Ռաֆայել Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Սամվելի Թադևոսյան
Լուսանկարը տե՛ս [3]
Ծնվել է13/11/1954
Բնակության վայր(եր)Երևան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՊատմաբան, ռազմական պատմաբան, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ
Ինչով է հայտնիՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի նախկին գլխավոր խորհրդական
Պարգևներ*ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, գովասանագրեր, *ԵԿՄ հուշամեդալ, *Վան-Վասպուրական հայրենակցական միության ոսկե մեդալ

Ռաֆայել Սամվելի Թադևոսյան (Ռաֆիկ Սամվելի Թադևոսյան ), հայ պատմաբան, թանգարանագետ[1], ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հայոց նոր և նորագույն ռազմական պատմության լավագույն մասնագետներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի պատմության լավագույն գիտակներից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀՍՍՀ Լենինական (Կումայրի, Գյումրի) քաղաքում, 1954 թվականի նոյեմբերի 13-ին, ծագումով արևմտահայերի ընտանիքում։ 1978-1982 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո հեղինակը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերին իր ծառայություններն առաջարկել բարձրագույն հրամանատարությանն ու որպես մասնագետ մասնակցել մի շարք ռազմական քարտեզներ կազմելու գործընթացին[1]։ 1993-2012 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Արձակվել է պահեստազոր փոխգնդապետ կոչումով։ Ծառայության տարիներին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի սպա, ավագ սպա, այնուհետև՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդական[1], տեղակալ գիտական աշխատանքների գծով։ Մեծ դեր է կատարել հայկական զինված ուժերի անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության և զորքերի կարգապահության ու մարտունակության բարձրացման գործում։ Զինվորական ծառայությունից փոխգնդապետի կոչումով զորացրվելուց հետո էլ Ռաֆայել Թադևոսյանն իր գրիչը վայր չդրեց։ Նա այսօր էլ ծառայության մեջ է՝ ծառայում է հայրենիքին, իր պաշտելի հայ ժողովրդին` իր հարուստ գիտելիքներն ու հարուստ կենսափորձը ի սպաս դնելով հայ պատանիների ու աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության գործին, հայոց ռազմական պատմության վիճելի ու կնճռոտ հարցերի նորովի լուսաբանմանն ու մեկնությանը, ինչի խոսուն վկայությունն են նրա աշխատություններն ու քարտեզները[1]։ Ներկայումս բնակվում է Երևանում։

Ներդրումը ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի ստեղծման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին, երբ որոշում ընդունվեց ստեղծելու ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանը, ռազմական պատմաբան Ռ. Թադևոսյանը նշանակվեց գլխավոր խորհրդական և իր նշանակալից ավանդը ներդրեց թանգարանային արժեքների հավաքման, ցուցադրությունների կազմակերպման, գիտահետազոտական, գիտալուսավորչական աշխատանքներն ըստ ամենայնի ծավալելու գործում[1]։ Հիմնականում ոտքով անցնելով Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրման համար մղված մարտական գործողությունների վայրերով, նա թանգարանային նշանակության հազարավոր իրեր հավաքեց, համալրեց նորաստեղծ թանգարանի ֆոնդերը, հընթացս հանդիպեց, զրուցեց ու ձայնագրեց ազատամարտի բովով անցած հարյուրավոր քաջարի հայորդիների, նրանց կյանքն ու անցած մարտական ուղին թանգարանում ներկայացնելուց բացի կազմակերպեց մեծարմանն ու հանրահռչակմանը նվիրված բազմաթիվ ցերեկույթներ, գրեց Արցախյան ազատամարտին նվիրված մի շարք հոդվածներ, մենագրություններ, կազմեց քարտեզներ, գործուն աջակցություն ունեցավ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի լույսընծայմանը[1]։

Գիտական ուսումնասիրությունների ոլորտը և հիմնական աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ուսումնասիրությունների ոլորտում ընդգրկված են Հայոց և համաշխարհային նոր և նորագույն ժամանակաշրջանների ռազմական պատմությունը, մասնավորապես՝ Արցախյան ազատամարտը, 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմը, XIX-XX դարերում հայկական կամավորական և պետական ռազմական կազմավորումների գործունեությունը, Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման ժամանակաշրջանի ռազմական իրադարձությունները։

Հիմնական ստեղծագործություններն են.

