Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գավազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Գավազ
Քարտեզ
Քարտեզ

Գավազ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Գավազ գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին կամ Վերին Գավազի հայոց եկեղեցին մինչև 1900 թվականը հիշվել է Սուրբ Աստվածածին անվամբ։ Այդ ժամանակաընթացքում եկեղեցին եղել է քայքայված ու հնացած[1]։ 1901-1909 թվականներին եկեղեցին հիշվել է Սուրբ Սարգիս[2], իսկ 1910-թվականին՝ Սուրբ Գևորգ անվամբ[3]։

1909 թվականի մարտի 5-ին մի հայտարարության մեջ գյուղի ծխատեր քահանա Գևորգ Մելիքյանցը և երեցփոխ Նիկողայոս Սիմոնյանցը գրել են՝ «Մեզ անհրաժէշտ պարտականութիւն ենք համարում յայտնել ձեր բարեկրօնութեանը հետևեալ ցաւալի դեպքը, որ Ախալսօփէլ գիւղի, նոյն է Նոր Գաւազ (հնարավոր է, որ պետք է լինի՝ Հին Գավազ) հայոց տախտակամած Ս. Սարգիս անուանեալ եկեղեցին, նոյն գիւղի վրաց հասարակութիւնը, որ բաղկացած է 500 տանից աւելի կրօնին հակառակ և մեր ազգութեանը վնասելու համար՝ համարձակ, օր ցերեկով խմբովին յարձակուել էին անցեալ 1908 թուին, մի բուռն փոքրամասն հայերի աչքի առաջ բոլորովին յիմնայատակ էին արել, տանելով իրանց յետ եկեղեցւոյ բոլոր տախտակները և գերանները սեպհականացնելով իրանց...»[4]։

1910 թվականի մեկ այլ վավերագրում նշված է՝ «Ի գիւղն Հին Գաւազ նոյն է Ախալսոփէլ յանուն Ս. Գէորգայ փայտաշէն եկեղեցի այժմ քայքայեալ հիմնովին ի ձեռն վրաց հասարակութեան»[5]։

Վրացիները վկայել են, թե այդ եկեղեցին դեռևս 13 տարի առաջ եղել է անտեր և քանդվելուց է եղել։ Ըստ ամենայնի՝ ասվածն իրողություն է եղել, քանի որ 1900 թվականի հիշատակված վավերագրերից մեկում նշված է «հնացեալ»[1] շենք։ Վրացիները պնդել են, որ եկեղեցու տախտակները տարել են լեզգիները[6]։

Այդ առթիվ Թելավի գործակալ Աբել ավագ քահանա Սուքիասյանը 1912 թվականին գրել է, որ գյուղը «Թէլաւից հեռու է 60 վերստ և Ղուարելից սկսած մինչև այդ գիւղը խճուղին չորս կողմից շրջապատուած է լեզգի բնակիչներով։ Այդ գիւղի հայոց եկեղեցու մակարդակը՝ գտանք ոչընչացրած եկեղեցու նախկին տեղը։ Բայց եկեղեցու գաւթի սահմանը ոչ ծխատէր քահանան և ոչ հայ բնակիչներ, որոնց թիւը ամբողջ գիւղում գաղթական, եկւոր վաճառականների հետ 12 տուն է չկարողացան որոշել-ցոյց տալ։ 700 տուն վրացիներ միացած գիւղապետի հետ հակառակ էին նախկին հայոց եկեղեցու տեղը կրկին հայերին յատկացնելու, չնայելով որ նա շինուել է դեռևս 1850 թ.: Եղած եկեղեցու շուրջը այժմ շինուել է գիւղական դատարան, գրադարան-ընթերցարանը, բանտը և այլ շինութիւններ, իսկ ընդարձակ հրապարակը յատկացուել է ժողովներին, այնպէս որ եկեղեցու տեղը գտնւում է գիւղի տրամադրութեան ներքոյ, որովհետև հայերը տարիների ընթացքում հեռացել են այդ տեղից և բուն բնակիչներից մնացել է միայն 3 տուն...»[7]։

1909 թվականին ծատեր քահանա է հիշվում Գևորգ Մելիքյանցը[8]։ 1910 թվականի մեկ այլ վավերագրից պարզվում է, որ ծխականների հոգևոր կարիքները բավարարելու համար քահանան եկել է Ղվարելից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 8
  2. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 2, գ. 3915, թ. 6
  3. 3,0 3,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 5
  4. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3443, թ. 4
  5. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 5: Պարզ է, որ խոսքը նույն եկեղեցու մասին է, բայց մի դեպքում՝ Սբ. Սարգիս, մյուսում՝ Սբ. Գևորգ և մի տեղ էլ Նոր Գավազ (Ախալսոփել), մյուսում՝ Հին Գավազ (Ախալսոփել). այս ամենն ակնհայտ շփոթի արդյունք է
  6. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3443, թ. 12
  7. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, թ. 9:
  8. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, թ. 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]