Փլաբիոս Արիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փլաբիոս Արիանոս (Αρρτανός, մոտ 95-180), հույն պատմիչ։ Ծնվել է Բունիաթիայի Նիկոմեդիա քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա Եպիկտետոսին։ Հռոմում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, հյուպատոս, արքոնտ, 131-137 թվականներին՝ Կապադովկիայի կուսակալ։ Կյանքի վերջին տարիներին նվիրվել է քրմության։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։

Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև Աքեմենյանների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։ «Հուշեր Եպիկտետոսի մասին» փիլիսոփայական երկը լավագույն աղբյուր է ստոիկների ուսմունքի մասին։ Արիանոսի «Հնդկաստան», «Շրջագայություն Եվքսինյան Պոնտոսում», «Նեարքոսի արշավանքների նկարագրությունը» աշխատություններն ունեն տեղագրական, աշխարհագրական բնույթ։ «Գործերը Ալեքսանդրից հետո» երկում Արիանոսը ներկայացրել է դիադոքոսների պատմությունը, որից պահպանվել են պատառիկներ։ Մեզ հասել են նրա «Պարթևաստանի պատմությունը», «Ալանների պատմությունը», «Բութանիայի պատմությունը» և այլ աշխատությունների միայն վերնագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 59