Սուրբ Հովհաննես եկեղեցի (Առինջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Saint Hovhannes church of Arinj D-A (2).jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունգյուղ Առինջ, Կոտայքի մարզ, Հայաստան
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն

Սուրբ Հովհաննես եկեղեցի, կրոնական կառույց Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Եկեղեցին գտնվում է գյուղի հին մասի կենտրոնում՝ ծովի մակերևույթից 1305 մ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մասին տեղեկություններն առաջին անգամ հիշատակվել են 1839 թվականին, երբ առաջին անգամ գյուղում Սուրբ Աստվածածին անվամբ ծխական եկեղեցի է հիշվում. «... եկեղեցին յանուն սուրբ Աստուածածնի»[1]։ Նույն անվամբ եկեղեցին հիշվում է նաև 1842 թվականին[2]։

Շուրջ երեք տասնամյակ անց եկեղեցու շենքն արդեն հասցրել էր այն աստիճան քայքայվել, որ 1879 թվականին որոշում են հնի փոխարեն բոլորովին նոր եկեղեցի կառուցել (վկայված է Սուրբ Հովհաննես անվամբ, որը մինչ նշյալ թվականն իրականացված նորոգությանը կամ վերակառուցմանը հաջորդած վերաօծման արդյուք էր)։

Նոր եկեղեցու կառուցման համար Բաղդասար Հարությունյանը, Պապի Սահակյանը, Հակոբ Փիլիպոսյանը, Ղուկաս Այդինյանը և Թադեոս Գևորգյանը 1879 թվականի սեպտեմբերի 22-ին պայմանագիր են կնքում երևանաբնակ վարպետ Մելքոն Դավթյանի հետ։

1880 թվականի նոյեմբերի 5-ին եկեղեցու կառուցման խնդրով գյուղի հասարակությունը դիմում է Երևանի վիճակային կոնսիստորիային.

Aquote1.png ... սուրբ Յովհաննէս եկեղեցին գեղջ մերոյ գոլով փայտաշեն և կաի յոյք անշուք խանգարեալ դրութեան, ցանկամք նորոգել և հաստատել ի վերայ նախկին հոյակապ հիմանն սրբատաշ քարամբք և շքեղ երկաթակապ լուսամուտօք...: Ուսքի առ այն այժմ ունիմք եկեղեցական գումար աւելի քան զերիս հազար րուբլիս...: Ի սկսանել մեր շինուոեան յոյս ունեմք ամբողջութեամբ հաւաքել...: Յարակցեմք և զայս, թէ ի պակասել ծախուցն խոստանամք ի հասարակութենէս հոգալ զպակասորդն այնր շինութեան։ Վասն որոյ խնդրեմ վաղափոյթ տնօրէնութիւն Ատենիս, մինչդեռ կարելին համարի դիւրագին վարձել զվարպետս առ ի պատրաստութիւն յառաջիկայ գարնանս սկսանելոյ զշինութիւնն։ Aquote2.png


Թույլատվությունը տրվում է 1880 թվականի մայիսի 9-ին։

Այնուհետև եկեղեցին միևնույն՝ Սուրբ Հովհաննես անվամբ հիշվում է հետագա տարիներին (օրինակ՝ 1909 թվականին)։

Խորհրդային տարիներին եկեղեցթր շենքը գործածվում էր որպես պահեստ։

2006 թվականին արդեն բավականաչափ քայքայված կառույցը վերանորոգվում է պոլսահայ բարերար Մկրտիչ Սերթշիմշեքի, Պետրոս Շիրիանօղլու, Կ. Պոլսի Բերայի Սբ. Երրորդություն եկեղեցու թաղային խորհրդի նախագահ Աբիգ Հայրապետյանի, առինջեցի գործարար Գ. Ջանվելյանի և այլոց օժանդակությամբ։ Եկեղեցու վերաբացման առիթով օծումը կատարվում է 2007 թվականի հուլիսի 7-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱԱ, ֆ․ 56Պ, ց․ 12, գ․ 10, թ․ 5։ Տե՛ս նաև Շահխաթուրեանց Յ․, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, Էջմիածին, 1842, էջ 160։
  2. ՀԱԴ, ֆ․ 56, ց․ 4, գ․ 617, թ․ 32։
  3. Կարապետյան Սամվել (2015)։ Առինջ գյուղի պատմական հուշարձանները։ Երևան: ՀՃՈՒ հիմնադրամ։ էջ 44։ ISBN 978-9939-843-27-8