Ռենտգենախտորոշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռենտգենախտորոշում, մարդու և կենդանիների հիվանդությունների և վնասվածքների ախտորոշումը ռենտգենաբանական հետազոտության տվյալներով։ Առանձին օրգաններ (ոսկրեր, թոքեր, սիրտ) պարզ տեսանելի են ռենտգենյան նկարներում (ռենտգենագրության դեպքում) և ֆլյուորագրաֆիական Էկրանի վրա (ռենտգենաֆլյուորագրաֆիայի ժամանակ) շնորհիվ այն բանի, որ տարբեր հյուսվածքներ ունեն ռենտգենյան ճառագայթները կլանելու տարբեր գործակիցներ, իսկ որոշ օրգաններ հնարավոր է հետազոտել միայն ռենտգենակոնտրաստային նյութեր օրգանիզմ ներարկելուց հետո։ Բժշկական պրակտիկայում ռենտգենաբանական տվյալներն անհրաժեշտ են անատոմիական փոփոխությունների տեղադրությունը, ծավալը և բնույթը պարզելու, օրգանների ֆունկցիան ուսումնասիրելու, հիվանդության ընթացքին, բարդություններին և ելքին հետևելու համար։ Ռենտգենախտորոշման ընթացքում անհրաժեշտ է կիրառել օրգանիզմը ճառագայթահարումից պաշտպանելու միջոցառումներ։ ժամանակակից կլինիկական ախտորոշումը հիմնվում է հիվանդի բազմակողմանի հետազոտությունների տվյալների վրա, այդ պատճառով էլ Ռենտգենախտորոշումը ընդգրկում է այնպիսի փուլեր, ինչպիսիք են հիվանդի գանգատների և հիվանդության կլինիկական պատկերի հետ նախնական ծանոթացումը, ախտորոշիչ այլ մեթոդների և Ռենտգենախտորոշման տվյալների, ինչպես նաև նախորդ ռենտգենյան հետազոտությունների արդյունքների համեմատումը և այլն։ ՀՍՍՀ-ում ռենտգենագրության մի շարք նոր մեթոդների (բրոնխագրաֆիա, տոմոգրաֆիա, մամոգրաֆիա, կոնտրաստային պնեմագրաֆիա, ռենտգենակինեմատոգրաֆիա) ներդրումը նպաստել է մի շարք օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշմանը։ Ռենտգենախտորոշման մեջ համաշխարհային ճանաչում է գտել «Բ․ Ֆանարջյանի օրինաչափությունը» 12 մատնյա աղիքի խոցի ախտորոշման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png