Jump to content

Սենեքերիմ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սենեքերիմ Մելքոնյան
Ծնվել էօգոստոսի 31, 1929(1929-08-31)
Թորոսգյուղ, Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 24, 2015(2015-09-24) (86 տարեկան)
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
Ալմա մատերԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1955)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Սենեքերիմ Արշակի Մելքոնյան (օգոստոսի 31, 1929(1929-08-31), Թորոսգյուղ, Հայաստան - սեպտեմբերի 24, 2015(2015-09-24),Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, հայոց լեզվի ոճաբանության հիմնադիր, թումանյանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենեքերիմ Մելքոնյանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 31-ին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Գյումրու (նախկինում՝ Լենինականի) Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Կիևի պետական համալսարանի լեզվաբանական առարկաների դասախոսների պատրաստման դասընթացներում։

Գիտական աստիճաններ և կոչումներ

  • 1955 թ․ – Բանասիրական գիտությունների թեկնածու
  • 1960 թ․ – Դոցենտ
  • 1991 թ․ – Պրոֆեսոր

1952 թվականից մինչ իր կյանքի ավարտը՝ 2015 թվականը, աշխատել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ Շիրակի պետական համալսարան), երկար տարիներ ղեկավարել է հայոց լեզվի ամբիոնը, եղել լեզվագրական ֆակուլտետի դեկան։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գրչին է պատկանում հայոց լեզվի ոճաբանության առաջին բուհական դասագիրքը։ Հեղինակել է 5 մենագրություն և ավելի քան 80 գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ հայագիտական հանդեսներում, ժողովածուներում և մամուլում։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են գեղարվեստական լեզվին, թումանյանագիտությանը, հայոց լեզվի պատմությանը, բառագիտությանը, շարահյուսությանը և ոճաբանությանը։

Նրա նպատակը ոչ թե սոսկ քերականական իրողությունների բացահայտումն էր (օրինակ՝ այս մակդիրը կամ բառը գործածել է բանաստեղծը), այլ դրանց դերի ու նշանակության ուսումնասիրությունը՝ ստեղծագործության գեղարվեստական ամբողջության մեջ։ Նա կարևորում էր, որ բուհերում և դպրոցներում դասաժամեր հատկացվեն հայոց լեզվի ոճաբանությանը, որպեսզի աշակերտները կարողանան խորապես ըմբռնել լեզվական միջոցների ազդեցությունն ու գործառույթը գրական ստեղծագործություններում։

Մանկավարժական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ դասավանդել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, զբաղեցրել է հայոց լեզվի ամբիոնի վարիչի, ինչպես նաև լեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնները։ Իր մանկավարժական գործունեության ընթացքում պատրաստել է բազմաթիվ ուսանողների, որոնք հետագայում դարձել են լեզվաբաններ, գրականագետներ և մանկավարժներ։ Նա եղել է նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարությանն առընթեր հայոց լեզվի ուսումնամեթոդական խորհրդի անդամ, գիտական ղեկավար և պաշտոնական ընդդիմախոս թեկնածուական ատենախոսությունների համար։


Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս․ Մելքոնյանը մեծապես նպաստել է թումանյանագիտության զարգացմանը։ Նրա գլխավոր աշխատանքներից են՝

  • «Թումանյանի պոեզիայի լեզուն և ոճը» (1969),
  • «Հովհ. Թումանյանը և արևելահայ գեղարվեստական գրականության լեզուն» (1986),
  • Թումանյանի հոգու կենսագրությունը։ Քառյակաշարը որպես քնարական պոեմ,Գյումրի, Դպիր, 2004։ ISBN 9993058246, ISBN 9789993058243

Հոդվածներ՝ տպագրված ամսագրերում և ժողովածուներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհ. Թումանյանի լեզվագիտական հայացքները, ՀՍՍՀ Տեղեկագիր, 1959, թ.6
  2. Հովհ. Թումանյանի ստեղծագործական լաբորատորիայից, Սովետական գրականություն, 1960, թ.2
  3. «Լոռեցի Սաքոն» պոեմի ստեղծագործական պատմության մի քանի հարցեր, Սովետական գրականություն, 1975, թ.5
  4. Հովհ. Թումանյանը և հայ գեղարվեստական գրականության լեզվի զարգացումը, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր, 1977, թ.9
  5. Հովհ. Թումանյանի լեզվի էվոլյուցիան 80-90-ական թվականներին, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր, 1979, թ.8
  6. Թումանյանը Չարենցի գնահատմամբ, Չարենցյան ընթերցումներ, 1997, Գյումրի
  7. Նարեկացիական ճառագումներ թումանյանական աշխարհում, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, 2011, թ.14
  8. «Թմկաբերդի առումը» պոեմի հրատարակումը հետաձգելու և հարակից հարցերի մասին, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, 2014, թ.17

Հոդվածներ և գրախոսականներ (տպագրված լրագրերում)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Թումանյանի մի նորահայտ ձեռագիր, «Բանվոր», 1962, ապրիլի 10
  2. Հ. Թումանյան և Սայաթ-Նովա, «Բանվոր», 1963, մայիսի 23
  3. Հ. Թումանյանի մի նորահայտ ձեռագիր, «Բանվոր», 1962, ապրիլի 10

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984 – ՀՍՍՀ Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ
  • Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան», «Բարեխիղճ աշխատանքի համար» մեդալներով
  • 2009 – ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ «Ոսկե մեդալ»

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի գիտական գործունեությունից, Սենեքերիմ Մելքոնյանը մեծապես հետաքրքրված էր հայ գրականության պատմությամբ, դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով։ Նա իր ողջ կյանքը նվիրել է լեզվաբանությանը, ուսուցչությանը և թումանյանագիտությանը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]