Սիրիջի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրիջի, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Հաբանդ և Բաղք գավառների սահմանագլխին։ Անվանումը հավանաբար առաջացել է շրեշ բույսից, որն առատությամբ աճում է բերդի տարածքում։ Հայտնի է Շրեշ, Շիրիջ, Շիրիշ, Սիրիշ անուններով, հավանաբար նույն Ձագեձորի, Հաբանդի բերդն է։ Ներկայումս գտնվում է Գորիս քաղաքից հյուսիս, Գորիս գետի ափին (Վարարակն գետ)։ Բերդի մասին վիմագրական և մատենագիտական աղբյուրները սուղ են։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի բերդը կառուցել է Սիսակ նահապետի որդին՝ Ձագը, որից էլ առաջացել է Ձագաբերդ անվանումը[1]։ Ըստ ավանդության՝ պարսիկները փորձել են գրավել բերդը, որտեղ ապաստան էին գտել տարածքի հայերը։ Չկարողանալով այն գրավել՝ կոչել են այն Գյավուրղալա՝ Անհավատի բերդ։

Բերդը գտնվում է բնական ժայռի վրա, հնարավոր է բարձրանալ միայն պարաններով, որոշ հատվածներում պահպանվել են ձեռակերտ պարիսպի հետքերը՝ 40 սմ ից մինչև 1,5 մետր հաստությամբ պատերով։ Բերդի եզրերը պատսպարված են ատամնավոր պարիսպներով, պահպանվել է նաև կիսաշրջանաձև դիտաշտարակը։ Կառույցն ընդգրկում է 70 մետր մակերես 140 մետր շրջանագծով տարածք։ Թեև տարածքում հնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, սակայն նշմարվում են որոշ կառույցներ՝ կացարանների մնացորդներ, ցորենի հորեր, մարագներ, պահեստարաններ, մեծ թվով խեցեղեն, նաև մեծ փոս, որը հավանաբար ջրամբար է եղել։ Ժամանակին ունեցել է դեպի Վարարակն գետն իջնող գաղտնուղի, որը ներկայումս փակվել է և հազիվ է նշմարվում։

Բերդն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն, ծառայել է իբրև պատսպարան, դիտանոց և ռազմակայան։ Կառույցից 50 մետր հեռավորության վրա կան ժայռափոր այրեր, իսկ դեպի արևմուտք պահպանվել են միջնադարյան խաչքարեր, որոնք ներկայումս Ադրբեջանի հսկողության տակ են գտնվում։ 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով բերդի մի մասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր Գ. Երևան. 1986. էջ 472.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Մհեր, Քումունց (2021, Զ, 121-129). «Պատմական Հաբանդ գաւառի Սիրիջի բերդը». Էջմիածին.