Տիկին Փիլարյանի վիշտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկին Փիլարյանի վիշտը
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուարևելահայերեն
ԿերպարներՏիկին Փիլարյան, պարոն Փիլարյան, Սոփի Սևիկյան, պ․ Մեհերյան, տեսուչ, Լուսիկ Փամբուկյան, Վարդուհի Լազարյան
Հրատարակչություն«Արձագանք» թերթի 1897 թվականի 19-րդ համար

Տիկին Փիլարյանի վիշտը, հայ գրող Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) պատմավծքներից է, որն առաջին անգամ լույս է տեսել «Արձագանք» թերթի 1897 թվականի 19-րդ համարում։ Մուրացանն ինքն է տվել ստեղծագործության ժանրային բնութագիրը՝ անվանելով զրույց[1]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիկին Փիլարյանի վիշտը» ստեղծագործությունն առաջին անգամ լույս է տեսել «Արձագանք» թերթի 1897 թվականի 19-րդ համարում։ Գործն առանձին չի հրատարակվել և տեղ է գտել «Երկերի ժողովածուի» 1951 թվականի հրատարակության 5-րդ հատորում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրացանի «Տիկին Փիլարյանի վիշտը» պատմվածքը սկսվում է օրիորդ Սևիկյանի խոսքով։ Ստեղծագործությունը կառուցված է հերոսների երկխոսությունների հիման վրա։ Գլխավոր հերոս է ներկայանում հեղինակը, որը պարզաբանում է երկխոսության բովանդակությունը։ Ուսուցիչների միջև երկխոսությունը տեղի է ունենում հայոց դատարկ մնացած դպրոցներից մեկում, ուր այդ օրը դիպվածո՞վ, թե՞ կանխավ սահմանված ժամադրությամբ հավաքվել էին հայոց պարապ մնացած ուսուցիչներն ու վարժուհիները՝ «հոգեզվարճ բամբասանքով» զբաղվելու, կամ, ինչպես իրենք էին ասում, «ազգային նորություններից» խոսելու։ Վարժապետ պարոն Մեհերյանը տաճկահայերի կյանքը երկու ելքով է պատկերացնում․ կա՛մ ազգովի կորուստ, կա՛մ հավիտենական ստրկություն։ Այս կարծիքը չէր կիսում օրիորդ Սոփին (Սևիկյանը)։ Վերջինս համոզված էր, որ հայ ազգը այնքան չի ընկել, նվաստացել, որ ազգի հարուստները իրենց եղբայրների փրկության համար չկարողանան փոքրիկ գումար հայթայթել, որպեսզի հոգան գաղթականների կարիքը։ Սևիկյանը համաձայնում է մատյանով գնալ, ներկայանալ Թիֆլիսի հարուստներից Փիլարյանին և նպաստ խնդրել գաղթականների համար։ Եթե վերադառնա մի կլորիկ գումարով, պ. Մեհերյանը պետք է ուսուցչանոցում ծնկի գա նրա առաջ և ներողություն խնդրի օրիորդի խոսքերը ծաղրելու համար։ Վարժուհիներն ու վարժապետները համաձայնում են նրա առաջարկին՝ պայմանով, որ նա կվերադառնա առնվազն 500 ռուբլով, հակառակ դեպքում՝ ինքը պետք է ծնկի գա ուսուցչանոցում։ Տեսուչը խորհուրդ է տալիս գնալ գավառացի Փիլարյանի մոտ, որը զգայուն սիրտ կունենա և իր առատաձեռնությամբ կօգնի վարժուհուն։ Սևիկյանը այցելում է Փիլարյանի տուն։ Դռնապանը հայտնում է, որ տիկին և պարոն Փիլարյաններն իսկույն դուրս պետք է ելնեն տնից՝ այցելության գնալու համար։ Հեռվից տեսնում է Փիլարյանի փառավոր ու փայլուն կառքը՝ լծված անգլիական ահիպարանոց ձիերով։ Տեսնելով հիասքանչ կառքը՝ մտածում է, որ անհնար է՝ նրանք գծուծ հոգի ունենան… Օրիորդը սպասեց մինչև տան տերերը կվերադառնային, մինչ այդ այցելեց բազմամարդ պրոսպեկտը, ուր օրվա այդ ժամին զբոսնում էր պարապուրդների բազմությունը, որոնց մեծամասնությունը կանայք էին։ Այսպիսով, եկավ սպասված պահը․ օրիորդ Սևիկյանը, թեև զբոսնելիս իր մտքում կասկածներ ծնեց, որ Փիլարյանները իրեն կմերժեն, բայց կրկին հիշելով նրանց ուենցվածքը՝ հանգստացավ։ Ընդունարանում սպասելիս Սևիկյանի ականջին զարկեց տիկին Փիլարյանի ձայնը, ով վիճում էր