  • Թադևոսյան Ռաֆայել Սամվելի. Դրվագներ հայոց ռազմական պատմությունից. XIX-XX դարեր, Երևան; Զանգակ, 2012[2]։
  • Թադևոսյան Ռաֆայել Սամվելի. Իրան; Տեղեկատու։ Երևան; Հեղինակային հրատարակություն, 2005։
  • Թադևոսյան Ռաֆայել Սամվելի. Իրան-Իրանահայ համայնք; Քարտեզ (Տեղեկատու) / Ռ.Ս. Թադևոսյան; Խմբ.՝ Վ.Ս. Շահմուրադյան.

by Թադևոսյան, Ռաֆայել Սամվելի | Շահմուրադյան, Վահե Սեդրակի [խմբ.]., Երևան; Տիգրան Մեծ, 2005։

  • Թադևոսյան Ռաֆայել Սամվելի. Հայոց մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան։ Երևան, Զանգակ հրատարակչություն, 2015։ 304 էջ։

Վերջին աշխատության մեջ նորովի շոշափվել են հիմնականում Հայոց Մեծ եղեռնին առնչվող այն թեմաները, որոնք առ այսօր լուսաբանվել են կա՛մ ոչ բավարար չափով, կա՛մ ընդհանրապես չեն լուսաբանվել, կա՛մ էլ արծարծվող թեմաների վերաբերյալ եզրահանգումները եղել են ո՛չ հստակ և ո՛չ ճիշտ։ Գրքի նպատակն է օգնել ընթերցողին առավել իրական ձևով, առանց ավելորդ գունազարդումների ընկալել Հայոց պատմության այդ առավել ճակատագրական և առավել ողբերգական դրվագը[3]։

Աշխատությունը, փաստորեն, հավասարապես միտված է ոչ միայն անցյալին, այլ նաև Հայաստանին և Հայ ժողովրդին սպասվող մարտահրավերներին[3]։

  • Արևմտյան Հայաստան - 1914 [քարտեզ]Վարչական քարտեզ / Ռաֆայել Թադևոսյան. Edition: 2-րդ հրատ. Material type: map Map; Format: map. Publisher: Երևան; Տիգրան Մեծ, 2007.[4]

Պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի բարձրարժեք ուսումնասիրությունը` ‹‹ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – 1914. ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ›› գործի երկրորդ հրատարակությունը։ «Այն տպագրվել է 2007-ին Երևանում` ‹‹Տիգրան Մեծ›› հրատարակչությունում, հեղինակի միջոցներով։ Քարտեզը տպագրված է բարձրորակ թղթի վրա` 4 առանձին թերթերով։ Ամբողջական քարտեզն ընդգրկում է 17 թեմատիկ քարտեզներ և ՀՀ ու ԼՂՀ վարչական քարտեզն ազատագրված տարածքներով, ինչպես նաև հատուկ քարտեզ` ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏ՝ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ‹‹ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ ›› ՕՊԵՐԱՑԻԱՆ – 1992 թ. մայիսի 8 -16։ Քարտեզից բացի կա նաև գրքույկ` քարտեզում ներկայացված շուրջ 9000 բնակավայրերի այբբենական անվանացանկերով։ Գրքույկն սկսվում