Ռիտոն` ցլիկի գլխի քանդակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտոն` ցլիկի գլխի քանդակով
Հայաստանի պատմության թանգարան
նյութկավ
ստեղծման վայրԱրմավիր

Ռիտոն` ցլիկի գլխի քանդակով, նմուշ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից, թվագրվում է մ․թ․ա․ 6-5-րդ դարերով, գտնվել է Արմավիրից։ Պեղումներն իրականացվել է Գևորգ Տիրացյանի կողմից 1985 թվականին։

Ռիտոնների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիտոն» անվանումն առաջացել է հունարեն «եղջյուր» բառից։ Ռիտոններ (պտյակներ) պատրաստվել են մետաղից, կավից, եղջյուրից, զարդապատվել են բարձրաքանդակներով և փորագրություններով։ Կենդանու գլխի պատկերով ավարտվող կարճ, լայն ռիտոնները բնորոշ են հին հունական արվեստին։ Ասիական տիպի ռիտոնները երկարավուն են, վերջույթում` քանդակապատկերներով[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարչնագույն անգոբով պատված, լավ փայլեցված մակերեսով նրբախեցի ռիտոն է։ Պատրաստված է մանրահատիկ կավից։ Իրանը գլանաձև է` դեպի դուրս շեփորաձև լայնացող շրթնապսակով։ Ռիտոնի առաջամասը ռեալիստորեն վերարտադրված, հաստ եղջյուրներով ցլիկի գլուխ է։ Աչքերը ռելիեֆ են, նշաձև՝ խոշոր և զույգ ակոսով եզրագծված։ Բերանը կիսաբաց է, քթանցքները և ականջները նշված են փոսորակով։ Կենդանու պարանոցը հարդարված է մանյականման կետազարդով և եռանկյունաձև զարդանախշով։ Վզի վերին մասում թմբանման ելուստ կա, վզի տակ կախված է կաշին։ Կենդանու ճակատի վրա փորագիր երկու շրջաններ են և եռանկյունաձև նշան, որոնք ցուլի սրբազնության խորհրդանիշներն են։ Ցուլի կրծքամասին տեղադրված է հեղման անցքը։ Հայաստանում կավից պատրաստված ռիտոնները հայտնի են դեռևս ուրարտական շրջանից (Արին-բերդ, Արգիշտիխինիլի) և լայն տարածում ստացան աքեմենյան շրջանում։ Ոճական առանձնահատկություններով ներկայացվող ռիտոնը սերտորեն առնչվում է աքեմենյան արվեստին։ Նման անոթները ծառայում էին պաշտամունքային բնույթի արարողությունների ժամանակ սրբազան հեղումներ կատարելիս[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրեբունի թանգարան․ Հուշանվերների կրպակ». .erebuni.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  2. Գանձեր Հայաստանի պատմության թանգարանից. Երևան: Հայաստանի պատմության թանգարան. 2019. էջ 161.