) բառի ձևափոխված տարբերակն է, որը նշանակում է ջերմոց, բույսերի և ծաղիկների աճեցման ջերմատուն։ Պատմվածքում նկարագրված Օրանջիա ձորակը հիշեցնում է բնական ջերմոց[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրանջիա» պատմվածքում Ակսել Բակունցը պատկերում է Օրանջիա անունով ձորակում ապրող մարդկանց կյանքից մի դրվագ։ Ձորակն աչքի է ընկնում գեղեցիկ, բայցև վայրենի դարձած բնությամբ, որտեղ «ամեն գարանան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ»։ Պատմվածքը հեղինակի կողմից ներկայացվում է վերհուշի միջոցով՝ իբրև մի հին պատմություն, երբ «շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային․․․․վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում»։ Տեղեկանում ենք, որ Մանաս անունով մի գյուղացի որոշում է տուն կառուցել Օրանջիայի ձորակում, սակայն ընտանիքը չի հասցնում վայելել նորակառույց տունը։ Դավոյենց Առաքելը՝ գյուղի չարիքներից մեկը, մտքում դրել էր ձորակում ամարաթ կառուցել։ Գյուղացիները, իմանալով Դավոյենց Առաքելի մտադրությունը, Մանասին հորդորում են հեռանալ գյուղից կամ դադարեցնել խրճիթի կառուցման աշխատանքները, քանի որ Դավոյենց Առաքելը կապ ունի «ջանդարմների», պրիստավի, մեծամեծ չինովնիկների հետ։ Առաքելն ամեն ջանք գործադրում է՝ Մանասին կանգնեցնելու համար, սակայն Մանասն իր հողում տուն կառուցելու իրավունք ուներ։ Առաքելը, չկարողանալով իրագործել իր չար մտադրությունը, այնուամենայնիվ, որոշում է վնասել Մանասին, որպեսզի վերջինս չկարողանա վայելել իր տունը։ Ամեն ինչ ավելի վատթար է դառնում, երբ գյուղի տանուտերն է դառնում Առաքելը, որ ամեն միջոց գործադրում է Մանասի ընտանիքը կործանելու համար։ Մի գիշեր լսվում են կրակոցի ձայներ, այրվում է Օրանջիայի ձորակը և Մանասի տունը։ Երբ լուսադեմին կրակը հանդարտվում է, մահացած են գտնում Մանասի կնոջը, երեխային և այն կազակին, որին Առաքելը պատվերներ էր տվել։ Կազակը, որ Մանասի ընտանիքը փորձել էր պղծել, սպանվել էր, սակայն ո՞ւմ կողմից՝ ստեղծագործության մեջ հստակորեն չի նշվում։ Կյանքի կողմից արդեն իսկ մեծ հարված ստացած Մանասին Առաքելը դարձյալ հանգիստ չի տալիս․ նրան մեղավոր են ճանաչում կազակի սպանության մեջ, թեև Մանասը պնդում էր, որ ինքն անմեղ է։ Սակայն իշխանությունը և իրավունքը ուժեղի՝ Առաքելի ձեռքում էր, և խեղճ Մանասին մեղադրյալ համարելով՝ աքսորում են հեռավոր տունդրաները։ Թե հետո ի՞նչ է լինում Մանասի հետ, հեղինակը չի նշում, սակայն, ըստ երևույթին, նա այլևս չի վերադառնում իր հայրենի բնաշխարհ և օջախ, որովհետև օջախի ավերակները մնում են գետնատարած, ու ամեն գարնան ծաղկում են վարդեր՝ դեղին, սպիտակ՝ խորհրդանշելով կյանքի գեղեցկությունն ու դժվարությունը, մահվան՝ անխուսափելիությունը[3]։ Սա պատմվածքի վերջնամասն է, որը ենթադրում է, որ ոչինչ չփոխվեց․ մնաց իրականության նույն արտաքին կողմը, ինչ որ եղել էր։ Այստեղ էլ զոհ դարձավ մի մարդ, ով կոչված էր իր խաղաղ անուրջներով հակադրվելու իրականության կոպիտ ուժերին։ Պատմվածքի վերջնամասում նորից հոլովվող ծաղկող մասրենիների լիրիկական պատկերը երկակի իմաստ ունի։ Գեղեցկության այն պատկերն է, որ Մանասին կանչում է դեպի գեղեցիկ կյանք և միաժամանակ այն ուժն է, որի «հմայքից» խորտակվում է Մանասի երազանքը։ Ծաղկող մասրենիներն իրենց «թախծոտ» տրամադրությամբ խոսում են ամեն մի երազանքի անիմաստության մասին՝ մի աշխարհում, որտեղ հնարավոր չէ մարդավայել ու արդար ապրելը։ «Օրանջրա» պատմվածքում բախումը սրվում է օջախի, համայնքի, եզերքի ու դրսի կենսաձևերի միջև։ Այս բախումներում եզերքը կրում է բարոյական և սոցիալական կորուստներ, մահն ու եղծումն իբրև ողբերգություն կրում է անհատական բնույթ[4]։