է հեղինակի ‹‹Երկու խոսք››-ով և ավարտվում Արևմտյան Հայաստանի, ներառյալ Հայկական ԿԻԼԻԿԻԱՆ, մի շարք բնակավայրերի հին ու նոր (աղավաղված կամ վերափոխված) անունների համառոտ ցանկով։ Քարտեզն ունի նկարազարդ շքեղ կազմ, որի առաջին էջում պատկերված են Արտոս լեռը, Վանա լիճը, Աղթամար կղզին և Ս. Խաչ եկեղեցին ու դրվագներ նրա հարթաքանդակներից, Վանի միջնաբերդի պարիսպները, երկրորդ էջին` Կարսի միջնաբերդը, Անիի Մայր Տաճարը, Խաչքար Մշո դաշտից, Խոշաբի բերդը, Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին։ Հեղինակի խոսքից տեղեկանում ենք հետևյալը. ‹‹ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – 1914›› քարտեզի կազմման համար օգտագործվել է հայերեն և օտարալեզու մեծ ծավալի գիտական ու գիտահանրամատչելի գրականության ավելի քան 250 անուն։ Օգտագործվել են նաև զգալի քանակությամբ արխիվային ու մամուլի նյութեր, 150 հայերեն և օտարալեզու քարտեզներ։ Այս ամենի մեջ առանձնանում է ռուսական (ցարական) բանակի գլխավոր շտաբի կողմից Ա Աշխարհամարտի նախօրեին հրատարակված Կովկասի 5 վերստանոց (1 վերստը = 1067մ) ռուսերեն քարտեզը, որը գիտական – կատարողական բարձր մակարդակով բացառիկ տեղ է գրավում մնացած բոլոր աղբյուրների մեջ, չնայած որ զերծ չէ որոշակի թերություններից։ Հայալեզու աղբյուներից կարելի է առանձնացնել Ա Աշխարհամարտի սկզբին Թիֆլիսում հրատարակված անգլիացի ճանապարհորդ-ուսումնասիրողներ ու հայագետներ Լինչի և Օսվալդի ‹‹Հայաստան և հարևան երկրներ›› քարտեզը (խմբագիր` Արտաշես Աբեղյան)` իր մի շարք արժանիքներով ու թերություններով։ Պատկերացում կազմելու համար ներկայացվող քարտեզի ընդգրկելիության աստիճանի մասին, բերենք մի շարք թվեր։ Քարտեզներ 2-17-ում ներկայացված բնակավայրերի ընդհանուր թիվը (առանց ‹‹կույր քարտեզներում›› – հարակից տարածքներում տեղակայված բնակավայրերի) կազմում է 8833։»[5]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք գերատեսչական մեդալներով։ Բացի շնորհել են պարգևներ ԵԿՄ-ից և Վան-Վասպուրական հայրենակցական միությունից։ Երկրապահ-կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով՝ Թադևոսյանը պարգևատրվեց միության հուշամեդալով[1]։ Նկատի առնելով Ռ.Թադևոսյանի մեծ ավանդը Վան-Վասպուրական հայրենակցական միության գործունեության ասպարեզում՝ միության նախագահ Ռոմիկ Հովնանյանը հեղինակին պարգևատրեց միության Ոսկե մեդալով[1]։

