Սամոսատի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամոսատի ճակատամարտ
Թվական859 թվական
ՎայրՍամոսատ
ԱրդյունքՊավլիկյանների հաղթանակ
Հակառակորդներ
ՊավլիկյաններԲյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Կարապետ[Ն 1]
Ալի իբն-Յահյա ալ-Արմանի[Ն 2]
Բյուզանդական կայսրություն Միքայել Գ
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ

Սամոսատի ճակատամարտ, ռազմական բախում Պավլիկյանների և Բյուզանդական կայսրության միջև, որը տեղի է ունեցել 859 թվականին Սամոսատում[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9-րդ դարի սկզբից իրադրությունը սկսում է փոխվել։ Բյուզանդական կայսրության նոր արշավանքները պավլիկյաններին ստիպում են դաշնակցել արաբների հետ։ Արաբները, որոնք բավարար ներուժ չունեին խալիֆայության քայքայումը դադարեցնելու համար, սկսում են դաշնակցել պավլիկյանների հետ և փոխել իրենց վերաբերմունքը նրանց հանդեպ։ Սարգիս-Տյուքիկոսի օրոք (801-835) շարժումը վերելք է ապրել։

Թեոփիլոս կայսեր (829-842) և նրա կնոջ՝ Թեոդորա Մամիկոնյանի օրոք (842-856) կայսությունում նոր թափ են ստանում պավլիկյանների հալածանքները։ Բյուզանդացիները կարողանում են սպանել Սերգիոսին, որին հետևում էին նրա աշակերտների հետպնդումները։ Պավլիկյանների հարցը լուծելու նպատակով Թեոդորան 843 թվականին հզոր արշավանք է ձեռնարկում։ Պավլիկյանների շարքերում վերսկսված վեճերը թուլացնում էին շարժումը, որի ղեկավարների մի մասը կարծում էին, որ առանց կրոնական հիմնավորման անհնար է դիմակայել բյուզանդացիներին, իսկ մյուս մասը պնդում էր, որ բյուզանդացիների դեմ պայքարում հաղթանակի հասնելու համար պետք էր շարժումը վերափոխել ազատագրականի։

Սերգիոսի սպանությունից հետո նրա մի շարք աշակերտներ կարողանում են վերացնել ներքին պառակտումը, իսկ Թեոդորայի ձեռնարկած արշավանքի նախօրյակին պավլիկյանները միասնական ճակատ են կազմում։ Ներքին պառակտումը վերացնելուց հետո պավլիկյանները միանում են արաբ ամիրա Օմար իբն-Աբդուլլա ալ-Ակթայի արշավանքին և բարենպաստ դիրքեր գրավում։ Բյուզանդական բանակի քանակը կազմում էր 40 հազար, և Թեոդորան կարծում էր, որ հնարավոր կլինի հաղթել հայ-արաբական ճակատին մեկ հարվածով։ Բյուզանդական մեծաքանակ բանակի հրամանտար է նշանակվում Լոգոթետ Թեոկտւստը, որը կայսրուհու քաղաքականության իրականացման պաշտպաններից մեկն էր։ Բյուզանդացիների ուժերը կենտրոնանում են Փոքր Հայքի սահմանամերձ շրջաններում, որից հետո բանակը նախաձեռնությունը հանձնում է հայ-արաբական ճակատին։ Պավլիկյանները կարճ ժամանակում կարողանում են ուժերը միավորել արաբների հետ և հաղթանակ տանել բյուզանդացիների նկատմամբ։ Այս պարտությունից հետո Թեոդորա կայսրուհին պավլիկյանների դեմ կենտրոնացնում է Բյուզանդիայի գրեթե ամբողջ ռազմական ներուժը։

Ազատագրական շարժումը նոր վերելք է ապրել բյուզանդական բանակի նախկին զինվորական Կարապետի օրոք, որն առաջնորդել է շարժումը 845 թվականից մինչև 863 թվականը։

Անատոլիկոն բանակաթեմի զորավարի մոտ ծառայում էր Կարբեաս անունով մեկը, որ պրոտոմանդատորի աստիճանն ուներ և դավանում էր ու պաշտում պավլիկյանների հավատքը։ Սա, լսելով, որ իր հայրը ցցահան է արվել, այդ բանը գերագույն դժբախտություն համարեց, և գործերը կարգի բերելով, իր հինգ հազար աղան- դակիցների հետ փախավ Մելիտենեի այն ժամանակվա ամիրա Ամերի (Օմար իբն-Աբդալլահ ալ-Ակթա) մոտ, այնտեղից էլ` խալիֆայի, որի կողմից նա փառավոր ընդունելության արժանացավ… (Պավլիկյաններն) այնքան բազմացան, որ սկսեցին իրենց համար քա- ղաքներ կառուցել` այսպես կոչված Արգաուսը և Ամարան։ Երբ այս անգամ այնտեղ սկսեցին հոսել նույն փորձանքը դավանողների նոր բազմություններ, մի այլ քաղաքի կառուցման սկիզբը դրեցին, որը կոչեցին Տեֆրիկե։
- Թեոփանեսի Շարունակող, Ժամանակագրություն, Գիրք Դ, Գլուխ 16

Կարապատը, ցանկանալով շարժման կենտրոն ստեղծել, 855 թվականին Փոքր Հայքի և Բարձր Հայքի սահմանին հիմնում է Տևրիկ քաղաքը։ Նույն թվականին Կարապետը կարողանում է Տարսոնի և Հայաստանի սահմանային շրջանների արաբ կառավարիչ Ալի իբն-Յահյա ալ-Արմանիի հետ համատեղ արշավանք ձեռնարկել դեպի Բյուզանդիայի սահմանային շրջաններ։ Թեոդորա կայսրուհու մահից հետո գահը ժառանգում է նրա որդի Միքայել Գ-ն, որը Բյուզանդիայի «արևելյան» քաղաքականությունը ձախողման է տանում՝ որոշելով շարունակել նախկին քաղաքականությունը։ Կայսրը արաբական խալիֆայության թուլացման պայմաններում որոշում է արշավանք սկսել։

