Տատրագոմի հարսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատրագոմի հարսը
ՀեղինակԿոստան Զարյան
Ժանրպոեմ
ԹեմաՀայոց պատմություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1930
ՆախորդՍանա, Հովան
ՎիքիքաղվածքՏատրագոմի հարսը

Տատրագոմի հարսը, Կոստան Զարյանի պոեմը, որ գրվել և հրատարակվել է 1930 թվականին։ Պոեմում պատկերված է 19-րդ դարի վերջին քառորդի և 20-րդ դարի առաջին տասնամյակի արևմտահայ իրականությունը, մասնավորապես Սասունի ու նրա բնակիչների կյանքից ու ֆիդայական պայքարից մի հատված։

Պոեմի համար հիմքում ընկած է պատմականորեն հավաստի իրադարձություն, որը հիշատակվել է դաշնակցական գործիչ Ռուբենի «Հեղափոխականի մը հիշատակները» յոթհատորյակում։ Փաստը հետևյալն է. ֆիդայու կնոջը փախցրել են քրդերը, և ֆիդայիները վրեժ են լուծել։ Այդ դեպքի գեղարվեստական վերապատմումով հեղինակը ցանկացել է փառաբանել հայդուկային շարժումը, կամ՝ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն ընդհանրապես[1]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմը բաղկացած է 5 մասից։

Գյուղում հարսանիք է[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանային վաղ տարիքում իր կամքին հակառակ ամուսնացնում են տատրագոմցի Հովանի հետ։ Հարսանիքի ժամանակ լուր են բերում, թե թուրքերը հարձակվել են հարևան գյուղի վրա, «աղջիկ են տանում, տավար ու նախիր. դիրքեր բռնեցեք»։ Հովանն առանց տատանվելու միանում է գյուղը պաշտպանողներին։

Հովանը գնում է զինվոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ աշնանը՝ բերքահավաքի ավարտին, գյուղ են գալիս շեյխի ուղարկած հարկահավաքները և պահանջում բերքը դիզել ու տանել շեյխին։ Հովանը դժկամ հեռանում է.

«Մինչև ե՞րբ պիտի ծռենք մեր վիզը տավարի նման...
Բա նամուս չունի՞նք...»

Հարկահավաքները, որ ողջ գիշեր քեֆ էին արել գյուղում, առավոտյան հեռանում են՝ տանելով բարձած սայլերն ու տավարը։ Իսկ Հովանը, առանց կնոջը հրաժեշտ տալու, գնում է քահանայի մոտ, հաղորդություն ստանում ու խնդրում Սանային օգնել հարկ եղած դեպքում.

«Սանան չմոռնաք... ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ...
հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե...»

Ֆեդայիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդայիների խումբը շրջում է Սասունի լեռներում։ Խմբի առջևից քայլում է Մակար ծերունին, նրան հետևում են Սեյտոն, Ռուբենը, Մանուկ Շենըկին, գունաթափ Չոլոն, կռվազան Ախոն, Հարոն, Զավենը, Հովանը։ Վերջինս հաճախ հիշում կնոջը, սակայն նրա մասին մտածելն իսկ ուխտադրժություն է համարում։

Մի կռվի ժամանակ ֆեդայիների խումբը, բազմաթիվ թուրքեր կոտորելով, հեռանում է սարերը։ Զոհվում է միայն Մակար ծերունին։

Սանան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանան մնացել է միայնակ.

Ի՞նչ է Սանան,- ֆեդայու կին, ընդմիշտ մեկնած
ողջ մի մարդու դժբախտ այրի, գյուղի ճնշիչ նայվածքի տակ
քայլող մի շուք` մենակություն և հիշատակ։

Սանան շարունակում է սպասել ամուսնուն ու ամեն անցորդի հարցնում է՝ լուր չունեն ֆեդայի Հովանից, սակայն ոչ ոք ոչինչ չգիտի։ Տարիներ են անցնում, Սանան այլևս ոչ ոքի չի հարցնում ամուսնու մասին, ոչ ոք նրա հետ չի խոսում.

Բայց ֆեդայու կնոջ հանդեպ ո՞վ կարող էր
նայվածքով իսկ մեղանչել։ Ո՞վ կարող էր հետը խոսել
կամ աչքերի միջից քաղել բոց մի դալուկ...
Ֆեդայու կին`
գյուղի պատիվ ու հիշատակ շատ սրբագին։

Վեց տարի է անցել Հովանի հեռանալուց հետո։ Մի անգամ Սանան միայնակ շրջում է անտառում։ Նրա երգը լսում է մի քուրդ երիտասարդ, ով փախցնում է Սանային։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում սուգ է ու ցասում, կանայք անիծում են Սանային, տղամարդիկ մտածում են, թե ինչպես մաքրեն իրենց գյուղի պատիվը, իսկ Սանան երջանիկ է քուրդ երիտասարդի հետ։ Տատրագոմցիները լուր են ուղարկում ֆեդայիներին, որոնք գտնում են քրդին, սպանում նրան ու տանում Սանային։ Ֆեդայիները Հովանին ստիպում են սպանել Սանային, որից հետո նա նետում է արյունոտ սուրն ու խելագարված վազում սարերը։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • -Ես սիրեցի... մե՞ղք է սիրել... Ես ոչ ոքի երդում չտվի
մնալ այրի, մնալ մենակ, ընդմիշտ մենակ... Ես սիրեցի,
մե՞ղք է սիրել...
  • Բուք էր դրսում։
Հայոց դաժան լեռների վրա
աստվածները քայլում էին բարկացած։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոստան Զարյան, Նավը լեռան վրա, Երևան, 1963, էջ XV:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տատրագոմի հարսը։ Պոեմ, Երևան, 1965, 125էջ։
  • Կոստան Զարյան, Երկեր, Երևան, 1985։