Ակտիվ քաղաքացիական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Թադևոսյանը ազգային-հասարակական կյանքում ակտիվ մտավորական գործիչներից է։ 24.06.2013-ին ստորագրել է հայ 350 մտավորականների բողոքը ՀՀ և ԼՂՀ նախագահներին. Գանձասարի վանական համալիրի պարիսպը ոչնչացնելու կապակցությամբ[6]։ Ռազմական պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի անունը այդ նամակը ստորագրած մտավորականների ցուցակում թիվ 305-ն է՝ գտնվում է թիվ 304. Ստեփան Ստեփանյանի – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս և թիվ 306. Ռուբեն Սաֆրաստյանի -_ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուի տնօրեն, պատմաբան-արևելագետ միջև[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Թադրոսյանի «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից. XIX-XX դարեր» գիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական բազմաթիվ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ լույս է տեսել հույժ կարևոր գիրք` (հեղինակ` Ռաֆայել Թադևոսյան)։

Ընդ որում, մեծապես կարևորվում էր այն իրողությունը, որ գրված հատուկ այս գրքի ներկայացման համար «Երկու խոսք» է գրել Արցախի հերոս, զորավար Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս)։

2012 թվական։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենքի շքեղաշուք դահլիճն իր գոյության ընթացքում առաջին անգամ էր հյուրընկալում այդքան մեծաքանակ բարձրաստիճան զինվորականների։ Նրանց հետ էին նաև հանրապետությունում ճանաչված պատմաբան-գիտնականներ, նախկին ազատամարտիկներ, Ղարաբաղյան շարժման ղեկավարներ, մանկավարժներ, ուսանողներ։ Առիթը ռազմական պատմաբան-թանգարանագետ Ռաֆայել Թադևոսյանի «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից (XIX-XX դարեր)» մեծածավալ աշխատության և նրան կից 17 ռազմապատմական-ուսումնական քարտեզների` 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմից մինչև Շուշիի ազատագրում, շնորհանդեսն էր[1]։

