Վլադիմիր Հարությունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Հարությունով
Ծնվել էհունիսի 6, 1946(1946-06-06)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Պարգևներ և
մրցանակներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ

Վլադիմիր Սերգեյի Հարությունով (հունիսի 6, 1946(1946-06-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), քիմֆիզիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ[2]։ ՌԳԱ Ն. Սեմյոնովի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, Ի. Գուբկինի անվան Նավթի և գազի ՌՊՀ ամբիոնի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Հարությունովը ծնվել է 1946 թվականի հունիսի 6-ին, Մոսկվայում, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրատեխնիկ Սերգեյ Հարությունովի և Ռուզաննա Հարությունովայի ընտանիքում[3]։ Հայրը եղել է մետալուրգիական գործարանների նախագծման պետական ինստիտուտի էլեկտրատեխնիկական բաժնի ղեկավարն, մայրը՝ «Էլեկտրահաղորդակ» համամիութենական նախագծային գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1964 թվականին Հարությունովն ավարտել է դպրոն ու ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը։ 1967 թվականին տեղափոխվել է ՄՖՏԻ-ի քիմիական և մոլեկուլային ֆիզիկայի ֆակուլտետի պլազմայի ֆիզիկայի ամբիոն և պրակտիկա անցել Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտում՝ ռուս գիտնական, ԷՊՌ-ի հայտնագործող, ակադեմիկոս Ե. Կ. Զավոյսկու լաբորատորիայում։ 1968 թվականին Հարությունովը նախադիպլոմային պրակտիկան անցել է ՌԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, իսկ 1970 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո դարձել այդ կառույցի աշխատակից։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարությունովի գիտական աշխատանքի առաջին շրջանը կապված է գազաֆազ և հետերոգեն ֆտորացման ռեակցիաների ուսումնասիրությունների հետ, որոնք մեծ նշանակություն ունեին ՌԳԱ թղթակից անդամ Վ. Տալռոզեի ղեկավարությամբ իրականացվող հզոր քիմիական լազերների ստեղծման աշխատանքների համար։ Այդ արդյունքների հիման վրա 1978 թվականին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում Հարությունովը պաշտպանել է «Ատոմական ֆտորի և եռֆտորմեթիլ ռադիկալների որոշ ռեակցիաների փորձնական ուսումնասիրություն» թեմայով ատենախոսությունը և ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Հարությունովը հետագա գիտական գործունեությունը շարունակել է ՌԳԱ ՔՖԻ կինետիկայի և կատալիզի բաժնում, նախ ակադեմիկոս Վ. Կոնդրատևի ղեկավարած լաբորատորիայում, այնուհետև՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ն. Սեմյոնովի լաբորատորիայում։ Այդ տարիներին Հարությունովը մասնակցել է գազաֆազ կինետիկայում նոր ուղղության մշակման՝ իմպուլսային ֆոտոլիզի և կինետիկական ռեզոնանսա լյուորեսցենտային սպեկտրասկոպիայի եղանակների կիրառմամբ բարդ ու նաև շղթայական ճյուղավորված պրոցեսների ուսումնասիրման գործընթացին։ Այդ աշխատանքների իրականացման շնորհիվ առաջին անգամ որոշվեցին մեծ թվով տարրական ռադիկալային ռեակցիաների արագության հաստատուններ, որոնց մեծ մասը ընդգրկվել են համաշխարհային կինետիկական, այդ թվում նաև NIST-ի տվյալների բազայում։ Բացահայտվել են մի շարք բարդ ռադիկալային ռեակցիաների, մասնավորապես ֆոսֆորի, ֆոսֆինի և ջրածնի նոսրացված բոցերի առաջացման մեխանիզմների առանձնահատկությունները, մշակվել է թթվածնի ատոմների և օլեֆինների ոչ ադիաբատ փոխազդեցության մեխանիզմը։

