Ռոբինզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբինզոն

«Ռոբինզոն» (կամ՝ «Ռոբինզոն և 13 պատմվածք»), հայ արձակագիր Արամ Պաչյանի պատմվածքների ժողովածուն է։ Առաջին անգամ լույս է տեսել 2011թ-ին Երևանում «Գրական էտալոն» հրատարակչության կողմից։ Վերահրատարակվել է 2012թ-ին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով։ Գիրքը բաղկացած է 168 էջերից։

Գրքի պատմվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբինզոն
  • Ճանապարհ հեծանիվով
  • Շախմատային նովել
  • Թափանցիկ շշեր
  • Թռչուններ
  • Վերադարձս
  • Տորոնտո
  • Ճամպրուկը
  • Տուփը
  • Ջազ
  • Աշխատանք, աշխատանք
  • Տոնածառը
  • ...Երբը միշտ հիշել քեզ...
  • Տխուր նավակներ
  • Տեր Վիլիկը
  • Գիշերը ստվերի տակ
  • Ու՞ր ես, Լյո'վ

Հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով։ Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր կղզին»։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենյակը, որտեղ տեղափոխվել եմ, նման է կաշվե մաշված կազմով Աստվածաշնչի, որից խոնավության հոտ է փչում։ Այստեղ ես թաքցնում եմ իմ գրքերը, քայլելու տեղ համարյա թե չկա` չհաշված երեք խաչաձև արահետները, որոնցից մեկը տանում է դեպի մահճակալ, մյուսը` պատուհան, երրորդը` դեպի պատ, որին հենված է բանանի համար նախատեսված արկղը։ Ամիսներով դուրս չեմ գալիս իմ սենյակից` աշխատելով չանհանգստացնել բնակարանում ապրող հարազատներիս։ Այժմ գրքերս այնքան են շատացել, որ նույնիսկ ոտնատեղ չկա, մի կերպ կծկվում եմ պատուհանագոգին, փորձում զերծ մնալ ավելորդ շարժումներից, չեմ հազում, չեմ փռշտում, զուգարան չեմ գնում, աշխատում եմ չշնչել, որովհետև մինչև առաստաղը ձգվող գրքերի շարանը դամոկլյան սրի պես կախված է գլխավերևումս. թեթև մի ցնցում և իմ մարմինը դժվար կլինի դուրս քաշել ծանր դեզի տակից։ Ես թանաքի բավականին մեծ պաշար ունեմ, իսկ սագի փետուրից պատրաստված իմ հիասքանչ գրիչն այնքան թեթև է, որ կարծես մատներիցս մեկը լինի։ Ես ամեն օր մի բանան եմ ուտում և հավաքում կճեպները, որոնց վրա էլ լրացնում եմ օրագիրս։ Բանանը չի հասկանում Շեքսպիրի լեզուն3…, սակայն կշտացնում է իմ համեստ ստամոքսը։ Զարմանում եմ` ինչպե՞ս չի սպառվում արկղը։ Գրքերի լռության մեջ խնամքով լրացնում եմ օրագիրս։ «Ռոբինզոն»
Երբ ծնողներս ամեն օր, երկու ժամը մեկ, բաժանվում էին ու միանում, ես միշտ հանդիպում էի ճամպրուկների դժգոհ դեմքերին։ Նրանք հոգնում էին լցվելուց ու դատարկվելուց։ Հրաժեշտի պահին հայրս գլուխը կախ նայում էր իմ կոշիկներին։ Ես ուզում էի հետ դառնալ, մտնել հորս սև ճամպրուկի մեջ, մնալ նրա վիրաբուժական գործիքների կողքին, ուսումնասիրել կոնյակի ու վիսկիի շշերը, ճամպրուկի մեջ նստած` ճամփորդել քաղաքներով, հիշել հիվանդների կամացուկ անունները, տեսնել այն կերակուրները, որ ուտում է, լինել այն սրճարաններում, որտեղ բոված գարեջուր է խմում, տարբերել ասֆալտի, փայտե նստարանների, գորգերի ձայները, դիպչել բռնակին և զգալ ձեռնափի խոնավությունը, ի վերջո ճանաչել նրան, պատահմամբ դուրս թռչել բանալու անցքից, նստել ուսին։ «Ճամպրուկը»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]