Շնորհանդեսին ելույթ ունեցողները` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հանրային խորհրդի նախագահ, ՀՀ Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ, 1992-93 թթ. պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ու մյուսները, շնորհավորելով հեղինակին իր գործերի գործն ավարտին հասցնելու առթիվ, միաժամանակ նշեցին այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարել է Թադևոսյանը` ի մի բերելով մեր ժողովրդի ռազմական պատմությունը վերջին երկու հարյուրամյակում և, արժևորելով գիտնականի աշխատանքը՝ նպատակահարմար գտան միջնորդել հանրապետության պատկան մարմիններին` գիրքն ու քարտեզները դպրոցներում ու բուհերում ուսումնական պարտադիր դիսցիպլին դարձնելու։ Գրականագետ Սերժ Սրապիոնյանն իր խոսքում նշեց, որ գրքի միակ «թերությունը» այս հանրագիտարանային նշանակության աշխատությունը «դրվագներ» կոչելն է, քանի որ այն մի ամբողջ լիակատար պատմագիտական աշխատության արժեք ունի, և առաջարկեց աշխատությունը քարտեզներով հանդերձ ներկայացնել համապատասխան գիտական խորհրդին` Ռաֆայել Թադևոսյանին պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու համար[1]։

ԳՐՔԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՑԱՆԿԸ (70 սմ x 100 սմ)[7][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը
  • 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը
  • Հայ ազգային-ազատագրական շարժումը օսմանյան բռնապետության դեմ xix դարի երկրորդ կեսին և xx դարի սկզբին(1862-1909թթ.)
  • Արեմտահայության ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915թ.Հայոց մեծ եղեռնի ընթացքում
  • Թուրքիայի ռազմաճակատները 1918թ. հունվարին և նրա համաթուրանական ծրագրերը
  • 1918 թ. Հայ – թուրքական պատերազմը
  • Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը. 1918թ. մայիսի 22-29
  • Թուրքական հրամանատարության ծրագրերը Արևելյան Հայաստանում 1918թ. Մայիսյան հերոսամարտերի նախօրեին և ընթացքում
  • Սարդարապատի հերոսամարտը. 1918թ. մայիսի 22-29
  • Բաշ-Ապարանի հերոսամարտը. 1918թ. մայիսի 22-29
  • Ղարաքիլիսայի հերոսամարտը. 1918թ. մայիսի 25-28
  • Վան-Վասպուրականի նահանջ բյուրոցը. 1918թ. մարտի 21- օգոստոսի 1
  • Հայկական ազգային դիվիզիաները հայրենական մեծ պատերազմում (1941-1945թթ.)
  • Արցախյան ազատամարտ (1988-1994թթ.)
  • Քարինտակի հերոսամարտը. 1992թ. հունվարի 26
  • Շուշիի ազատագրումը. հարսանիք լեռներում՚օպերացիա (1992թ. մայիսի 08-16)
  • Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (վարչական քարտեզ)

Հեղինակի առաջաբանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր տեղեկատվություն է պարունակում հեղինակի առաջաբանը, որտեղ նա շեշտում է, թե «Հայտնի իրողություն է, որ «Ռազմական պատմությունը» կազմում է «Պատմություն» գիտության և առարկայի կարևորագույն մասերից մեկը, եթե ոչ առավել կարևորագույնը։ Հայոց պատմության պարագայում այս ճշմարտությունը, կարելի է ասել, աներկբա է։ Մեր պատմությունը ծայրեծայր լեփլեցուն է ամեն տեսակի ու նրբերանգների պատերազմներով ու ռազմական կոնֆլիկտներով։ Վաղնջական ժամանակներից սկսած մինչև մեր օրերը, այն է` մինչև Արցախյան ազատամարտը, հայ ժողովուրդը ստիպված է եղել իր հայրենիքը պաշտպանել օտար նվաճողներից` լինի դա Ասորեստանը, Պարսկաստանը, Հռոմը, Արաբական Խալիֆայությունը, Բյուզանդիան, թե 1918-ից կեղծ-գողացված անունով հրապարակ իջած Ադրբեջանը։»[7]։

Ռաֆայել Թադրոսյանի «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից. XIX-XX դարեր» գրքից։

Հատվածներ Ռաֆայել Թադրոսյանի «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից. XIX-XX դարեր» գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ կարևոր են Ռաֆայել Թադևոսյանի «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից. XIX-XX դարեր» գրքից որոշ հատվածներ, որոնք ռազմապատմական գիտական բանաձևերի և ուղենշային ռազմապատմական հարցադրումների նշանակություն ունեն։ Օրինակ՝ Թադևոսյանը հստակ մատնանշում է, թե ռազմական պատմությունը չպետք է դիտվի որպես շարքային գիտություն կամ առարկա։ Այն նախևառաջ ինքնապահպանման գիտություն է, որն օդի ու ջրի նման անհրաժեշտ է հենց հայ ժողովրդին։

