Սպեկտրային սարքեր
Սպեկտրային սարքեր, օպտիկական տիրույթի ( մկմ) էլեկտրամագնիսական ճառագայթումը ըստ ալիքի երկարության (կամ հաճախականության) տարրալուծելու օպտիկական սարքեր, որոնք հնարավորություն են տալիս նյութի առաքած, կլանած անդրադարձրած կամ ցրած լույսի սպեկտրային բաղադրությունը հետազոտելով՝ գաղափար կազմել նյութի կառուցվածքի և հատկությունների մասին: Սպեկտրային սարքերը օգտագործվում են նաև ալիքի որոշակի երկարության (նեղ շերտի) մեներանգ ճառագայթում ստանալու համար։ Գոյություն ունեն բազմաթիվ սպեկտրային սարքեր, որոնք կարելի է դասակարգել ըստ միաժամանակ գրանցվող սպեկտրային տիրույթների (կանալների) թվի և ըստ սպեկտրային տիրույթի տարրալուծման ֆիզիկական մեթոդի։
Առաջին խմբին են պատկանում միականալ և բազմականալ սպեկտրային սարքեր, երկրորդ խմբին՝ ընտրողական զտման («դասական» մեթոդներ) և ընտրողական մոդուլման («նոր» մեթոդներ) մեթոդներով աշխատող սպեկտրային սարքեր։
Ամենատարածված և հին սպեկտրային սարքերը միականալ և բազմականալ դասի սարքերն են, որոնցում օգտագործվում է սպեկտրի տարածական տարրալուծման մեթոդը (ընտրողական զտում)։ Այսպիսի սպեկտրային սարքերի հիմնական մասը դիսպերսող տարրն է (պրիզմա, դիֆրակցիոն ցանց, Ֆաբրի–Պերոյի ինտերֆերոմետր ևն)։ Դիսպերսող տարրը կոլիմատորից եկող զուգահեռ ճառագայթների փունջը տարրալուծում է ըստ ալիքի երկարության, իսկ օբյեկտիվը կիզակետային հարթությունում ստեղծում է ճեղքի պատկերը՝ ալիքի տարբեր երկարություններին համապատասխան։ Որոշ սպեկտրային սարքերում առանձին օպտիկական տարրեր կարող են չլինել։ Օրինակ, այն սպեկտրային սարքերում, որտեղ դիսպերսող տարրը գոգավոր դիֆրակցիոն ցանցն է, և օբյեկտիվները բացակայում են, որովհետև դրանց դերը կատարում է գոգավոր ցանցը։ Որոշ սարքերում կարող է բացակայել կոլիմատորի ճեղքը (անճեղք սպեկտրոգրաֆներ)։
Միականալ սպեկտրային սարքերի կիզակետային հարթությունում ստացված ամբողջ սպեկտրից առանձնացվում է որոշակի սպեկտրային տիրույթ։ Մոնոքրոմատորներում դա իրականացվում է կիզակետային հարթությունում ելքի մի ճեղք տեղավորելով։ Առանձնացված սպեկտրային տիրույթի սահուն փոփոխումն իրականացվում է դիսպերսող տարրի պտույտով։ Պարզագույն մոնոքրոմատորներում դիսպերսող տարրը փոխարինվում է թողարկման նեղ շերտ ունեցող լուսազտիչով կամ պտտվող սեպաձև լուսազտիչով։ Մոնոքրոմատորների հիման վրա են կառուցված սպեկտրոմետրերը և սպեկտրալուսաչափները։ Սպեկտրոմետրերը հիմնականում միաճառագայթ սարքեր են և օգտագործվում են կլանման և առաքման սպեկտրները (այդ սպեկտրներում տարբեր երկարության ալիքների հարաբերական ինտենսիվությունը) չափելու համար։ Սպեկտրալուսաչափը երկճառագայթ սարք է և հնարավորություն է տալիս չափել կլանման սպեկտրները՝ համեմատելով չափվող և էտալոնային կանալների լուսային հոսքերը, որոնք պտտվող օպտիկական մոդուլյատորի միջոցով հերթականությամբ ուղարկվում են դեպի մոնոքրոմատոր։ Երբ երկու կանալներում լուսային հոսքերի մեծությունները հավասարվում են, համակարգը գտնվում է հավասարակշռության մեջ, և օպտիկական սեպը մնում է անշարժ։ Ալիքի երկարության փոփոխության դեպքում հետազոտվող նմուշի թողունակությունը (կլանումը) փոխվում է, և համակարգի հավասարակշռությունը խախտվում է․ առաջանում է համապատասխան ազդանշան, որն ուժեղացնելով, տրվում է սեպը շարժման մեջ դնող շարժիչին։ Սեպը կշարժվի այնքան, մինչև երկու կանալներում հոսքերը հավասարվեն։ Սեպի հետ համընթաց շարժվող ինքնագրիչը շարժական ժապավենի վրա գրի է առնում կլանման կորը։ Սպեկտրալուսաչափի տարատեսակներից են սպեկտրոֆլուորիմետրը (ֆլուորեսցենցումը հետազոտելու համար), սպեկտրաբևեռաչափը (լույսի բևեռացումը հետազոտելու համար), սպեկտրոռեֆրակտոմետրը (բեկման ցուցչի դիսպերսիան հետազոտելու համար) ևն։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ սարքերն օգտագործում են լույսի սպեկտրի կառուցվածքի քանակական և որակական բաղադրությունը՝ ճառագայթող, կլանող, ցրող և անդրադարձող նյութի, հետազոտելու համար։ Այս հետազոտությունները թույլ են տալիս դատել նյութի հատկությունների, քիմիական կառուցվածքի, ֆիզիկական երևույթների, ինչպես նաև լույսի և նյութի համագործակցության մասին։
Սպեկտրային սարքերը գործածվում են նաև տրված սպեկտրյալ կազմի ստացման համար։ Այս սարքերում որպես հիմնային էլեմենտ է օգտագործվում դիֆրակցիոն ցանցը, որն էլ իրականացնում է ճառագայթման բաժանումը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից սպեկտրային սարքերի մեծ մասամբ համարվում են «դասական», քանի որ այն ընդլայնում է ճառագայթման սպեկտրը։
«Դասական» օպտիկական սարքերը կարելի է բաժանել 2 խմբի.
Մոնոքրոմատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնոքրոմատորները նախատեսված են տրված սպեկտրալ ինտերվալում ճառագայթումն առանձնացնելու համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тарасов К․ И․, Спектральные приборы, Л․, 1968
- Пейсахсон И․ В․, Оптика спектральных приборов, Л․, 1970
- Зайдель А․ Н․, Островская Г․ В․, Островский Ю․И․, Техника и практика спектроскопии, М․, 1972․
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 61)։ |