Քենիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քենիական թատրոն։ Բնիկները հնուց ունեցել են պարի զարգացած արվեստ։ 1948 թվականից Նայրոբիում գոյություն ունի անգլերեն պրոֆեսիոնալ թատրոն, որը ղեկավարում է Դ․ Մաուլը։ 1952 թվականին կառուցվել է Ազգային թատրոնի շենքը (գտնվում է Մշակութային կենտրոնի տնօրինության ներքո), ուր ելույթ են ունենում զանազան սիրողական կոլեկտիվներ, կազմակերպվում են ստուգատեսներ, փառատոներ։ Անկախություն ձեռք բերելուց (1963) հետո, Քենիայում երևան են եկել աֆրիկական և հնդկական թատերական կոլեկտիվներ։ Ազգային թատրոնի զարգացմանը նպաստել է Ե․ Մպահլելեի գործունեությունը։ Նա ղեկավարել է «Չեմչեմի» («Աղբյուր») թատերախումբը։ Գործում է «Տաուսի» դրամատիկական ակումբը (ստեղծվել է 1963 թվականին), ուր բեմադրվում են ազգային հեղինակների պիեսներ (սվահիլի լեզվով)։ Համընդհանուր ճանաչում ունեն կիկույյու ժողովրդի դրամատուրգներ Դ․ Նգուգին և Ռ․ Նջաուն։ Կոլեկտիվների մեջ հանրաճանաչ է հնդկական Արևելյան արվեստի խմբակը (ներկայացումները հինդի և հուջարաթի լեզուներով)։ 1968 թվականին առաջին անգամ թատրոնի տնօրեն է նշանակվել քենիացի Մեթ Ադադալան, որի ղեկավարությամբ ստեղծվել է Դրասայի դպրոց։ Այդ դպրոցի սաներից 1970 թվականին կազմակերպվել է Ազգային թատերախումբը, որը Քենիայում շրջում է Վ․ Շոյինկի, Նգուգիի և այլոց պիեսների բեմադրություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։