Jump to content

Վիլիա միսերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուենոս Այրեսի Վիլիա-31-ը
Ռոսարիոյի մերձակա վիլիաներից մեկը

Վիլիա միսերիա (իսպ.՝ Villa miseria, թարգմանաբար նշանակում է աղքատության քաղաք[1], հոգն. թվով՝ villas miseria[2], կամ պարզապես՝ villa)) - առանց իշխանությունների թույլտվության ստեղծված բնակավայրերի, հետնախորշերի ընդհանուր անվանումը Արգենտինայում։ Դրանց բնորոշ է խիտ բնակեցված լինելը, կացարանների ժամանակավոր բնույթը։ Անվանումը ծագել ու տարածվել է Բեռնարդո Վերբիտսկու Villa Miseria también es AméricaՎիլիա միսերիան նույնպես Ամերիկա է») վեպից, որտեղ նկարագրված են ժամանակավոր կացարաններում ապրողների կյանքի դժվար պայմանները «անփառունակ տասնամյակի» ժամանակաշրջանում։ Այդ կարգի բնակավայրերում ապրողներին անվանում են «վիլիերո» (իսպ՝. villero)[3]: Երկրի տարբեր կառավարությունների (ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական) օրոք իշխանությունները փորձել են արմատականորեն լուծել հիմնախնդիրը՝ ժամանակավոր կացարանները քանդելով և որոշակի հաջողությամբ դրանք փոխարինելով նորմալ բնակարաններով։

Ժամանակավոր այդ կացարանները թիթեղից, փայտից, կավից, ձեռքի տակ եղած այլ նյութերից պատրաստված խրճիթներ, խորդանոցներ են։ Վիլիաներում, որպես կանոն, փողոցները սալարկված չեն, բացակայում են սանիտարական պայմանները։ Ջրատար և կոյուղատոար ցանցը, եթե կա, կիսատ-պռատ վիճակում է, մի կերպ հարմարեցված։ Էլեկտրամատակարարումը, եթե կա, ապահովվում է հիմնական ցանցին գաղտնի, ապօրինի միացումների միջոցով։

Վիլիաները մեծ մասամբ անկանոն կերպով առաջացել են մեծ քաղաքների մերձակայքում։ Ռոսարիոյի բնակչության 13, Բուենոս Այրեսի և Կորդովայի՝ 5-10 տոկոսը, 2009 թվականի մարդահամարի տվյալներով, բնակվում էր վիլիաներում։ Դրանցից ամենախոշորը Բուենոս Այրեսի մերձակայքում գտնվող Villa 31-ն էր, որտեղ ապրում էր շուրջ 26.000 մարդ[4]։ 10.000-ական բնակիչ ունեին Սան Իսիդրոյի La Cava-ն և Կորդովայի Villa La Tela-ն։

Վիլիաներում ապաստանածները կամ ծայրը ծայրին չհասցնող տեղացիներ են, կամ ներգաղթածներ։ Նրանց շրջանում մեծ է թմրանյութերի վաճառքի ու օգտագործման, գողությունների, սպանությունների և այլ հանցագործությունների թիվը[5]։

Իշխանությունները տասնամյակներ շարունակ տարաբնույթ միջոցառումներ են մշակել ու ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։ Եղել են բռնի տեղահանություններ՝ առանց այլընտրանքային բնակարանի տրամադրման (մանավանդ՝ ֆուտբոլի աշխարհի 1978 թվականի առաջնության նախապատրասության շրջանում), սակայն հիմնականում ջանքեր են գործադրվում բնակարանային շինարարությանը լայն թափ հաղորդելու կամ վիլիաներում պայմանները բարելավելու միջոցով հասնել հիմնախնդրի լուծման։ Այդ նպատակով մշակվել են Programa de Mejoramiento de Barrios (կրճատ՝ Promeba), Programa Nuevos Barrios և համանման այլ ծրագրեր, որոնց իրագործումը հնարավորություն կընձեռի համեմատաբար կարճ ժամանակամիջոցում նկատելիորեն բարելավել վիճակը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Редкол.: В. В. Вольский и др. Аргентина // Южная Америка. — М.: Мысль, 1983. — С. 193. — 285 с. — (Страны и народы). — 180 000 экз.
  2. Пименова Р. А. Аргентина. — М.: Мысль, 1987. — С. 59. — 130 с. — (У карты мира). — 85 000 экз.
  3. Шейнбаум Л. С. Аргентинцы // Семья у народов Америки / Богина Ш. А.. — М.: Наука, 1991. — С. 283. — 312 с. — 1550 экз. — ISBN 5-02-010049-8
  4. Villa 31: uno de cada dos habitantes es extranjero y uno de cada cinco aún no tiene vivienda propia Արխիվացված 2011-12-18 Wayback Machine, perfil.com, 25. April 2009
  5. José A. Friedl Zapata: Argentinien. Natur, Gesellschaft, Geschichte, Kultur, Wirtschaft, Erdmann Verlag, Tübingen/Basel 1978, ISBN 3-7711-0307-X, Kapitel "Argentinien nach dem Sturz von Isabel Perón"
  6. Artikel Արխիվացված 2007-09-30 Wayback Machine in der Zeitung La Voz del Interior
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլիա միսերիա» հոդվածին։