Վլադիմիր Սկալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Սկալոն
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28, 1872(1872-11-28)
ԾննդավայրՄոգիլյով, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 29, 1917(1917-11-29) (45 տարեկան)
Մահվան վայրԲրեստ, Brest County, Գրոդնոյի նահանգ, ՌԽՖՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳենշտաբի ակադեմիա
Մասնագիտությունսպա
Ծնողներհայր՝ Yevstafy Skalon?, մայր՝ Aleksandra Euler?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Վլադիմիր Եվստաֆևիչ Սկալոն (նոյեմբերի 28, 1872(1872-11-28), Մոգիլյով, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1917(1917-11-29), Բրեստ, Brest County, Գրոդնոյի նահանգ, ՌԽՖՍՀ), ռուս գեներալ, ռազմական փորձագետ Բրեստ-Լիտովսկի խաղաղ բանակցություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառ էր։ Մագիլովյան նահանգի պալատականներից էր։ Հայրը էստլանդյան նահանգապետ Եվստաֆի Նիկոլաևիչ Սկալոնն էր, մայրը` Ալեքսանդրա Յակովլևնա Էյլերը (1853-1911)։ Հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերի ժառանգներից է։

1892 թվականին ավարտել է Պաժերի կորպուսը (առաջին ավարտողներից է, անունը գրված է մարմարե տախտակի վրա)[1], Սեմյոնովյան գվարդիայի գնդում եղել է փոխպորուչիկ, ավելի ուշ ավարտել է Նիկոլաևյան ռազմական ակադեմիան (1898 թվական)[2]։

Կոչումներ և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոխպորուչիկ (1892)
  • պորուչիկ (1896)
  • գվարդիայի շտաբս-գեներալ (1898)
  • փոխգնդապետ (1903), գնդապետ (1907)
  • գեներալ-մայոր (1916):

1899-1901 թվականներին եղել է 23-րդ հետևակային դիվիզիայի ավագ ադյուտանտը։ 1901 թվականին նշանակվել է գործավարի օգնական, իսկ 1903 թվականին՝ Գլխավոր շտաբի գեներալ-կվարտիրմեյստերի գործավար։ 1903-1904 թվականներին եղել է Գլխավոր Շտաբի սեղանապետ։

1905-1906 թվականներին ծառայել է որպես Գլխավոր Շտաբի բաժնի ղեկավարի տեղակալ (1904-1905)։ 1906 թվականի մայիսի 1-ին Գլխավոր Շտաբի գլխավոր ղեկավարության գործավար։ 1909 թվականին անցկացրել է գերմանական բանակի ընդարձակման ծրագրի փորձաքննությունը, որը գերմանական հետախուզությունը տարածել էր ապատեղեկատվության նպատակով։ Սկալոնը պարզել է դրա կեղծ լինելը։

Քաղաքական հայացքներով միապետական էր։ Խորհրդային բանակի կողմն անցած գեներալ Բոնչ-Բրուևիչն այսպես է նկարագրել Սկալոնին իր հուշերում[3].

Իմ ընտրությունը կարող է պարադոքսալ թվալ. Սեմյոնովյան գնդի լեյբ-լեյտենանտ Սկալոնը հրամանատարության շրջանում հայտնի էր որպես ընդգծված միապետական։ Սակայն նա աշխատում էր հետախուզական վարչությունում, լուրջ և զինվորական գործը լավ իմացող զինվորական էր և այս տեսանկյունից անբիծ հեղինակություն ուներ։ Միևնույն ժամանակ ինձ թվում էր, որ նրա անհաշտ վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչը մի փոքր անգամ շեղվում էր բացարձակ միապետությունից, պետք է որ ստիպեր նրան հատուկ խստությամբ վերաբերվել հաշտության բանակցություններին և այդ պատճառով էլ հիանալիորեն կատարել իմ հրահանգը, այն է` հրամանատարությանը մանրամասնորեն տեղեկացնել բանակցությունների ընթացքի մասին։

Ինքնասպանություն Բրեստ-Լիտովսկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի նոյեմբերին նշանակվել է ռազմական խորհրդատու Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններում, որտեղ պետք է գլխավորեր հաշտության կոմիտեն[4]։ Խորհրդատուները ժամանեցին քաղաք նոյեմբերի 29-ին, և մի քանի ժամ հետո Սկալոնն ինքնասպանություն գործեց. ցերեկվա ժամը երեքին սկսված փակ խորհրդակցության ժամանակ նա դուրս եկավ իրեն հատկացված սենյակ ու հայելու առաջ կրակեց ինքն իրեն։ Ըստ զինվորական կոմիտեի մեկ այլ անդամ փոխգնդապետ Ջոն Գուգովիչ Ֆոկկեի` սեղանին եղել է հետևյալ գրությունը. «Մոգիլև, Աննա Լվովնա Սկալոնին։ Մնաս բարով, իմ չքնաղ Անյուտա, մի դատիր ինձ, կներես, ես այլևս ապրել չեմ կարող, օրհնում եմ քեզ ու Նադյուշային։ Մինչև գերեզման քո` Վոլոդյա»։

