Ռաֆիկ Կրպեյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռաֆիկ Կրպեյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր | Թաթուլ, Արագածոտնի մարզ, Հայաստան |
Ռաֆիկ Վահագնի Կրպեյան (մայիսի 13, 1996, Թաթուլ, Արագածոտնի մարզ, Հայաստան), Արցախի Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի սերժանտ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, քառօրյա պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆիկ Կրպեյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 13-ին Արագածոտն մարզի Թաթուլ գյուղում Վահագն և Լիանա Կրպեյանների ընտանիքում[1]։ Ռաֆիկը հաճախել է Թաթուլի միջնակարգ դպրոց, ապա 2009-2013 թվականներին ուսումը շարունակել է Թալինի ավագ դպրոցի հումանիտար հոսքում։ Դպրոցական տարիներին Ռաֆիկը հաճախել է ըմբշամարտի, մասնակցել մրցումների Հայաստանի տարածքում և շահել մրցանակային տեղեր։
Ռաֆիկ Կրպեյանը 2013 թվականին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որտեղ ստանում էր փրկարարի մասնագիտություն։ Առաջին կուրսն ավարտելուց հետո նա մեկնել է զինվորական ծառայության։
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆիկ Կրպեյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2014 թվականի հունիսի 23-ին։ Սկզբում ծառայության է անցել Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ որոշ ժամանակ հետո կրտսեր սերժանտի զինվորական կոչումով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Սրխավենդի զորամաս՝ որպես տանկի հրամանատար։
2015 թվականի մայիսին Ռաֆիկը ստացել է սերժանտի զինվորական աստիճան։
Սերժանտ Կրպեյանը զինվորական ծառայությունն իրականացրել է որպես հայրենիքի օրինակելի զինվոր՝ զորամասի հրամանատարության կողմից արժանանալով շնորհակալագրերի։
Քառօրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։
Ապրիլի 2-ին զորամասում պատրաստվել են շարային ստուգատեսի, երբ հրամանատարի կողմից ստացել են մարտական հրաման՝ «տագնապով բարձրանալ մարտական դիրքեր»։ Պետոյի անվան 77-րդ մոտոհրաձգային գումարտակով սկզբից մեկնել են Դրմբոն նստեցման շրջան, ապա մարտական առաջադրանքով մեկնել Թալիշ ու մասնակցել գյուղում ընթացող ռազմական գործողություններին[2]։
Ապրիլի 3-ին իրենց գումարտակով ետ են գնում ու, թշնամու գրաված դիրքերը ետ վերցնելով, առաջ են շարժվում մինչև վերջին դիրքը՝ 162-րդը։ Դիրքից դիրք անցնելիս նկատում են հակառակորդի տանկը։ Կապի բացակայության պատճառով "770" տանկի հրամանատար սերժանտ Ռաֆիկ Կրպեյանը կարողանում է ճիշտ կողմնորոշվել, իր անձնակազմի հետ տանկը գործի գցելով, առաջ է գնում և ճիշտ նշանառությամբ խոցում այն[3]։
Ապրիլի 4-ին ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերը։ Ռաֆիկ Կրպեյանը այստեղ ևս կարողանում է խոցել հակառակորդի երկու զրահատեխնիկա՝ նպաստելով հակառակորդի լայնածավալ գրոհի կասեցմանը[4]։
Հաստատված հրադադարից հետո Ռաֆիկը շարունակում է իր ծառայությունը մարտական դիրքերում մինչև հունիսի վերջ, որից հետո էլ զորացրվում է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թ. սեպտեմբերի 7-ի հրամանագրով սերժանտ Ռաֆիկ Վահագնի Կրպեյանը ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվում է Հայաստանի «Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով[5]։
Կյանքը Քառօրյայից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանակից զորացրվելուց հետո Ռաֆիկ Կրպեյանը շարունակում է ուսումն անվճար համակարգում, ստանում փրկարարի մասնագիտություն և հմտանում համակարգչային ծրագրավորման դասընթացի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մահացել է Ռաֆիկ Կրպեյանի հայրը՝ Վահագ Կրպեյանը».
- ↑ ««Տանկիստը երեք րոպեի կյանք ունի». տանկիստ Ռաֆիկ Կրպեյան».
- ↑ «ՀՀ զինված ուժերում նշում են Տանկիստի օրը. ապրիլյան պատերազմի հերոս Ռաֆիկ Կրպեյանի նվիրումի պատմությունը».
- ↑ «Մեր սահմաններն ամուր են՝ իմ ընկերներն են պաշտպանում. Տանկիստ Ռաֆիկ Կրպեյան».
- ↑ «Ռ. Վ. ԿՐՊԵՅԱՆԻՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».