Գրքից մեջբերվել են մասնավորապես հետևյալ հատվածները։

1. «Անառարկելի ճշմարտություն է և այն, որ հայ ժողովուրդը նախևառաջ գիտության ու մշակույթի, արարման ժողովուրդ է։ Ցավոք, այնպես է ստացվել, որ դարերի ու հազարամյակների ընթացքում հայ մարդու կողմից ստեղծված բարձրարժեք հոգևոր ու նյութական մշակույթի գանձերը ժամանակ առ ժամանակ ոտքի կոխան են դարձել օտար նվաճողների կողմից։ Հայն արարել է, օտարը` քանդել, ոչնչացրել, յուրացրել։ Սովորաբար ընդունված է ասել, որ այդ մրցավազքում հաղթել ենք մենք։ Իսկ ըստ իս, այդ կարծիքը ոչ միայն ճիշտ չէ, այլ նաև վտանգավոր է։ Ճիշտ չէ այն պարզ պատճառով, որ եթե հաղթել ենք, ապա ու՞ր են մեր Վան-Տուշպան, Տիգրանակերտը, Ոստանը, հիասքանչ Անին և մեր մյուս բազմաթիվ քարե ու ոչ քարե հրաշալիքները։ Ճիշտ է, դրանցից ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, պահպանվել է։ Սակայն այդ «ինչ-որ մի բանը» մի՞թե մեզ իրավունք է տալիս պնդելու, որ մենք հաղթել ենք։ Եթե հաղթել էլ ենք, ապա այդ հաղթանակը պյուռհոսյան է, ոչ ավելին։ Վտանգավոր է այն պատճառով, որ մեր մտածելակերպի մեջ ամրագրվում է հետևյալ արատավոր, նույնիսկ կործանարար միտքը։ Մերը` ստեղծելն է, իսկ օտարինը` քանդել-ոչնչացնելը։ Եթե խոսքը գնար միայն գիտության ու մշակույթի, հոգևորի մասին` դեռ ոչինչ, կարելի էր մի կերպ համակերպվել։ Բայց չէ՞ որ գիտության ու մշակույթի հետ միասին ոչնչացվել է նաև դրանք արարող, դրանք կրող ժողովուրդը։ Իհարկե, հանուն իր հայրենիքի ու իր ֆիզիկական գոյության հայ ժողովուրդն անընդմեջ պայքարել է։ Սակայն արդյո՞ք այդ պայքարի մեջ նա ներդրել է իր ամբողջ ներուժը։ Արդյո՞ք այդ պայքարը եղել է բավարար` կանխելու համար տարածքային ու ժողովրդագրական աղետալի կորուստները, կանխելու համար «1915»-ը, կանխելու համար Արևմտյան Հայաստանի կորուստը։ Կարող են առարկել, որ այդ ամենի համար չեն եղել օբյեկտիվ պայմաններ։ Ձևական տրամաբանության տեսանկյունից իհարկե նման մտածելակերպը ճիշտ է։ Բայց դրա հակառակ երեսը հանգեցնում է այն զարհուրելի և բացարձակապես անընդունելի մտքին, որ մեր հայրենիքի 90%-ի կորուստը պատմական-օբյեկտիվ անհրաժեշտություն էր, հետևաբար` հնարավոր չէր ոչ մի կերպ կանխել։ Կրկնում ենք, նման մտածելակերպը, նման դիրքորոշումը մեզ համար անընդունելի է բոլոր առումներով։ Այդպես մտածելով` կարելի է կորցնել նաև ունեցածը…Երբ դրված է իր լինել-չլինելու հարցը, ազգը պետք է անի ոչ միայն հնարավոր ամեն ինչ, այլ նաև անհնարինը` փոխելու համար ճակատագրով իրեն վերապահված դատավճիռը։ Այս կապակցությամբ, 20-րդ դարի խոշորագույն դեմքերից մեկը` գեներալ Դը Գոլն ասել է հետևյալը. «Պատմական ճակատագրականությունը գոյություն ունի միայն վախկոտների համար։ …Պատմությունը ֆատալիզմ չի սովորեցնում. հիշեցեք այս դասը։ Լինում են ժամեր, երբ մի քանի մարդկանց կամքը խորտակում է դետերմինիզմը և նոր ուղիներ բացում։ Եթե դուք վերապրում եք տեղի ունեցող չարիքը և վախենում վատագույնից, ապա ձեզ կասեն. «Այդպիսին են պատմության օրենքները։ Այդ է պահանջում էվոլյուցիան»։ Եվ ձեզ ամեն ինչ գիտականորեն կապացուցեն։ Մի’ համաձայնեք, պարոնայք, նման գիտական վախկոտության հետ։ Այն իրենից ավելի քան հիմարություն է ներկայացնում, այն հանցագործություն է բանականության դեմ»։ Ավելացնենք` մեր պարագայում հանցագործություն է մեր ժողովրդի հետագա գոյության դեմ։ Եվ դա այն պարզ պատճառով, որ հայ ժողովրդի առավելագույն կորուստների ժամանակահատվածում` 19-րդ դարավերջ-20-րդ դարասկիզբ գոյություն ունեցած օբյեկտիվ պատճառներից կարևորագույնները և առավել չարագույժները ուժի մեջ են նաև այժմ` 21-րդ դարի սկզբին։ Սակայն մեր գոյության դեմ ուղղված այդ «օբյեկտիվ պայմանների» կողքին ներկայում կա մի հզոր գործոն` հայոց պետականությունը, որն էականորեն փոխում է իրերի դրությունը։»[7]

