Տագասոդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տագասոդե» (ճապ.՝ 誰袖, 誰ヶ袖, 誰が袖, «Ում հագուստն է»), ճապոնական գեղանկարչական ստեղծագործություն, որտեղ ներկայացված են դարակների վրա կախված հագուստներ։ «Տագասոդե» զարդանկարներում մարդիկ բացակայում են։ Շատ հաճախ այդպիսի զարդանկարները պատկերվում էին առաջակալների վրա և ժողովրդականություն էին վայելում Մամոյամայի ժամանակաշրջանում և Էդո ժամանակաշրջանի սկզբին։ Զարդանկարներում պատկերված հագուստները արտացոլում էին 16-րդ դարի վերջի և 17-րդ դարի սկզբի նորաձևության միտումները[1]։

Անհայտ նկարչի «Տագասոդե» նկարազարդումը, Մետրոպոլիտեն թանգարան

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջակալների վրա «Տագասոդե» կամ «Ում հագուստն է» պոետիկ անվանումով զարդանկարում պատկերված է դարակներից կախված հագուստի հարուստ տեսականի, ավելի շատ կանացի, նախշավոր կտորներից։ Երբեմն հագուստի կողքին հայտնվում են կահույքի պարագաներ, օծանելիքի տուփեր, նամակներ, խաղալիքներ, զարդեր կամ երաժշտական գործիքներ[2]։ «Ում հագուստն է» բառակապակցությունը հանդիպում է ճապոնական դասական սիրո պոեզիայում[1]։ «Տագասոդե» -ն հաճախ համարվում էր բանաստեղծության ներածական արտահայտություն, այնուհետև լիրիկական հերոսը մտորում էր, թե ով է այդ գեղեցիկ կինը, որ կրում է այդ հագուստը[2]։ «Տագասոդե» -ն կարող էր ունենալ գաղտնի սադրիչ իմաստ, հեղինակը հրավիրում է դիտորդին խորհելու այն մասին, թե ով է այդ հագուստի տիրուհին[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզուրի-բակոն «Տագասոդեի» հետ

«Տագասոդե» ընդհանուր տերմինով հետագայում 19-րդ դարից սկսեցին կոչել համանման թեմատիկայով առաջակալները և մյուս ստեղծագործությունները, չնայած դրանց մեծ մասը ստեղծվել էին ավելի վաղ։ 17-րդ դարի սկզբին հագուստների (իկօ-ձյու) պատկերումը հաճախ կատարվում էր հորիզոնական և ուղղահայաց թղթագլանների վրա և գրքերի փայտափորագրական նկարազարդումների ժամանակ[1]։ Նմանատիպ նկարազարդումները հրատարակվում էին կանանց վարքագծի մասին գրքերում, որտեղ պատկերվում էր, թե ինչպես պետք է կախել և ցուցադրել օժիտի մեջ մտնող հագուստը[3]։ Հագուստի դարակները հաճախ օգտագործվում էին որպես վարագույր, սենյակում տարածություն առանձնացնելու նպատակով[2]։ Գեղեցիկ հագուստներով նման դարակները ցուցադրում էին դրանց տերերի հարստությունը և հանդիսանում էին յուրահատուկ «նորաձևության ցուցադրություն»[2]։ Ավելի վաղ շրջանի «Տագասոդե» առաջակալներ ներկայումս չեն պահպանվել, բայց հայտնի են 15-16-րդ դարերի արվեստի համանման ստեղծագործություններ[2]։ «Տագասոդե»-ն հաճախ պատկերվում էր անուշաբույր խեժերի տուփերի վրա։ Հագուստի հետ միասին տարբեր ծաղիկներ պատկերելով՝ հեղինակները կարծես ենթադրում էին, թե ինչպիսին պետք է լինի այդ հագուստի հոտը, անծանոթուհու հոտը հաճախ էր հիշատակվում բանաստեղծություններում, որոնց շնորհիվ էլ ստեղծվում էին այդ զարդանկարները[2]։ «Տագասոդե» զարդանկարները մեծ մասսայականություն էին վայելում Մամոյամայի դարաշրջանում և Էդո դարաշրջանի սկզբին[2]։ Դրանց վրա աշխատել են գեղարվեստի տարբեր դպրոցների վարպետներ։ Պահպանված առանձին առաջակալների հեղինակությունը վերագրվում է Տավարայա Սոտացուին կամ նրա աշակերտներին[2]։ Ավելի ուշ որոշ նրբազգաց հանդիսատեսներ շուտով դադարեցին ընկալել «Տագասոդե»-ի նուրբ բանաստեղծական իմաստը և 17-րդ դարի երկրորդ կեսից դրանց մասսայականությունը շեշտակիորեն անկում ապրեց[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «誰ヶ袖図屏風 Tagasode ("Whose Sleeves?")» (անգլերեն). The Metropolitain Museum of Art.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Murase, Miyeko; N.Y., Metropolitan Museum of Art (New York (1975 թ․ հունվարի 1). Japanese Art: Selections from the Mary and Jackson Burke Collection : [exhibition] (անգլերեն). Metropolitan Museum of Art. էջ 163—164. ISBN 9780870991363.
  3. 3,0 3,1 «誰が袖図屏風 Whose Sleeves? (Tagasode)» (անգլերեն). The Metropolitain Museum of Art.