Ցենտրոբալթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցենտրոբալթ (Центральный комитет Балтийского флота), Բալթիական նավատորմի կենտրոնական կոմիտե, Բալթիական նավատորմի նավաստիների բարձրագույն ընտրովի հեղափոխական–դեմոկրատական մարմին։ 1917 թվականի ապրիլի 28-30 (մայիսի 11-13)-ին տեղի է ունեցել ցենտրոբալթի կազմակերպական ժողովը։ Ընտրվել է ցենտրոբալթի առաջին կազմը (33 հոգուց, այդ թվում 6-ը՝ բոլշևիկ)՝ Պ․ Ե․ Դիբենկոյի նախագահությամբ։ Բալթիական նավատորմի առաջին համագումարն [մայիսի 25–հունիսի 15 (հունիսի 7–28)] ընդունեց կանոնադրություն, համաձայն որի Ց․, որպես բարձրագույն մարմին, ղեկավարում էր նավատորմի ամբողջ քաղաքական կյանքը, հսկում (մինչև 1917 թվականի հոկտեմբերը) շտաբների և հրամայական կազմի գործունեությունը (բացի օպերատիվ և ռազմատեխնիկական հարցերի), պայքարում նավերի վրա և անձնակազմի մեջ հեղափոխական կարգապահություն պահպանելու համար, հոգ տանում նավաստիների կենցաղի ու ծառայության բարելավման մասին և այլն։ 1917 թվականին ցենտրոբալթն ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ հուլիսյան ցույցին։ Բոլշևիկների ազդեցությամբ ցենտրոբալթը 1917 թվականի օգոստոսին որոշում ընդունեց ժամանակավոր կառավարությունից անկախ քաղաքականություն վարելու մասին, ապա մասնակցեց կոռնիլովշչինայի ջախջախմանը, այնուհետև՝ Մոոնզունդյան կղզիների պաշտպանությանը։ 1917 թվականի հոկտեմբերին Ցենտրոբալթը դարձավ զինված ապստամբության նախապատրաստման մարտական շտաբը։ Բալթիական նավատորմում, ՌՀԿ–ի տրամադրության տակ դրվեց «Ավրորա» հածանավը, իսկ հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)-ին Պետրոգրադ ուղարկեց ռազմանավեր («Սամսոն», «Զաբիյակա», «Ամուր» ևն) և նավաստիների ջոկատներ, ավելի ուշ ուժեր տրամադրեց Կերենսկի–Կրասնով խռովությունը (1917) ճնշելու համար։ 1917 թվականի դեկտեմբերին ավարտվեց Բալթիական նավատորմի դեմոկրատացումը, և Ցենտրոբալթը վերցրեց նավատորմի ամբողջ ղեկավարությունը։ Նոր հեղափոխական հրամանատարության կազմակերպման կապակցությամբ (Ցենտրոբալթի 5-րդ կազմն ընկել էր անարխիստների ազդեցության տակ) Ցենտրոբալթի 1918 թվականի հունվարի 31 (փետրվարի 13)-ին լուծարքի ենթարկվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։