Քրիստոնեական խորհրդապաշտություն
Խորհրդապաշտությունը, կամ միստիցիզմը, կրոնական արարողությունների և յուրահատուկ տեսությունների, հոգեբանաֆիզիկական վարժությունների համակարգ է, կրոնափիլիսոփայական աշխարհայացք, որն ընդունում է արարվածի՝ ամենից հաճախ մարդու՝ Բացարձակին՝ Արարչին, Գերբնականին, Աստծուն հասնելու կամ հաղորդակցվելու հնարավորությունը՝ գերզգայական ճանապարհով։ Մտահայեցման օբյեկտին հաղորդվելը հիմնականում տեղի է ունենում տարածական, ժամանակային և ֆիզիկական չափորոշիչներից ու պայմաններից դուրս գալու միջոցով։ Որպես արդյունք՝ հաստատվում է բնազանցական, խորհրդավոր կապ, որը հետապնդում է մտասևեռման օբյեկտի ճանաչումն ու միավորումը նրա հետ։
Խորհրդապշտությունը առկա է գրեթե բոլոր կրոնական համակարգերում՝ սկսած նախնական հավատալիքներից (ֆետիշիզմ, շամանիզմ) մինչև համաշխարհային կրոնները՝ ընդգրկելով Հին աշխարհի դիցապաշտական կրոնները։
Քրիստոնեական խորհրդապաշտություն (միստիցիզմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական միստիցիզմը. ծագել է վաղքրիստոնեական համայնքներում և նորացվել ու հարստացվել քրիստոնեական վարդապետության ձևավորմանը զուգընթաց։ Այն ևս կրել է Ընդհանրական Եկեղեցու պառակտումների ազդեցությունը, ուստի ընդունված է առանձնացնել հիմնականում վաղ քրիստոնեական, Ուղղափառ կամ Արևելյան, Կաթոլիկ կամ Արևմտյան և Բողոքական միստիկաները։ Միստիցիզմը քրիստոնեության օրգանական տարրն է, չնայած քրիստոնեության մեջ հաճախ միստիցիզմը առանձնացնում են աստվածաբանությունից, նույնիսկ հակադրում՝ ընդգծելով միստիցիզմի մեջ առկա գաղտնիքը, թաքնվածն ու անճանաչելին։ Սակայն խորհուրդը առհասարակ աստվածաբանության հիմքն է, աստվածաբանությունը և խորհրդապաշտությունը փոխկապակցված են և լրացնում են միմյանց, ավելին՝ դրանք անբաժանելի են։
Քրիստոնեական խորհրդապաշտության ակունքները առկա են Աստվածաշնչում. թե Հին, թե Նոր Կտակարանները պարունակում են բազմաթիվ խորհրդապաշտական գծեր։
Ուղղությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական միստիկան ընդունված է բաժանել 2 ուղղությունների՝
- վերացարկված-մտահայեցողական
- բարոյագործնական
Վերացարկված-մտահայեցողական միստիցիզմի հիմքը Դիոնիսիոս Արիոպագացու ապոֆատիկ միստիցիզմն է, իսկ բարոյագործնական միստիցիզմը բնորոշ է անապատական մենակյացներին, որի մասին պատկերացում կարելի է կազմել Եվագր Պոնտացու, Մակար Եգիպտացու, Ֆրանչիսկոս Ասսիզացու, Սիմեոն Նոր Աստվածաբանի զրույցներից, իսկ հայ իրականության մեջ՝ Անանիա Նարեկացու և Գրիգոր Նարեկացու գործերից։ Վերացարկված-մտահայեցողական ուղղությունը մարդու աստվածացումը տեսնում է աստվածության հետ միություն կազմելու մեջ, որի համար անհրաժեշտ է հոգու պարզեցում՝ հապլոսիս։ Դիոսնիսիոս Արիոպագացու համակարգում աստվածացումը կազմված է 3 փուլից՝ կաթարսիս կամ մաքրագործում, ֆոտիսմոս կամ պայծառացում և տելեոսիս` կատարելագործում։ Կաթարսիսը մարդու բարոյական մաքրագործումն է` պատվիրանները կատարելով, Աստծուն նվիրվելով ու սիրելով, մեղքերից խուսափելով։ Ֆոտիսմոսը մարդկային հոգու լուսավորումն է աստվածային լույսով, որը մտահայեցման վերին սահմանն է։ Իսկ տելեոսիսը միստիկ իմացության բարձրագույն աստիճանն է՝ աստվածային գաղտնիքներին ու խորհուրդներին հաղորդ լինելը։
