Քրոմոպլաստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրոմոպլաստներ (քրոմա․․․ և πλαςτός- կերտված, ձևավորված), բուսական բջիջների գունավորված ներբջջային օրգանելներ, պլաստիդների տիպ։ Լինում են գնդաձև, իլիկաձև, մանգաղաձև և անկանոն բազմանկյունաձև։ Գունավորումը (նարնջագույն, դեղին կամ գորշ) կախված է հիմնականում կարոտինոիդների առկայությունից։ Քրոմոպլաստները սովորաբար առաջանում են քլորոպլաստներից, դրանցում կանաչ պիգմենտների՝ քլորոֆիլների քայքայման հետևանքով։ Քլորոպլաստների սպիտակուցա–լիպիդային թաղանթների համակարգը ճեղքվում է, սպիտակուցային բաղադրամասն անջատվում, արտահոսում է պլաստիդներից, իսկ լիպիդայինը մնում է ներսում։ Կարոտինոիդները լուծվում են լիպիդի մեջ և պլաստիդները ներկում նարնջագույն ու դեղին։ Երբեմն քրոմոպլաստները առաջանում են անգույն պլաստիդներից՝ լեյկոպլաստներից (օրինակ, գազարի արմատապտուղներում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 498