Վիլյույի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vilyuy River Dam Chernyshevsky.jpg

Վիլյույի ջրամբար (ռուս.՝ Вилюйское водохранилище, ВВ), ջրամբար Ռուսաստանում, որ ստեղծվել է Վիլյույի հէկի կողմից Լենա գետի վտակ Վիլյույ գետի վրա։ Վիլյույի ջրամբարը տեղակայված է Յակուտիայում՝ Կրասնոյարսկի երկրամասի հետ սահմանին մոտ։ Գտնվում է Ենիսեյ գետի վտակ Ստորին Տունգուսկայից մոտավորապես 80 կմ դեպի արևելք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյույի ջրամբարն ստեղծվել է 1965-1967 թվականներին, երբ Վիլյույի հէկի համար ամբարտակ է կառուցվել Վիլյույ գետի վրա։ Ջրամբարի ստեղծման ժամանակ ջրի տակ են անցել 2,3 հազար հա գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածություններ, ինչպես նաև տեղափոխվել է 50 կառույց[1]։

Ջրամբարի՝ ծովի մակարդակից 246 մետր բարձրության դեպքում նրա մակերեսը կազմում է 2360 կմ²։ Հէկի նախագծի համաձայն՝ ջրամբարի ջրի մակարդակը կարող է բարձրանալ մինչև 249 մ, իսկ հէկի աշխատանքի համար անհրաժեշտ ջրի նվազագույն մակարդակը 231 մ է, ինչը հավասար է տատանումների թուլյատրելի առավելագույն չափին՝ 18 մ[1]։ Վիլյույի ջրամբարի ջրի մակարդակի զգալի տատանումները պայմանավորված են առաջին հերթին տարբեր տարիներին եղած տեղումների քանակների տարբերությամբ։

Ջրի տարեկան միջին հոսքը կազմում է 20 կմ³: Ջրամբարի միջին ծավալը հավասար է 40,4 կմ³, որի մեջ է մտնում նաև ջրամբարի օգտակար ծավալը՝ 22,4 կմ³[1]:

Վիլյույի ջրամբար են թափվում Վիլյույ, Չոնա գետերը[2]։ Ջրամբարից դուրս է հոսում Վիլյույ գետը։

Վիլյույ ջրամբարի երկարություն կազմում է 470 կմ, լայնությունը՝ 18 կմ։ Ամենամեծ խորությունը 70 մետր է, միջին խորությունը՝ 17 մետր։ Վիլյույ ջրամբարի ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 141 150[1] կմ²։

Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյույի ջրամբարն օգտագործվում է Վիլյույ գետի հոսքի սեզոնային ու բազմամյա կարգավորման համար, ինչպես նաև ջրամատակարարման, նավագնացության ու ձկնորսության նպատակներով։ Վիլյույի ջրամբարում ապրում են տարբեր ձկնատեսակներ, որոնցից են նելման, չիրը և այլն։ Հէկի ջրթողիչից դուրս հոսող ջուրն օգտագործվում է Վիլյույ գետի ներքին հոսանքում նավագնացության համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար[3]։

Վարարում 2008 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին եղած առատ տեղումների պատճառով այդ շրջանում ջրամբարում ավելացավ 38 կմ³ ջուր, որից 23 կմ³-ը դուրս է թողնվել հէկի ջրաթողիչից։ Ընդ որում՝ նախկինում ջրամբարից ջուրը դուրս է թողնվել մեծ քանակությամբ տեղացած ձնի պատճառով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Гидроузлы на р. Вилюй Archived 2020-02-18 at the Wayback Machine., ОАО РусГидро, Ленгидропроект
  2. Немного истории(չաշխատող հղում), Обзор. 9. Вилюйское водохранилище, р.Вилюй Archived 2011-01-16 at the Wayback Machine.
  3. Вилюйский гидроузел: социально-экологические последствия, [1](չաշխատող հղում)
  4. Вилюйское водохранилище под контролем гидроэнергетиков(չաշխատող հղում), 18 сентября 2008 г., Новости ОАО «ЯкутскЭнерго»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]