Տանտիրոջս աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանտիրոջս աղջիկը
ՀեղինակՆար-Դոս
Ժանրվիպակ
Հրատարակման վայրԹիֆլիս
Հրատարակման տարեթիվ1901
ՎիքիդարանՏանտիրոջս աղջիկը

«Տանտիրոջս աղջիկը», Նար-Դոսի գրած վիպակը, որն արտացոլում է թիֆլիսահայ կյանքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տանտիրոջս աղջիկը» վիպակը լույս է տեսել 1901 թվականին «Նոր-Դար» թերթում։ Նար-Դոսի կարծիքը կարևոր է գործը հասկանալու համար.[1]

Տանտիրոջս աղջիկը» վիպակի նյութը իրական կյանքից է այն չափով, որչափով որ պատկերում է այն ժամանակվա Թիֆլիսի հայ մեշչանական ընտանիքի կյանքը։ Ինձ ծանոթ են այնպիսի ընտանիքների մեկից ավելի աղջիկներ, որոնք, միջնակարգ կրթություն ստանալով հանդերձ, ամուսնացել են, կամ ավելի ճիշտ՝ որոնց ամուսնացրել են տգետ, նույնիսկ միանգամայն անգրագետ վաճառականների հետ միայն նրա համար, որ վերջիններս հարուստ են եղել, և նրանք, այդ աղջիկները, ամուսնանալուց հետո տարիների ընթացքում մոռացել են իրենց ստացած կրթությունը և միանգամայն գոհ իրենց բարեկեցիկ կյանքից, դարձել են նույն մեշչանուհիները, ինչ որ իրենց տգետ մայրերը, մորաքույրերը, հորաքույրերը և այլն»։
- Նար-Դոս

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը, որը ուսուցիչ էր, հայտնվում է Թիֆլիսում, կեցության հարցերը լուծելու համար վարձում է բնակարան և բնակվում այնտեղ։ Տանտերը հայ էր՝ Սերգեյ Ավետիչը, իսկ նրա կինը՝ վրացի։ Կնոջը գիժ-Կեկել էին անվանում, քանի որ կռվարար էր։ Այդ էր պատճառը, որ ուսուցիչը ցանկանում էր հեռանալ այդ տնից։ Բայց մի օր տուն են վերադառնում տան տիրոջ աղջիկը՝ Քալին և տղան՝ Ալեքսանդրը։ Քալին գալու հենց առաջին օրվանից գրավում է ուսուցչի ուշադրությունը։ Տանտերը որոշել էր իր զավակներից մեկին քահանա դարձնել և հանձնում է ուսուցչին աշակերտելու։ Քալին մի օր ցանկանում է մասնակցել եղբոր պարապմունքին։ Ուսուցիչը առաջարկում է հաջորդ օրվանից հայերեն պարապել Քալիի հետ։ Բայց հաջորդ օրը բարձր ճիչեր լսելով՝ իջնում է ցած ու տեսնում, թե ինչպես է հարբած ամուսինը հարվածում կնոջը։ Օգնում է կնոջը և երբ հեռանում էր նրանցից, ամուսինը հարվածում է նրան թիկունքից։ Ուսուցիչը ուշագնաց է լինում։ Նրան սկսում է խնամել ապագա բժիշկ Ալեքսանդրը և այն կինը, ում փրկել էր։ Ապաքինվելուց հետո սկսեց պարապմունքը Քալիի հետ։ Նրանք սկսեցին մտերմանալ, և այդ մտերմությունը վերածվեց սիրո։ Քալիի ծնողները զգացին դա ու պատրվակներ բերելով՝ տնից հեռացրին ուսուցչին։ Սակայն քահանա դառնալ ցանկացող տղայի՝ Կոլյայի հետ շարունակում են պարապմունքները։ Կոլյան դառնում է Քալիի և ուսուցչի միջև կապ հանդիսացող օղակ։ Կոլյան հիվանդացավ ու սկսեց չհաճախել պարապմունքների։ Դա առիթ հանդիսացավ ուսուցչի համար, որ տեսակցի աշակերտին, ինչպես նաև Քալիին։ Քալիի վերաբերմունքից ուսուցիչը չէր կարողանում հասկանալ փոխադարձ է արդյոք իր սերը, թե ոչ։

