Քերովբե Ջեզվեջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերովբե Ջեզվեջյան
Ծնվել է1883
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է12 փետրվարի, 1942
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Քերովբե Ջեզվեջյան (1883, Կ. Պոլիս-12 փետրվարի, 1942, Կ. Պոլիս), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականին Կ. Պոլսի Մաքրիգյուղ թաղամասում։ Ավարտել է Կ. Պոլսի Կումկափու թաղամասի Պեզճյան դպրոցը, այնուհետև Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Եղել է կանանց և մանկական հիվանդությունների բժիշկ։ 1909 թվականին Կիլիկիայի Ադանա քաղաքում բժիշկ է աշխատել։

1909 թվականի մարտի 28-ին՝ Ադանայում հրահրված հայկական կոտորածների նախօրյակին, թուրք սադրիչները քաղաքի Սաաթխանեի(ժամացույցի) հրապարակի մոտակայքում սպանել են Լութֆիկ անունով մի կեսարացի հայի, որի թլպատված լինելու մասին նախապես իմացել էին։ Ոճրագործությունից հետո թուրքերը քաղաքով մեկ լուր են տարածել, թե հայերը դարձյալ «իս­լամ» են սպանել։ Սակայն սպանվածին ճանաչող մի քանի թուրքեր կասկած են հայտնել, թե սպանվածը կարող է և հայ լինել։ Կառավարությունում ստիպված որոշել են դիակը բժշկական քննության ենթարկել և կանչել են բժիշկ Քերովբե Ջեզվեջյանին։ Բժիշկը դիազննումից հետո համարձակություն է ունեցել հայտարարելու, որ սպանվածը հայ է՝ ատաղձագործ Լութֆիկը, որին ինքը մի քանի օր առաջ վիրաբուժական գործողության էր ենթարկել, միաժամանակ ցույց է տվել հանգուցյալի թևի վրայի խաչանշանը։

1914 թվականին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և Չանաքկալեի ռազմաճակատում զինվորական բժիշկ ծառայել։ Գերի է ընկել անգլիական բանակին և Հնդկաստան տարվել։ Չորս տարվա գերությունից հետո Կ. Պոլիս է վերադարձել։ Կ. Պոլսի Բեյօղլու (Բերա) թաղամասում բացել է սեփական բուժարան և բժիշկ աշխատել։ Որոշ ժամանակ աշխատել է նաև Կ. Պոլսի բուլղարական հիվանդանոցում։ Կ. Պոլսի հայկական համայնքում ճանաչված է եղել իր բարեգործություններով։

Մահացել է 1942 թվականին փետրվարի 12-ին, Կ. Պոլ­սում՝ 59 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [Սերոբեան] Մուշեղ եպիսկոպոս, Ատանայի ջարդը եւ պատասխանատուները, Պոսթոն, 1910։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Սիմոնյան Հրաչիկ, Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ), Երևան, 2009։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։