2. «Հայության հավաքական կամքի արտահայտությունը հանդիսացող նորաստեղծ Հայաստանի 3-րդ հանրապետությունը այն կարևորագույն երաշխիքն է, որը պետք է ապահովի ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունը, այլև` հնարավորության դեպքում կորցրածի ետբերումը։ Սակայն այդ կարևորագույն երաշխիքն անպայմանորեն պետք է զուգորդվի ու լրացվի մեր հավաքական մտածելակերպում, եթե կուզեք իմանալ` նաև մեր հոգեկերտվածքում (մենթալիտետ) կատարվելիք մի շատ կարևոր տեղաշարժով։ «Հայկական կողմնացույցի» սլաքը մշակույթից ու գիտությունից էականորեն պետք է տեղաշարժվի դեպ երկրի ու ժողովրդի ռազմական պաշտպանությունը։ Պարզ (բայց ոչ պարզունակ) և առողջ բանականությունը հուշում է, որ մշակույթի ու գիտության ասպարեզում մեր ձեռքբերումներն արժեք չունեն, եթե դրանք դատապարտված են ոչնչացման կամ թշնամու կողմից յուրացման։ Իհարկե, այդ տեղաշարժը չի նշանակում, որ մենք ավելի պակաս ուշադրություն պետք է դարձնենք գիտության ու մշակույթի բնագավառներին։ Բնա’վ ոչ։ Պարզապես նախկինի համեմատ մենք շատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք մեր երկրի ու ժողովրդի ռազմական անվտանգության ապահովման գործում։ Ընդ որում` այդ ջանքերը պետք է լինեն բավարար, որպեսզի մենք կորուստներ չունենանք կամ ծայրահեղ դեպքում դրանք հասցնենք նվազագույնի։ Եվ այս խնդրի իրականացման գործում բացարձակապես անընդունելի են թերացումները, դրանք ամեն տեսակ «օբյեկտիվ» և «հարգելի» պատճառներով հիմնավորելը։ Երկրի և ժողովրդի ֆիզիկական անվտանգության պատշաճ ապահովումն այն առաջնային և միակ հարցն է, որտեղ ոչ թե ձախողում, այլ ցանկացած կոմպրոմիս, ցանկացած կիսալուծում պետք է բացառվի։ Եվ սա այն պարզ պատճառով, որ մենք հողային ու գենոֆոնդի այնպիսի աղետալի կորուստներ ենք կրել, որ ռազմական լեզվով ասած` հայտնվել ենք պաշտպանության վերջին բնագծում։ Նահանջի տեղ պարզապես չկա։ Հետագա նահանջը, թեկուզև չնչին, լինելու է ոչ թե հերթական պարտություն, այլ լինելու է վերջը։ Վերջը մեր հայրենիքի, ժողովրդի, մեր պատմության։ Իսկ որպեսզի դա բացառվի, մենք պարտավոր ենք անել այն ամենը, ինչը չենք արել կամ վատ ենք արել մինչ օրս։ Եվ առաջին հերթին արմատական տեղաշարժեր պետք է կատարենք մեր մտածելակերպում և հոգեբանության մեջ։ Այն, որ դա հնարավոր է և իրականանալի, ապացուցեց Արցախյան ազատամարտը։ Այդ պատերազմում հայ ժողովուրդը հանդես բերեց բարոյակամային, հոգեբանական, մարտական այնպիսի որակներ և ամենագլխավորը` խնդրին այնպիսի իրատեսական մոտեցում, որը, ցավոք, մենք չենք տեսել մեր ռազմական պատմության շատ ու շատ դրվագներում։ Սակայն որպեսզի Արցախում նվաճված մեծ հաղթանակը չդառնա երջանիկ բացառություն մեր նոր ու նորագույն պատմության մեջ, այլ դառնա օրինաչափություն, ապա, կրկնում ենք, մեզ անհրաժեշտ են կտրուկ տեղաշարժեր մեր մտածելակերպում և հոգեբանության մեջ։ Իհարկե, նշված բնագավառները չափազանց պահպանողական, նույնիսկ, կարելի է ասել, ի վերուստ կոդավորված են, և թվում է, թե այստեղ որևէ բան փոխելն անհնար է։ Սակայն, ինչպես արդեն ասվեց, մենք ստիպված և պարտավոր ենք անել այդ։ Արցախում ձեռք բերված հաղթանակը դույզն-ինչ չի մեղմացնում մեր լինել-չլինելու խնդրի հրատապությունը։ Այդ հրատապությունն իր ողջ խորությամբ ըմբռնելու նախապայմանը մեր պատմության, իսկ ավելի շուտ` մեր ռազմական պատմության բավարար իմացությունն է, դրա իմաստավորումը, դրանից դասեր քաղելու կարողությունը։ Առանց դրա ոչինչ չի ստացվի։ Մեր բոլոր նախկին կորուստների և ապագա ձեռքբերումների պատասխանները հիմնականում այնտեղ են։ Իր հերթին այդ նախապայմանի իրականացման գլխավոր գործիքը Հայ դպրոցն է, որը, եթե կուզեք իմանալ, հայ մարդու ուղեղին ու հոգուն տրվող մայրական կաթն է։ Եվ այդ կաթի կարևորագույն բաղադրատարրը, մայրենի լեզվին համահավասար, պետք է լինի իր ժողովրդի ու հայրենիքի պատմությունը, բայց հատկապես` ռազմական պատմությունը։ Վերջինիս միջոցով է, որ հայ մանուկի մտքին ու հոգուն պետք է պատվաստվեն քաղաքացի–զինվոր, ազգ–բանակ, երկիր–ամրոց հասկացությունները։ Նման պատվաստի մեջ է մեր գալիք հաջողությունների ու հաղթանակների բանալին։ Ունենալով այդ պատվաստը, հայ մարդը ձեռք կբերի այն անհրաժեշտ իմունիտետը, որը կօգնի իրեն ու իր հայրենիքին դիմագրավելու ցանկացած փորձության։»[7]