Մի օր պատահաբար հանդիպում է Քալիին ու եղբորը։ Հարմար առիթը բաց չի թողնում և օգտվելով միայնությունից՝ պատմում է իր զգացմունքների մասին Քալիին։ Ուսուցչին պարզ դարձավ նաև իր զգացմունքների փոխադարձ լինելը։ Սակայն, ի զարմանս ուսուցչի, Քալին չէր համարձակվում ընդդիմանալ ծնողներին, որոնք չէին համաձայնի իրենց ամուսնությանը, քանի որ «ուսուցիչ» աշխատանքը երբեք բարեկեցիկ կյանք չէր խոստանում։ Վրդովված ուսուցիչը հանկարծ բարձրացնում է ձայնը, գրավում բոլորի ուշադրությունը, այդ թվում Ալեքսանդրի, որը ընկերների հետ հեռվում էր։ Ամոթահար ուսուցիչը հաջորդ օրը ներողություն աղերսող նամակ է ուզում ուղարկել Քալիին։ Կոլյան պարապմունքի չգնաց, և ուսուցիչը որոշեց քաղաքային փոստի միջոցով ուղարկել նամակը։ Նամակը ընկնում է գիժ-Կեկելի ձեռքը։ Նա էլ գնում է ուսուցչի տուն ու վիրավորում և անպատվում վերջինիս։ Դրանից հետո այլևս չի տեսնում Քալիին։

Վեց տարի անց ուսուցիչը հանդիպում է այն կնոջը, ում փրկել էր հարբեցող ամուսնուց և տեղեկանում Քալիից։ Պարզվում է, որ նրան ամուսնացրել էին հարուստ ու ծեր մարդու հետ։

Մի օր էլ ուսուցիչը Հավլաբարում հեռվից տեսնում է Քալիին, որը մոր ու սկեսուրի հետ գնում էր գրբացի մոտ։ Այսպես ավարտվում է վիպակը[1]։

Վիպակի գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տանտիրոջս աղջիկը» վիպակի գլխավոր հերոսը ուսուցիչն է։ Վիպակը պատմում է հենց ինքը հիշատակարանի ձևով։ Նա զգայուն է, մանավանդ սիրո հարցում։ Սակայն նրա համար ավելի կարևոր է իր «արժանապատվությունը»։ Բայց և սիրո համար նա կարող էր կյանքը վտանգի ենթարկել։ Զայրույթի պահին կատարում է լավ չմտածված քայլեր, այնուհետև դժգոհում իր արարքից։ Բայց կուզեր նման հատկություն չունենալ։ Եվ սիրած աղջկա մեջ ամենից շատ դուր էր գալիս այն հատկանիշը, որ բարկությունից հետո, մի րոպե չանցած, կրկին ժպտում էր։ Մի ուրիշ հատկանիշ ևս գրավում էր ուսուցչին՝ պարզամտությունը և միամտությունը, որոնք կրկին բացակայում էին իր բնավորությունից[2]։

Քալիի կերպարը սյուժետային ընթացքում զարգանում է՝ կորցնելով իր ինքնությունը և հասնելով ինքն իրենից ազատվելու սահմանին։ Այստեղ սեփական անձի բռնադատյալ զոհաբերությունը դառնում է անբարոյականություն։ Պատճառը մտքի լայնության ու զգացմունքի խորության պակասն էր[3]։

Գաղափարը սիրո բռնադատումն է տնտեսական-սոցիալական ճնշումների կողմից[3]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսուցիչ,
  • Սերգեյ Ավետիչ,
  • գիժ-Կեկել,
  • Ալեքսանդր,
  • Քալի,
  • Կոլյա,
  • հարբեցող,
  • հարբեցողի կին,
  • ուսուցչի ընկեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/686 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  2. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  3. 3,0 3,1 «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.