«Օրանջիան» իր այս ճշմարտությամբ արձագանքում է «Մթնաձորը» ժողովածուի ներքին թեմային․ գեղեցիկ բնությունը՝ կանաչով պատած ձորակը, ձորակում բարձրացած մասրենիները, հեռվում երևացող պարզ երկինքը, գյուղական մթնշաղը մի բան են խոստանում, իրական կյանքը՝ մի ուրիշ բան։ Բակունցյան խոր, փիլիսոփայական իմաստ ուեն բնականի և ոչ բնականի հակադրությունները, որ պատմվածքում ներկայացվում է Մանասի՝ գեղեցիկի երազանքները կրողի ու Դավոյենց Առաքելի՝ գեղեցիկը խորտակողի հակադրության ձևով։ «Օրանջիան» նույնպես մի բնորոշ օրինակ է այն բանի, թե ինչպես էր Բակունցը պատկերացնում մթնաձորյան «հովվերգական» ճշմարտությունը։ Իհարկե, ոչ այն ձևով, ինչպես նրան կարդում էին հեռադիտակի հակառակ կողմից նայող քննադատները[1]։

Հավելյալ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բակունցն անդրադառնում է Մթնաձորի բնակիչների սոցիալական թշվառության պատկերներին։ Այս առումով առանձին շարք են կազմում «Մթնաձոր», «Օրանջիա», «Տիգրանուհին», «Խաղլացավ», «Այու սարի լանջին», «Հանավանք» կենցաղանկարները, հայ գյուղացու ողբերգական կյանքի մեկը մեկից ցնցող պատումները։ Օրանջիան այն ձորակի անունն է, ուր գյուղացի Մանասը որոշում է կառուցել իր տունը։ Գյուղի բնանկարի երևի թե ամենագեղեցիկ հատվածն է «Ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղի՜ն, սպիտա՜կ», ուստի և Մանասի դեմ է հասնում տանուտեր Դավոյենց Առաքելին։ Մինչ Մանասն ապրում է իր բանաստեղծական անուրջների հետ, Առաքելը հրդեհում է Մանասի տունը և նրան վերագրելով կազակ զիվորի սպանությունը, աքսորել է տալիս «հեռավոր տունդրաները»։ Ինչպես պատմվածքի սկզբնամասում, վերջնամասում ևս հանդես են գալիս ծաղկած մասրենիները։ Այս «հղման» ներքին իմաստն այն է, որ բնությունն իր գեղեցկությամբ կործանում է նրանով հմայված ազնիվ հոգիներին։ Բանն այն էր, որ գեղեցիկ բնությունը՝ կանաչով պատած ձորակը, ձորակում ծաղկած մասրենիները, պարզ երկինքը, գյուղական մթնշաղը մի քանի բան են խոստանում, իրական կյանքը՝ մի ուրիշ բան[3]։ Մանասը, որ իր խեղճության հետ համարձակության նման մի քանի բան էլ ունի, ավելի ճիշտ՝ համառություն, պատվախնդությունը, որը և նրա կործանման մի պատճառն է դառնում[5]։

Հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրանջիա» պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է 1926 թվականի մայիսի 20-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ 1927 թվականին տպագրվել է «Մթնաձորում»։ Կրճատումներով տեղ է գտել մի շարք դասագրքերի մեջ («Կարմիր արև», 5-րդ տարի, Երևան, 1929, «Կոլեկտիվ ուղի․ հայերերն աշխատանքի քրիստոմատիա», Երևան 1929 «Կոլեկտիվ ուղի», Երևան, 1930, 1931, «Սոցշինարար», Երևան, 1932 և այլն)։ Այնուհետև տպագրվել է հեղինակի երկերի 1955 թվականի հրատարակչության մեջ, 1959 թվականի «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (N 8), 1964 թվականին՝ Երկերի առաջին հատորում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սուրեն Աղաբաբյան (1971). Ակսել Բակունց. Երևան: Հայաստան. էջ 50.
  2. 2,0 2,1 Ակսել Բակունց (1976). Երկեր, չորս հատորով, հատոր առաջին. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. էջ 635.
  3. 3,0 3,1 Ակսել Բակունց (1986). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջ 97.
  4. Սերգեյ Աթաբեկյան (2000). Ակսել Բակունց․ խոսքի ու․․․լռության պոեզիան. Երևան. էջ 400.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Ռ․Իշխանյան (1960). Ակսել Բակունց, Կենսագրություն և մատենագիտություն. Երևան: Հայկական ՍՍՌ. էջ 162.