ընտանիքի անդամներից մեկի հետ ինչ-որ բան կտրելու-չկտրելու վերաբերյալ։ Այնուհետև, երբ Փիլարյանին ներկայացնում է իր հարցը, վերջինս նրան ասում է, թե ընտանեկան ծանր խնդրով է զբաղված, որի անհաջող լուծումը մեծ հոգս պետք է պատճառի իրեն, թող նա վաղը այցելի։ Սևիկյանը ներողություն է խնդրում տիկնոջից և հեռանում։ Սանդուղքով իջնելիս Սևիկյանը մտածում էր, որ հարուստները ևս ունեն ընտանեկան խնդիրներ․ «Մեծ սարի վրա մեծ էլ ձյուն է նստում»։ Հաջորդ օրը տիկին Փիլարյանի տուն այցելելուց առաջ Սոփին գնաց եկեղեցի, և իբրև հայոց բարեպաշտ վարժուհի երկու հատ տասը կոպեկանոց մոմեր վառեց Աստվածածնի առաջ՝ խնդրելով նրան հաջող լուծում տալ տիկին Փիլարյանի ընտանեկան մեծ խնդրին, որպեսզի իր ստորագրության մատյանում 1000 ռուբլի ստորագրելով՝ և՛ գաղթականներին օգտակար լինի, և՛ իրեն ուսուցչանոցում չոքելուց ազատի։ Հետևյալ օրը Փիլարյանի տանը հանդիպում է իր ընկերուհուն՝ Լուսիկ Փամբուկյանին, որը երեխաներին հայերեն էր դասավանդում, ավելի ճիշտ՝ շաբաթը երկու անգամ այցելում է՝ հայերեն խոսել սովորեցնելու, քանի որ տիկին Փիլարյանը համոզված է, որ «Հայերեն սովորելով՝ երեխաների լեզուն կկոպտանա, հայերենը գռեհիկ լեզու է, կոշտ է հնչում»։ Սևիկյանը զարմանում է, թե այդքանից հետո ինչպես են համաձայնել երեխաներին հայերեն խոսել սովորեցնել, իսկ ընկերուհին պարզաբանում է․ «Ինձ հրավիրել է ամուսինը, նա, գավառացի լինելով, դեռ մի փոքր հայություն ունի յուր մեջ, պահանջում է, որ որդիքը հայերեն սովորեն»։ Մայրն այդ չի ցանկանում, որդիների հետ խոսում է ռուսերեն, ֆրանսերեն։ Օրիորդ Փամբուկյանի տված տեղեկություններն անհաճո տպավորություն գործեցին Սոփիի վրա։ Վերջապես տիկին Փիլարյանը հանդիպում է Սոփիին և հայտնում, որ իրեն հոգս պատճառող խնդիրները իր ցանկությամբ չլուծվեց, այնուամենայիվ, իր կողմից մի բան է մեկնում վարժուհուն։ Լուսիկից տեղեկացավ, որ ընտանեկան ծանր խնդիրը հետևյալն էր․ «Կառքն ու ձիերը նոր են բերել Պետերբուրգից։ Տիկինը ցանականում և պահանջում էր, որ ձիերի արտաքինը եվրոպական տարազով լինի, այսինքն, որ նրանց պոչերի 2/3 մասը կտրվեն, իսկ ամուսինը հակառակում է»։ Այսինքն՝ սա էր տիկին Փիլարյանի վիշտը։ Սոփիի զարմանքն ավելի մեծ եղավ, երբ մատյանում ստորագրած տեսավ ընդամենը 10 ռուբլի։ Օրիորդ Սևիկյանը հիշեց ուսուցչանոցում արած վիճաբանությունը, պարոն Մեհերյանի հետ պայմանավորվածությունը ու բարկությունից շառագունեց։ Հազիվ նա հասավ Երևանյան հրապաարկ, և ահա՛, կարծես դիտմամբ նրա դեմ ելավ օրիորդ Լազարյանը և հայտնեց, որ բոլորն իրեն են սպասում, Պ․ տեսուչն իր կողմն է և հույս ունի՝ Մեհերյանին պիտի չոքեցնի ուսուցչանոցում։ Սոփին Վարդուհուն է հանձնում մատյանն ու միջի ծրարը և անեհետանում։ Նա, սկսած այդ օրից, այլևս ոչ մի տեղ չի վիճաբանում այն մասին, թե հայ թշվառները կարող են երբևիցե ազատվել իրենց ճակատագրից կամ հասնել բարօրության․․․[2] Այս ստեղծագործությամբ Մուրացանը քննադատում է ժամանակի հասարակությանը, մասնավորապես մեծահարուսներին, որոնց բարոյականությունը խաթարում է մարդկային պարզ հարաբերությունը, առավել ևս՝ ազգային հոգսը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոփի Սևիկյան
  • Պարոն Մեհերյան
  • Պ․ տեսուչ
  • Տիկին Փիլարյան
  • Պարոն Փիլարյան
  • Լուսիկ Փամբուկյան
  • Վարդուհի Լազարյան

