Տոհմածառ (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տոհմածառ (այլ կիրառումներ)

Տոհմածառ, օրգանիզմների կամ օրգանական աշխարհի ազգակցական (ֆիլոգենետիկական) հարաբերությունների պատկերումը ծառի տեսքով, որի հիմքում տեղադրվում են նախնական ձևերը, իսկ ճյուղավորումներում՝ սերունդները։ Տոհմածառի գաղափարը և պատկերման ձևը վերցվել է մարդու տոհմաբանությունից (գենեալոգիայից)։ Նախկինում պատկերում էին աստիճանաձև, մինչև ռուս գիտնական Պ․ Պալլասն առաջինն ապացուցեց (1766), որ օրգանիզմների գծաձև աստիճանական դասավորությունը չի արտացոլում կենդանիների դասերի իրական փոխհարաբերությունը և առաջարկեց օրգանական աշխարհը պատկերել տոհմածառի տեսքով։ XIX դարում կենդանական և բուսական աշխարհի տոհմածառերը երբեմն պատկերում էին (է․ Հեկկել և ուրիշներ) ծառի տեսքով (այստեղից՝ անվանումը), որի ճյուղերին դասավորում էին խմբերի անվանումները։ Տոհմածառի ձևով կարելի է գծել միայն կենդանի բնության միածագում զարգացումը, իսկ օրգանական աշխարհի բազմածագման գաղափարը տոհմածառի տեսքով ներկայացնելն անհնարին է։ Եթե տոհմածառը կազմվում է պատկերելու համար համարժեք խմբերի (տիպեր, դասեր, կարգեր են) ազգակցական հարաբերությունները և կազմակերպվածության աստիճանը, ապա յուրաքանչյուրի կազմակերպվածության հարաբերական մակարդակը տոհմածառի վրա նշվում է տեղադրության բարձրությամբ։ Յուրաքանչյուր խմբի ծագումը և նրա կապը մյուսների հետ նշանակվում է ընդհանուր «բնից» կամ ավելի խոշոր «ճյուղից» ճյուղավորվելու տեղով։ Եթե տոհմածառը պետք է արտահայտի ոչ միայն ֆիլոգենետիկական, այլեւ խմբում եղած համաստորադասության փոխադարձ կապը, ապա մեծ միավորող խմբերը (տիպեր, դասեր, կարգեր են) տեղադրվում են բնի հիմքի մոտ կամ «ճյուղերին»։ Տոհմածառի «ճյուղերի» ծայրերին տեղադրվում են ավելի ստորին կատեգորիաները (ցեղ, տեսակ)։ Միայն ժամանակակից ձեւեր պատկերող տոհմածառն արտահայտում է զուտ կարգաբանական հարաբերություններ։ Օրգանիզմների տարբեր խմբերի և նույն խմբի ներսում եղած իրական ազգակցական կապերը բարդ են և հարթության վրա դրանք կարելի է պատկերել միայն մոտավորապես։ Ուստի տոհմածառի երկչափ պատկերումը հաճախ փոխարինում են տարածական պատկերմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։