Եթե մտահայեցողական միստիցիզմը կենտրոնացած է մետաֆիզիկական բանաձևումների և ընկալումների վրա, ապա բարոյագործնական միստիցիզմի դեպքում միանգամայն այլ պատկերն է ստացվում։ Այս հոսանքի ամենահայտնի ներկայացուցիչներն են անապատական-ճգնակյացները, ովքեր աստվածտեսության նախապայման են համարում քրիստոնեական սերը, որից էլ բխում է նրանց խստակյաց առօրյան։ Զեղչված են մետաֆիզիկական ընկալումները, փոխարենը առկա է ներքին փորձը։ Այս ուղղության մեջ աստվածտեսությունը մի տեսակ ինքնաբերաբար է կատարվում, բայց, իհարկե, ճգնակեցական կանոնների պահպանմամբ՝ աղոթքով, բարեգործությամբ, չար ուժերի դեմ մարտնչելով, պատվիրանների կատարմամբ։ Բարոյագործնական միստիկայում կաթարսիսը փոխարինվում է պրաքսիսով՝ ճգնակեցությամբ, իսկ ֆոտիսմոսը դիտվում է որպես Քրիստոսի ներկայություն անձի մեջ։
Երբեմն այս երկու ուղղությունների կողքին առանձնացնում են նաև երրորդը, որը միջանկյալ տեղ է զբաղեցնում և հանդիսանում է վերը բերված ուղղությունները միավորողը՝ ձգտելով համադրել տեսականն ու գործնականը։ Այդ ուղղության ներկայացուցիչներից էին կապադովկյան հայրերը, Իսահակ Ասորին, ավելի ուշ՝ Մաքսիմոս Խոստովանողը։
Միստիկ ավանդույթը քրիստոնյա Արևելքում և Արևմուտքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական միստիկան ունի նաև Արևելյան և Արևմտյան դիմագիծ։ 1054 թ. քաղկեդոնական եկեղեցու պառակտումը դրոշմ թողեց աստվածաբանության հետագա զարգացման վրա։ Սկսած այդ պառակտումից Արևմտյան-Կաթոլիկ և Արևելյան-Ուղղափառ եկեղեցիների ճամփաներն ուրվագծվեցին ինքնուրույն։ Արևմտյան միստիկ ուղղությունների սզբնաղբյուրներն էին Դիոնիսիոս Արիոպագացու, Օգոստինոս Երանելու ավանդած գործերը։ Արիոպագացու մտահայեցողությունը կաթոլիկյան ուսմունքին հարմարեցրեց Հովհան Սկոտ Էրիուգենը, իսկ Օգոստինոս Երանելու ուսմունքին ավարտուն միստիկ ուղղվածություն հաղորդեցին 12-րդ դ. Բեռնարդ Կլերվոցին ու նրա հետևորդները, օգոստինական Սեն-Վիկտորյան դպրոցի աստվածաբանները, հատկապես մեծ ներդրում ունեցավ այս գործում Ջովաննի Բոնավենտուրան։ Կաթլիկյան խոշոր միստիկ ավանդույթներով հայտնի են նաև ֆրանցիսկյան և դոմինիկյան միաբանությունները։ Օգոստինականության և նորպլատոնականության միակցում էր Թովմա Գեմբացու միստիցիզմը։ Հետագայում Վերածնունդն ու Ռեֆորմացիան ներազդեցին նաև կաթոլիկյան միստիցիզմի վրա, այն սկսեց կրել ավելի շուտ բարոյագործնական ուղղվածություն։ Գործնական միստիցիզմի կաթոլիկ աստվածաբաններից էին Թերեզա Ավիլացին, ճիզվիտներ Խուան դե լա Կրուսը, Իգնատիոս Լոյոլան և այլք։ Կաթոլիկյան աստվածաբանության մեջ չկա այնպիսի բնագավառ, որտեղ զեղչված լինի Օգոստինոսի՝ մեղքի մասին վարդապետությունը, մարդու կամքի մասին շնորհի միջոցով արդարացվելու ուսմունքները։
Մինչ 9-րդ դ. Արևմտյան եկեղեցին հաստատել էր ակնառու զգուշավորություն խորհրդապաշտության հանդեպ՝ գտնելով, որ միստիկայի ներկայությունը լավագույնս չի անդրադառնա Կաթոլիկ եկեղեցու արժեհամակարգի վրա։ Սակայն արդեն 9-12-րդ դդ. միստիցիզմի նկատմամբ տրամադրվածությունը փոխվեց։