Գրականագիտական մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ծխական դպրոցներից մեկի ուսուցչական խումբն ուզում է Տաճկաստանից եկած հայ գաղթականներին օգնելու և պատսպարելու համար հանգանակություն բանալ։ Այդ նախաձեռնության վերաբերյալ հնչում են և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ։ Լավատես հերոսներից է Սոփիա Սևիկյանը, որը համոզված է, թե հայ հարուստները նվիրատվության հեղեղ պիտի թափեն։ Այդ վարժուհին գնում է հարուստ տիկին Փիլարյանի մոտ և նրա տան առաջ կանգնած մտմտում է․ «Անկարելի է, որ այս հոյակապ տան մեջ ապրող և այս փառավոր կառքով շրջող մարդիկ փոքր ու գծուծ հոգի ունենան»։ Բայց ստացվում է, որ անկարելին կարելի է։ Տիկին Փիրալյանին «մեծ վշտի» պատճառով վարժուհին հազար ռուբլու փոխարեն ստանում է 10 ռուբլի և ամոթահար լինում ընկերների առաջ իր լավատեսության համար։ Ի՞նչ վիշտ է տիկնոջ տրամադրությունը փչացրել։ Բանն այն է, որ Պետերբուրգից սեփական կառքի համար ձիեր են բերել տվել, և տիկինն ուզում է ըստ «մոդայի» նրանց պոչերի երկու երրորդը կտրել տալ, բայց ամուսինը ընդդիմանում է[3]։ Այստեղ հակադրությունների սահմանագիծը սոցիալական հարցն է, որի հիմքի վրա շոշափվում են քաղաքական խնդիրներ, դերակատարումները կրկին վերապաված են կանանց։ Ուսուցիչ օրիորդ Սևիկյանը՝ սովալլուկ գաղթականների վիճակով մտահոգված այն կույր հավատն է փայփայում, որ դրությունը մեծ չափով կշտկվի մեծահարուստներից ստանալիք օժանդակությամբ։ Պարզ է, որ այս անհիմն վստահությունը ներկայացվում է բարձրագոչ ճառասացությամբ, ինչի հակառակ արդյունքը ավելի է ընդգծելու բարոյական դատաստանը․ «Մի ազգ, որ ունի յուր մեջ այնպիսի հարուստ ու կարող անձինք, անկարելի է, որ տա յուր որդվոցը այդ ձևով անհետանալ։ Այս մթնոլորտում ընդգծվում է, որ Փիլարյաններին էլ, անշուշտ, ծանոթ է անսահման հաճույքը, որ մարդ արարածը զգում է իր նմանին օգնելիս։

Հակաբևեռն ինքնաներկայացվում է կտրուկ և անմիջապես, ուսուցչուհու միամիտ պատրանքները  բացասվում են Փիլարյանների ապրելակերպի պատկերով՝ զարդախեղդ կենցաղ, օտարամոլ քաղքենիություն, պճնազարդ անճաշակություն։ Օբյեկտիվ այս բացասումին հաջորդում է սուբյեկտիվը․ իր մեծ վշտի մեջ դժգոհ ընդունելով օրիորդին, անհաղորդակից նրա հոգսերին՝ տիկին Փիլարյանը ծրարով ընդամենը 10 ռուբլի է տալիս՝ վստահեցնելով, թե իր «ստորագրությամբ կարող է ուրիշներին էլ խրախուսել»։ Սա ևս փոքր զոհաբերություն չի դիտվում նրա մեծ վշտի կողքին, վիշտ այն բանի համար, որ ցանկացել էր նոր գծած կառքի ձևերի պոչերը խուզել ըստ եվրոպական մոդայի, բայց ամուսինը չէր համաձայնել։ Իսկ ուսուցչուհին չի վերադառնում դպրոց, քանի որ այնտեղ, ի պաշտպանություն մեծահարուստների, բուռն վեճ էր ունեցել աշխատընկերների հետ։

Այսպես, կարևոր գաղափար է դառնում քաղաքի ամբողջական բացասումը, ռոմանտիկական դրույթի պահանջ է այստեղ նույնիսկ հասարակական առաջընթացի նտեսումը՝ համեմատած նահապետական հին գյուղի հետ, որոշիչ է բարձրաշխարհիկ ընտանիքների, մանավանդ կանաց քաղքենիության մերժումը դրա ոչ միայն սոցիալական, այլև ապազգային բովանդակության համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիկին Փիլարյանի վիշտը — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
  2. 2,0 2,1 Մուրացան,Երկերի ժողովածու, Հինգերորդ հատոր. Երևան: Հայպետհրատ. 1963. էջեր էջ 340.
  3. Մուրացան (1971). Արսեն Տերետերյան. Երևան: Երևանի պետական համալսարանի հրատարակչություն. էջ 23.
  4. Վազգեն Սաֆարյան (2021). Գրողի և կերպարի անհատականությունը, Մուրացան, Նար-Դոս. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 68.