Տնտեսական հաշվառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսական հաշվառումը տնտեսագիտության այն բնագավառն է, որը ծագել և զարգացել է տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց և իր զարգացման բարձրագույն աստիճանին է հասել շուկայական հարաբերությունների զարգացման ժամանակաշրջանում։

Տնտեսական հաշվառման բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփականության ձևերի փոփոխման և զարգացման հետ այն ձևավորվել է որպես ուսումնասիրման առանձին բնագավառ և կատարում է տնտեսական կառավարման ֆունկցիա։ Տնտեսական հաշվառումը իր առջև դրված խնդիրները լուծում է՝ ներառելով հաշվառման 3 տարբեր տեսակները՝

  1. Վիճակագրական հաշվառում
  2. Օպերատիվ-տեխնիկական
  3. Հաշվապահական հաշվառում։

Վիճակագրական հաշվառումը դիտարկում և ուսումնասիրում է (խմբավորելով և ընդհանրացնելով) ոչ միայն տնտեսական, այլ նաև հասարակական կյանքում տեղի ունեցող մասսայական, որակապես միանման երևույթներն ու գործընթացները, տալիս է դրանց քանակական և որակական արտացոլումները իրենց միասնության մեջ։ Oրինակ այն ուսումնասիրում, հաշվառում ու արտացոլում է համախառն ու ապրանքային արտադրանքի թողարկումը, բնակչության շարժը, ծնունդն ու մահացությունը, ժողովրդական կրթության աճը, բնակչության առողջապահական, մշակութային մակարդակը և այլն։ Վիճակագրական ուսումնասիրություններն օգտագործվում են հասարակական կյանքի օրինաչափությունները, զարգացման ուղղություններն ուսումնասիրելու համար։ Օպերատիվ-տեխնիկական հաշվառումը դիտարկում, խմբավորում և արտացոլում է կազմակերպությունների տնտեսական գործունեության առանձին գործառնություններն ու գործընթացները։ Օպերատիվ-տեխնիկական հաշվառման տվյալները կարևոր նշանակություն ունեն կազմակերպությունների կառավարումը կազմակերպելու գործում, քանի որ տնտեսական գործառնությունները հաշվառման են ենթարկվում կատարման պահին։ Օրինակ, օպերատիվ հաշվառումը աշխատանքային օրվա վերջում տվյալներ է խմբավորում և ամփոփում կազմակերպությունում թողարկված և առաքված արտադրանքի վերաբերյալ, պահեստում նյութերի մնացորդի վերաբերյալ և այլն։ Ի տարբերություն նախորդ երկուսի՝ հաշվապահական հաշվառումն ուսումնասիրում է բիզնեսի գործընթացը ամբողջությամբ և տալիս է տեղեկատվություն կազմակերպության գործունեության արդյունքների մասին։ Տնտեսական հաշվառման մեջ ընդգրկված հաշվառման բոլոր ձևերը տեղեկատվությունը հաղորդում են հաշվետվությունների համապատասխան ձևերով ընդունված ցուցանիշների օգնությամբ, որոնք արտացոլվում են համապատասխան հաշվառման չափիչներով։

Տնտեսական հաշվառման չափիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական հաշվառման մեջ կիրառվում են 3 տիպի չափիչներ՝

  • Բնաիրային
  • Աշխատանքային
  • Դրամական կամ արժեքային

Առաջինը կիրառում են կազմակերպության նյութական արժեքները՝ հիմնական միջոցները, նյութերը, վառելիքը, պատրաստի արտադրանքը, ապրանքները և այլ արժեքները հաշվարկելու, ինչպես նաև տնտեսական գործընթացները արտացոլելու համար։ Հաշվառման օբյեկտները կարող են չափվել հատով, երկարությամբ, ծավալով, քաշով։ Երկրորդը օգտագործում են արտադրանքի արտադրության կամ աշխատանքների կատարման վրա գործադրված աշխատանքի քանակը աշխատանքային օրերով, ժամերով, րոպեներով հաշվելու և արտահայելու համար։ Երրորդով արժեքային արտահայտությամբ չափվում և արտացոլվում են տնտեսական այնպիսի երևույթներ, որոնք չեն կարող չափվել և արտացոլվել բնաիրային և աշխատանքային չափիչներով կամ դրանց համատեղ կիրառումով։ Օրինակ ապրանքանյութական արժեքների տարբեր տեսակների շարժն ու մնացորդները հնարավոր չէ չափել ու արտացոլել միայն բնաիրային չափիչով։ Դրամական չափիչի կիրառումը պակաս կարևոր չէ նաև արտադրանքի արտադրության, ինքնարժեքի հաշվառման տնտեսական գործունեության արդյունքների հաշվառման համար։