1993 թվականին Հարությունովը ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ն. Սեմյոնովի մահից հետո Հարությունովը տեղափոխվել է գիտնական, ակադեմիկոս Ա. Նալբանդյանի հիմնած ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիա, որտեղ իրականացրել է գազային ֆազում ծծմբի միացությունների և ածխաջրածնի փոխազդեցության և C-S-H-O համակարգում գազաֆազ պրոցեսների կինետիկական մոդելավորման ուսումնասիրությունների մեծածավալ համալիր։ Այդ հետազոտությունների գործնական արդյունքը եղավ գունավոր մետալուրգիայում թափոնային ծծմբային գազերը բնական գազով վերականգնելու տեխնոլոգիայի կատարելագործումը Նորիլսկի մետալուրգիական կոմբինատում։

Բացի ՌԳԱ ՔՖԻ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայից, Հարությունովը ղեկավարում է նաև քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՌԳԱ ՔՖՊԻ) գազաքիմիական պրոցեսների տեխնոլոգիաների միավորված լաբորատորիան Չեռնոգոլովկայում։ Նրա հետազոտությունների հիմնական ուղղությունը թեթև ալկանների ոչ լրիվ օքսիդացման պրոցեսների կինետիկան է և այդ ռեակցիաների հիման վրա նոր տեխնոլոգիական պրոցեսների հիմունքների մշակումը, այդ թվում՝ օլեֆինների, ալիֆատիկ սպիրտների, ալդեհիդների և այլ օքսիգենատների ստացումը։ Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և հետազոտվել են օքսիդացման ստացիոնար ճյուղավորված շղթայական ռեժիմները, սառը բոցային ռեժիմները և մեթանի օքսիդացման դեպքում բացասական ջերմաստիճանային գործակցի տիրույթի առկայությունը։ Բացահայտվել և ուսումնասիրվել է թթվածնով մեթանի օքսիդացման ճյուղավորված-շղթայական պրոցեսի արգելակման երևույթը, հաստատվել են բարձր ճնշման պայմաններում մեթանի փոխարկման պրոցեսներում կատալիզատորների ցածր արդյունավետության պատճառները, ուսումնասիրվել է ածխաջրածինների փոխարկման պրոցեսների վրա ակտիվ կենտրոնների առաջացման արագության ազդեցությունը, և տեսականորեն հաստատվել է C2 ածխաջրածինների սահմանային ելքերի առկայությունը մեթանի օքսիդային կոնդենսացման դեպքում[4][5][6]։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարությունովը վարում է նաև մանկավարժական ակտիվ գործունեություն։ 2001-2004 թվականներին եղել է Մենդելեևի անվան Ռուսաստանի քիմիկատեխնոլոգիական համալսարանի «Կայուն զարգացման պրոբլեմներ» ամբիոնի պրոֆեսոր, 2004 թվականից Ի. Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի «Գազաքիմիա» ամբիոնի պրոֆեսոր է և դասախոսություններ է կարդում Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկաքիմիական ճարտարագիտության ֆակուլտետում։ Դասախոսություններ է կարդացել Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանում։

Հարությունովի ղեկավարությամբ պաշտպանվել է բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ։ Տպագրված աշխատությունների ընդհանուր թիվն անցնում է 400-ը, որոնցից թվում են մենագրություններ, ներառյալ արտասահմանում տպագրվածները, և արտոնագրեր։ Գազաֆազ պրոցեսների և գազաքիմիայի կինետիկայի ոլորտում կատարվող հետազոտություններին զուգընթաց Հարությունովի շատ աշխատանքներ նվիրված են գիտական գործունեության սոցիոլոգիական հիմունքներին, էներգետիկային և էկոլոգիական խնդիրներին[7]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Окислительные превращения метана, М., 1998 (համահեղինակ).
  • Социологические основы научной деятельности, М., 2003 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10631
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «Հարությունով Վլադիմիր Սերգեյի (1946-)։ ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  5. «Арутюнов Владимир Сергеевич | РГУ нефти и газа (НИУ) имени И.М. Губкина». www.gubkin.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  6. «Арутюнов В.С. — кафедра Газохимии». gaschemistry.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Арутюнов Владимир Сергеевич – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.