Սալվարդ (նախկին անվանումը՝ Ալիլու),
գյուղ Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1900-2000 մ բարձրության վրա։։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 116 կմ։
Սալվարդ համայնքը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Համայնքը հարակից է Հացավան, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ և Արևիս բնակավայրերին։ Գյուղի արևմտյան կողմից վեր է խոյանում շրջանի բարձրությամբ երկրորդ Սալվարդ սարը, որի բարձրությունը 3169 մետր է։ Համայնքի հեռավորությունը Սիսիանից կազմում է 14 կմ, մարզկենտրոնից՝ 132 կմ, մայրաքաղաքից՝ 239կմ։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 4072 հա։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա։ Տարածքին բնորոշ է չափավոր ցամաքային կլիման՝ տաք ամառ և ցուրտ ձմեռ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 6.6C է, ձմռանը միջինը՝ -12C (առավելագույնը՝ - 25C) ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է 6C, իսկ առավելագույնը՝ 32C0: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 370մմ։
Սալվարդ համայնքն անտառազուրկ է։ Գյուղի տարածքի մի զգալի մասը տափաստանային գոտում է։ Տափաստանները երկու տիպի են ՝սիզախոտային և փետրախոտ-շյուղախոտային։ Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մարգագետինները, որոնք գյուղի անասնապահության հիմնական կերային բազաներից մեկն է։ Վերին գոտին հարուստ է ալպյան մարգագետիններով Ենթալպյան մարգագետինները պահվում են նաև որպես խոտհարքներ։ Այստեղ աճում է խառը բուսականություն (երեքնուկ, եղջերառվույտ, ցորնուկ, շյուղախոտ և այլն)։ Կենդանական աշխարհը չի տարբերվում ողջ Սիսիանի կենդանական աշխարհից։ Լեռնաշխարհի բնորոշ կենդանիները մնում են գայլը, աղվեսը, նապաստակը, փորսուղը։ Թռչունների ընտանիքը համալրում են կաքավը, կաչաղակը, ագռավը, սոխակը, աղավնին, արծիվը և ալն։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սալվարդի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը` 252 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով[3], որոնց նախնիները 1828-1829 թթ. եկել են Պարսկահայաստանի Խոյի գավառի Ուզումչի և Մահլազան գյուղերից[4]։ Սալվարդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Սալվարդ գյուղը գտնվում է Հայաստանի հարավ արևմտյան մասում՝ Սյունիքի մարզում։ Գյուղի մասին հիշատակվում է սկսած 1828 թվականից, երբ մի քանի ընտանիքներ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից տեղափոխվել, ներգաղթել են և հիմնադրել գյուղը Ալիլու, Այբալու, այնուհետև Սալվարդ անվանումներով։ Նախկին Խորհրդային տնտեսության ժամանակաշրջանում գյուղը ունեցել է բավականին լավ ավանդույթներ դաշտավարության և հատկապես անասնապահության բնագավառներում։ Տարածաշրջանի առաջին կոլտնտեսություններից մեկը հիմնվել է Սալվարդում 1930 թվականին։ 1970-80 թթ-ին գյուղում առկա էին մոտ 700 գլուխ կթու կովեր, 400 մանր եղջերավոր անասուններ, 150 գլուխ խոզեր։ 1992 թ-ին կոլտնտեսությունը լուծարվել է և դարձել կոլեկտիվ տնտեսություն։ Վերջինս գոյատևել է մինչև 1999 թվականը։ Գյուղը էլեկտրաֆիկացվել է 1948 թվականին։ Իսկ առաջին հեռախոսը մուտք է գործել գյուղ 1960 թվականին։ 1956 թ-ին համայնքի ուժերով կառուցվել է առաջին ջրագիծը, որից օգտվում էր ամբողջ համայնքը, իսկ երկրորդ ջրագիծը մուտք գործեց համայնք 1966 թ-ին։ Համայնքում գործում է մշակույթի օջախը, որը կառուցվել է 1975 թ-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 128)։