Նախապատրաստական աշխատանքներից հետո, որոնք տևել էին շուրջ երեք տարի, 859 թվականին Բյուզանդիայի նորընտիր կայսրը արշավանք է ձեռնարկում պավլիկյանների դեմ։ Բյուզանդական արքունիքը կարծում էր, որ արշավանքի արդյունքում հնարավոր կլինի ճնշել պավլիկյան շարժումը։

Բյուզանդացիներն առաջին հաջողություններից հետո պաշարում են Սամոսատ ամրոցը, որտեղ ամրացել էին պավլիկյանները։

(Վարդաս Մամիկոնյանը) աղվամազը դեռ նոր բուսնող Միքայելի[Ն 3] հետ ամբողջ զորքով պատերազմի գնաց իսմայելացիների և արդեն հիշված Ամերի դեմ։ Ոտք դնելով թշնամու տարածքը` պաշարում են Սամոսատ կոչվող անառիկագույն քաղաքը։ Այստեղ նրանք համոզվեցին, որ գործ ունեն ոչ թե Թեոդորայի, այլ շատ խորամանկ մարդկանց հետ։
- Թեոփանեսի Շարունակող, Ժամանակագրություն, Գիրք Դ, Գլուխ 16

Պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոստի պաշարմանը հաջորդած երկու օրերի ընթացքում բյուզանդացիները փորձում էին կտրել Սամոսատի կապն արտաքին աշխարհի հետ։ Բյուզանդացիներին հաջողվում է ավարտել նախապես պլանավորված աշխատանքների մի մասը, որի պատճառով նրանց զգոնությունն ընկնում է։

Սամոսատում էր պատսպարվել շրջակա գյուղերի բնակչությունը, ինչպես նաև բյուզանդացիների առաջխաղացմանը խոչընդոտելու համար դժվարին մարտեր վարելով նահանջող պավլիկյանների զորամասերը։ Այդ մասին իմացող բյուզանդացիները վստահ էին, որ նրանց սննդի պաշարն անբավարար է լինելու և սովահարության մատնված պավլիկյանները հարկադրված են լինելու դադարեցնել դիմադրությունը։
- Թեոփանեսի Շարունակող, Ժամանակագրություն, Գիրք Դ, Գլուխ 16

Արտագրոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշմարման երրորդ օրը նախապատրաստական աշխատանքներից հետո հայոց զորամասերը Կարապետի գլխավորությամբ արտագրոհի են դիմում՝ գերի հանձնվելու փոխարեն։

Պաշարման երրորդ օրն էր, շաբաթվա օրերի առաջինն ու գլխավորը, (բյուզանդացիները) պետք է կատարեին սուրբ հաղորդության խորհրդի արարողությունն ու հաղորդվեին, բայց այդ բանն անում էին առանց առնելու նախազգուշական միջոցները, կամ էլ անփորձ լինելով` բանի տեղ չէին դնում քաղաքում պաշարվածներին, ենթադրելով, որ նրանցից և ոչ ոք չի հանդգնի ձեռք բարձրացնել հռոմայեցիների կայսեր վրա։ Ահա աստվածային խորհրդին հաղորդվելու պահին թշնամիները քաղաքի ամեն տեղից զենքերով դուրս թռան։ Հնարավոր չէր տեսնել մի հռոմայեցու, որ փախուստի չէր դիմում։ Ինքը` Միքայելը, հազիվ ձի նստելով, առանց մարտ տալու փախուստի դիմեց և մի կերպ փրկվեց, տեղում թողնելով և վրանները, և սպասարկող անձնակազմը։ Ասում են, թե այնտեղ աչքի ընկավ նաև նախապես հիշատակված Կարբեասը` Տեֆրիկեի կառուցողը։ Նա կոտորեց ոչ միայն բազում հասարակ զինվորների, նա գերի վերցրեց մեծամեծ զորավարների` Ցանգոտուբոս Աբեսալոմին, Սիոն պալատինոսին և այլ, շուրջ հարյուր փոխզորավարների ու տուրմարխների։ Հիշյալ զորավարները պատերազմից հետո բանտ նետվեցին։
- Թեոփանեսի Շարունակող, Ժամանակագրություն, Գիրք Դ, Գլուխ 23

Սամոսատի պաշտպանների կազմակերպած արտագրոհն անկանոն ռազմարվեստի դասական օրինակ է, որը հաջող է ավարտվում։ Բյուզանդացինները, մարտադաշտում թողնելով արշավանքի առաջին փուլի ընթացքում հավաքած ռազմավարը և զենքերը, փախչում են։ Հաղթողները գերի են վերցնում բյուզանացի շուրջ հարյուր բարձրաստիճան զինվորականների, իսկ Միքայել կայսրը Սամոսատի մոտ կրած պարտությունից հետո սկսում է հաշտության բանակցություններ վարել պավլիկյանների և դաշնակից արաբների հետ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բյուզանդական աղբյուրներում նաև օգտագործվում է Կարբեաս կամ Կարպեաս ձևով։
  2. Այս ռազմական գործչին հայ պատմիչները նաև հիշատակում են «Ալի-Արմանի» և «Ալի որդի Վահեի» ձևերով։
  3. Միքայելի անչափահաս լինելու պատճառով իշխանությունը գտնվում է նրա մորեղբոր՝ Վարդաս Մամիկոնյանի ձեռքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 205–211.