Արևմտյան միստիկան ուներ Արևելյանից տարբեր վարդապետական սկզբունքներ, որոնք հիմնարար նշանակություն ունեին միստիկ սահմանումների համար։ Սակայն Արևելյան և Արևմտյան խորհրդապաշտության ճամփաբաժանը վերջնականորեն հաստատվում է աստվածտեսության հարցում, երբ 14-րդ դ. բուռն քննարկումներ էին ծավալվում աստվածճանաչողության հնարավոր լինել-չլինելու խնդրի շուրջ։ Արևելյան միստիկան իրեն բնորոշ գծերով ի հայտ եկավ այս աստվածաբանական քննարկումների արդյունքում՝ 1341 թ., 1351 թ., 1368 թ. Կ. Պոլսի ժողովներում։ Բոլոր երեք ժողովների ընթացքում սահմանվեց, որ Աստծո էությունը բացարձակապես անճանաչելի է արարածերի համար, այն ճանաչողության օբյեկտ չի կարող լինել անգամ երանության մեջ գտնվող մարդկանց և ոչ էլ՝ հրեշտակների համար։ Մարդկանց համար աստվածճանաչողությունը հնարավոր է լինում միայն աստվածային անստեղծ ու աստվածացմանը տանող էներգիաների շնորհիվ. աստվածային էությունը անհասանելի է արարածների համար։
Միանգամայն այլ դիրքորոշում էր տիրում Արևմուտքում։ Վերը նշված ժողովների հրավիրման պատճառը իսիխաստ-աստվածաբան Գրիգոր Պալամասի և կալաբրացի վանական Բաղաամ Կալաբրացու աստվածաբանական վեճն էր։ Խոսքը վերաբերում է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպության լույսի բնույթին։ Բաղաամը գտնում էր, որ այդ լույսը նյութական ֆենոմեն էր՝ ոչ ավելին, և քանի որ իսիխաստները պնդում էին, որ իրենց էքստատիկ տեսլիքներում նրանք տեսնում էին միևնույն այդ լույսը, ապա Բաղաամը նրանց աստվածտեսության ու աստվածճանաչողության աստվածային ճշմարիտ հիմքը կասկածի տակ էր դնում։ Գր. Պալամասը պնդում էր, որ այդ լույսը ոչ նյութական է, ոչ էլ՝ հոգևոր, այլ՝ աստվածային և անստեղծ։ Չնայած Կալաբրացու աստվածաբանությունը նզովվեց ժողովների ընթացքում, Արևմուտքում իրավիճակը մնաց անփոփոխ և մինչև օրս էլ առկախ է մնում Կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը Պալամասի աստվածաբանության հանդեպ։ Կաթոլիկները մշակեցին visio beata-ի մասին տեսությունը, որի համաձայն հնարավոր է համարվում երանության մեջ գտնվողների՝ աստվածային էության հայումը՝ մինչ Քրիստոսի Երկրորդ Գալուստն ու վերջնական երանության հաստատումը։ Ամեն դեպքում Արևելյան և Արևմտյան միստիկաները հավասարապես քրիստոնեական միստիկաներ են, Կաթոլիկ միստիկան ավելի քրիստոսակենտրոն է, ավելի մարդակենտրոն, իսկ Ուղղափառ միստիկան շեշտը դնում է ճգնակեցական սխրանքի վրա։ Յուրաքանչյուրն էլ ունեն աշխարհայացքային ինքնուրույնություն, բայց ունեն մեկ ու միակ նպատակ՝ աստվածացումը՝ այն, ինչ վերագտել է մարդը Քրիստոսի շնորհիվ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бердяев Н. А. Диалектика божественного и человеческого. М., 2003.
- Бердяев Н. А. Философия свободы. М., 1989.
- История религии (под. общ. ред. Яблокова И. Н.), Т. 2, М., 2002.
- Лосский В. Н. Богоизбранность. М., 2006.
- Мистика. Религия. Наука (под ред. Красникова А. Н.), М., 1991.
- Ситников А. В. Философия Плотина и традиция христианской патристики. СПб., 2001.
- Христианство (энциклопедический словарь в 2-х томах), М., 1993,1995.
- Encyclopedia of Religion and Ethics (1961), edited by James Hastings, Vol. 9, New York.