Ժամը 17:00-ին նշանակված խորհրդակցությունը հետաձգվում է։ Գերմանացիները հանգուցյալի հանդեպ շատ հարգալից էին։ Հաջորդ օրը գեներալ Հոֆմանը բացեց բանակցությունները` ցավակցություն հայտնելով ռուս գեներալի ողբերգական մահվան կապակցությամբ։ Հանգուցյալի դագաղի մոտ պատվո պահակախումբ էր կանգնեցված, իսկ Բելոստոկից ճեպընթացով Բրեստ ժամանեց հոգևորական ու եկեղեցական երգչախումբը։

Կազմակերպվեց հանդիսավոր թաղում, որին մասնակցում էր գրեթե ողջ գերմանական շտաբը` արքայազն Լեոպոլդ Բավարսկու գլխավորությամբ, ինչպես նաև ներկա էին բանակցող այլ կողմերի ներկայացուցիչներ ևս։ Արքայազն Լեոպոլդն արտասանեց կարճ սգո խոսք։

Սկալոնին փոխարինած գեներալ Սամոյլան ինքնասպանության պատճառ էր համարում «Սկալոնի կնոջ անբարո պահվածքը», որի մասին Սկալոնին իբր թե գրել էր իր ծանոթների մեկը[4]։ Բոնչ-Բրուևիչի հուշերում ինքնասպանության պատճառն այլ է. Սկալոնը ցնցված էր գերմանացի գեներալների հավակնոտ պահանջներից ու անպատկառ պահվածքից։

Ըստ Ֆոկկեի, Սկալոնը, ինչպես և այլ ռուս լեյտենանտներ, ճնշված էին ստորացուցիչ պարտությունից, բանակի տապալումից ու երկրի անկումից։ Ինքնասպանությունը մեկնաբանում էին նաև գերմանացիները։ Սամոյլոն հիշում է, որ ողբերգության հաջորդ օրը Հոֆմանն իրեն դիմավորել է հետևյալ խոսքերով. «Ահ, փաստորեն դուք եկել եք փոխարինելու խեղճ Սկալոնին։ Չկարողացավ նա տանել իր երկրի խայտառակությունը։ Դուք էլ ամուր եղեք»։ Այս նույն պատճառոը կրկնվում է նաև բարոն Բուդբերգի ու կոմս Իգնատևի հուշերում։

Խորհրդային կառավարությունը ցավակցություններ հայտնեց գեներալի այրուն և թոշակ նշանակեց նրան ու անչափահաս դստերը։

1939 թվականին «Մեր գործը» հանդեսում լույս տեսավ Սկալոնի ավելի վաղ գրված նամակը, որը, ինչպես հավաստվում է, գրվել էր Բրեստ-Լիտովսկ գնալուց առաջ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից ոչ շատ առաջ ամուսնացել է Աննա Լվովնա Լվովայի հետ։ Ունեցել են երկու երեխա. Նադեժդան (1915-1977) և Նինան, ով ծնվել էր 1918 թվականին ու մահացել մանկահասակ տարիքում։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիշատակվում է հայտնի գրող Պիկուլի «Պատիվ ունեմ» վեպի մեջ։
  • Դմիտրի Գալկովսկին Սկալոնին նվիրել է «Սկալոնի սխրանքը» հոդվածը, որտեղ նշել է, որ «եթե սպիտակները հաղթեին, Սկալոնի անունն այսօր կիմանար ամեն մի ռուս դպրոցական, նրա անունով փողոցներ ու հրապարակներ կանվանակոչեին, նրան նվիրված հուշարձաններ կդնեին։ Իրականում հենց դա է հերոսական արարքը. մեկ հոգու գիտակցական մահը հանուն համընդհանուր արդարության»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պաժերի կորպուսի շրջանավարտներ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  2. «Նիկոլաևյան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  3. Бонч-Бруевич М. Д. Вся власть Советам! — М.: Воениздат, 1958
  4. 4,0 4,1 Самойло А. А. Две жизни — 2 հրատ., Л., 1963