Փոքրիկ Ալբերտ (գիտափորձ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այժմ նա վախենում է անգամ Ձմեռ Պապից

«Փոքրիկ Ալբերտ», հայտնի հոգեբանական փորձարկում, իրականացվել է հոգեբան բիհեյվորիստ Ջոն Բ. Ուոթսոնը և ասպիրանտ Ռոզալի Ռայները: Նախկինում ռուս ֆիզիոլոգ Իվան Պավլովը անցկացրել էր «Պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսների» ուսումնասիրությունը: Ուոթսոնը հետաքրքրված էր Պավլովի տեսությամբ և ցանկանում էր ցույց տալ, որ մարդիկ նույն կերպ կարող են հակազդել տարբեր խթաններին:

Գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարկման մասնակիցը երեխա էր, ում նրանք անվանում էին «Ալբերտ Բ»: Վերջինս, սակայն, առավել հայտնի էր որպես Փոքրիկ Ալբերտ: Ուոթսոնի և Ռայների նպատակն էր հոգեպես կայուն երեխայի մոտ առաջացնել ֆոբիաներ[1]: Մոտ ինն ամսականում նրանք երեխային նստեցնում էին սեղանի կենտրոնում և նրան տալիս սպիտակ առնետ, ում հետ էլ երեխան խաղում էր: Այն պահին, երբ երեխան դիպչում էր առնետին, Ուոթսոնը մուրճով հարվածում էր մետաղե խողովակին, բարձր աղմուկ առաջացնելով: Բազմաթիվ անգամներ փորձը կրկնելուց հետո Ալբերտը սկսում էր լաց լինել առնետին պարզապես տեսնելիս: Այսպիսով, առնետը, սկզբնապես չեզոք խթան լինելով, դառնում է պայմանական խթան[2]:

Հետագա փորձարկումների արդյունքում Ալբերտը սկսեց վախենալ նաև այլ սպիտակ մորթե կենդանիներից և անգամ իրերից: Օրինակ` նապաստակից, շնից և Ձմեռ պապի մորուքից:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ «Փոքրիկ Ալբերտը» հոգեբանության ամենահայտնի փորձարկումներից է և ընդգրկված է բոլոր հոգեբանության դասընթացներում, այն նաև խստորեն քննադատվել է տարբեր պատճառներով: Նախ, փորձարկումը մանրամասնորեն նախագծված չէր: Ուոթսոնը և Ռայները, երեխայի ռեակցիաները գնահատելիս, հիմնվում էին իրենց սուբյեկտիվ կարծիքի վրա: Բացի այդ «Փոքրիկ Ալբերտ» փորձարկումը էթիկայի խնդիրներ էր հարուցում: Այսպիսի մեկ այլ փորձարկում մեր օրերում կարգելվեր անցկացնել:

Հետագայում Ուոթսոնը մշակել է միջոցներ Ալբերտի վախերը հաղթահարելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել դրանք իրագործել: Մեծ հավանականությամբ Ալբերտի վախերն իրեն ուղեկցել են ողջ կյանքի ընթացքում[3]:

Ալբերտի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե ինչ է իրականում տեղի ունեցել Ալբերտի հետ, մինչ վերջերս մնում էր անհայտ: Նա մոտ մեկ տարեկան էր, երբ ավարտվեցին փորձարկումները[4]: Հայտնի է միայն, որ նա մոր հետ հեռացել է:

Այնուամենայնիվ, վերջերս Փոքրիկ Ալբերտի իրական անձն ու ճակատագիրը պարզվել են: Շուրջ յոթ տարի տևած հետաքննությունների արդյունքում հոգեբան Հոլ Փ. Բեքը նշում է, որ տղայի իսկական անունը Դուգլաս Մերիթ է:

Պատմությունն ուրախ ավարտ չի ունեցել: Դուգլասը մահացել է 1925 թվականի մայիսի տասին հիդրոցեֆալիայից` ուղեղում ջրի կուտակումից: Նա եղել է ընդամենը վեց տարեկան: «Մեր հետաքննությունն ավելի երկար տևեց, քան փոքրիկ տղայի կյանքը»,- գրել է Բեքը:

2012 թվականին Բեքը և Ալան Ջ. Ֆրիդլանդը հրապարակեցին, որ Դուգլաս Մերիթը Ուոթսոնի ներկայացրած «առողջ» երեխան չէր: Մերիթն ի ծնե տառապել է հիդրոցեֆալիայից: Մինչդեռ Ուոթսոնը դիտմամբ նրա առողջական վիճակը սխալ է ներկայացրել: Այս տեղեկություններն է՛լ ավելի են մատնանշում այս հայտնի փորձի էթիկական և բարոյական խնդիրները:

2014 թվականին մեկ այլ հետաքննություն կասկածի տակ դրեց Բեքի և Ֆրիդլանդի բացահայտումները: Ըստ այս նոր տեսության Փոքրիկ Ալբերտի անունը Ուիլյամ Բարգեր էր: Դուգլասն ու Ուիլյամը ծնվել են նույն օրը, և նրանց մայրերն աշխատել են նույն հիվանդանոցում: Ուիլյամը երեխայի առաջին անունն է, իսկ Ալբերտը` երկրորդ, որով էլ նա առավել հայտնի է եղել:

Մինչ փորձագետները շարունակում են քննարկել տղայի ինքնությունը, գրեթե կասկած չկա, որ «Փոքրիկ Ալբերտը» հետազոտությունն այլևս չունի նախկին ազդեցությունը հոգեբանության ոլորտում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական գիտափորձեր (հոգեբանություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hill, G. (2009). AS & A Level Psychology Through Diagrams, pg 27.
  2. Steven Schwartz; Classic Studies in Psychology; Palo Alto: Mayfield Publishing,1986; print.
  3. (Harris, 1979).
  4. Hill, pg 177.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beck, H. P., Levinson, S., & Irons, G. (2009). Finding little Albert: A journey to John B. Watson’s infant laboratory. American Psychologist, 2009;64(7): 605-614.
  • Fridlund, A. J., Beck, H. P., Goldie, W. D., & Irons, G. Little Albert: A neurologically impaired child. History of Psychology. doi: 10.1037/a0026720; 2012.
  • Watson, John B. & Rayner, Rosalie. (1920). Conditioned emotional reactions. Journal of Experimental Psychology, 3, 1-14.