Փականագործական-հավաքման գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փականագործական-հավաքման գործիքներ, կիրառում են մեքենաների հանգուցային և ընդհանուր հավաքման դեպքում՝ դրանց տարրերի միացման և չափաբերման աշխատանքների համար։ Մեքենաների տարրերի միացման համար ծառայում են ձեռքի և մեքենայացած փականագործական-հավաքման գործիքներ։ Ձեռքի գործիքներից են պարուրակային միացումների հավաքման ստանդարտ և հատուկ գործիքները (մանեկի դարձակներ, պտուտակիչներ), սովորական և փափուկ մուրճերն ու կալակները, առաձգական կտրատված օղակների և տափօղակների զետեղման զանազան գործիքներ։ Մեքենայացված փականագործական-հավաքման գործիքներն են պնևմատիկ և էլեկտրական պարուրակադարձիչ ձեռքի մեքենաները, պնևմո և էլեկտրամուրճերը, մամլակցելու և գամելու փոխադրովի չափոցները, ինչպես նաև առաձգական դետալների զետեղման հատուկ մեքենայացված հարմարանքները։ Մեքենայացված գործիքները լայնորեն օգտագործվում են զանգվածային և խոշոր սերիական արտադրություններում։ Չափաբերման աշխատանքների համար հատավոր և մանրսերիական արտադրության մեջ (շրջասղոցում, քցիմների հեռացում, քերանում, կիպահղկում ևն) օգտագործում են ձեռքի ստանդարտ գործիքներ (խարտոցներ, քերաններ, կիպահղկիչներ, հատիչներ, տիգաձև հատիչներ՝ կրեյցմեյսելներ, գայիկոններ, անցքակոկիչներ և այլն), ինչպես նաև մի շարք հատուկ գործիքներ (կաչակներ, շաբչոններ և այլն)։ Չափաբերման աշխատանքների աշխատատարությունը փոքրացնելու համար օգտվում են մեքենայացման միջոցներից, ինչպես նաև դրանք փոխարինում համապատասխան մեխանիկական մշակմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png