3. «Ռազմական պատմությունը չպետք է դիտել որպես շարքային գիտություն կամ առարկա։ Այն նախևառաջ ինքնապահպանման գիտություն է, որն օդի ու ջրի նման անհրաժեշտ է հենց մեր ժողովրդին։ Սա շատ լավ էին հասկանում հայ միջնադարյան պատմիչները, ովքեր իրենց աշխատությունների առանցքը, «իդեա ֆիքսը» դարձրել են հայրենիքի պաշտպանությունը և, ընդհանրապես, Հայաստանին վերաբերող ռազմական անցուդարձերը։ Հայոց ռազմական պատմության դերի ու նշանակաության հենց նման ըմբռնումն էլ պատճառ դարձավ, որպեսզի գրվեր այս գիրքը։ Այն բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են սեփական երկրի ու ժողովրդի ռազմական պատմությամբ։ Սակայն «Դրվագներ»-ի գլխավոր հասցեատերը պետք է լինի Հայ դպրոցը` միջնակարգ թե բարձրագույն։ Այն նախատեսված է առաջին հերթին հայ աշակերտության և հայ ուսանողության համար։ Հայ ուսուցչի ու հայ դասախոսի ձեռքում, կարծում ենք, այն կարող է ծառայել որպես հզոր միջոց` վերևում արդեն հիշատակված «պատվաստն» իրականացնելու համար։» «Գրքի ժամանակագրական շրջանակները, ինչպես երևում է վերնագրից, ընդգրկում են մեր ժողովրդի պատմության վերջին երկու հարյուր տարիները։ Դա բացատրվում է նրանով, որ մեր երկրի ու տարածաշրջանի ներկա ռազմական ու ռազմաքաղաքական իրողություններն արդյունք են ավելի շատ վերջին երկու դարերի անցուդարձի։ Պրագմատիզմի դիրքերից եթե մոտենալու լինենք խնդրին, ապա, անշուշտ, Հայոց ռազմական պատմության գլխավորապես այդ ժամանակահատվածն է, որ օգնում է հասկանալու մեր ներկան և պլանավորելու վաղվա օրը։ «Դրվագներն» ընդգրկում են հիշյալ ժամանակահատվածում Հայոց ռազմական պատմության գրեթե բոլոր կարևորագույն իրադարձությունները։ Դրանք բոլորը, առանձին-առանձին ու միասին վերցրած, տալիս են ոչ միայն զուտ ռազմապատմական գիտելիքներ, այլև օգնում են ստեղծելու այն պրիզման, որի միջոցով հայ աշակերտը, հայ ուսանողը և, ընդհանրապես, հայ մարդը կարող են ճիշտ ընկալել անցյալն ու ներկան, գտնել իրենց առջև ծառացած անցյալին վերաբերող «ինչուների» ու նաև ապագայի «ինչպեսների» պատասխանները։ Իսկ որպեսզի այդ պրիզման չլինի կեղծ, այլ առավելագույնս մաքուր և անաղարտ, մենք աշխատել ենք լինել հնարավորինս անաչառ։ Մինչ օրս ընդունված մի շարք տաբուներ դեն են նետված, թույլատրելիության նշաձողը զգալիորեն տեղաշարժված է։ Եվ դա արված է ոչ հանուն կեցվածքի, այլ` հանուն պատասխանատվության։ Ճիշտ լուծումներ գտնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ ճիշտ, չգունազարդված տեղեկատվություն, հակառակ պարագայում անցյալի կոպիտ վրիպումների ու աղետալի սխալների կրկնությունն անխուսափելի է։ Գրքի յուրաքանչյուր գլուխ ներկայացված է համապատասխան ռազմապատմական քարտեզով կամ քարտեզներով։ Հայտնի ճշմարտություն է, թե ուսումնական տեսողական նյութը որքան է հեշտացնում համապատասխան թեմայի յուրացումը աշակերտի կամ ուսանողի կողմից, բարձրացնում ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ Ըստ էության այս գործը ծրագրելիս մենք նախևառաջ նկատի ենք ունեցել ուսումնական քարտեզները` լավ հասկանալով դրանց կարևորությունը։ Ընդ որում` արվել է ամեն ինչ, որպեսզի այդ քարտեզները լինեն առավել խոսուն, ընդգրկուն և ընկալելի։ «Դրվագներ»-ի շարադրման ընթացքում օգտագործվել են մեծ քանակությամբ աղբյուրներ (արխիվային նյութեր, մամուլ, անտիպ նյութեր, Արցախյան պատերազմի մասնակիցների բանավոր հիշողություններ) և գրականություն։ Դա արվել է մեկ նպատակով` որպեսզի ուսումնական լինելու հետ միաժամանակ գիրքը լինի նաև գիտատար։ Ի տարբերություն աշխատության մնացյալ մասի` Արցախյան ազատամարտին նվիրված երեք գլուխներում աղբյուրագիտական առումով շեշտը հիմնականում դրվել է ազատամարտիկ-վետերանների բանավոր, որոշ դեպքերում նաև` գրավոր հիշողությունների վրա։ Դրանով աշխատել ենք Հայոց ռազմական պատմության վերջին դրվագը ներկայացնելիս առավելագույնս հարազատ մնալ իրականությանը, հնարավորինս խուսափել աղավաղումներից։ Ե’վ ընդհանուր հարցերի, և’ առանձին դրվագների լուսաբանման կամ ճշգրտման նպատակով հանդիպումներ ենք ունեցել մեծ թվով ազատամարտիկների և հրամանատարների հետ։ Ի հաստատումն ասվածի` ներկայացնում ենք հարցվածների միայն շատ փոքր մասին։ Եվ այսպես` «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյան (Արամո), «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան, Արցախյան ազատամարտի ռահվիրաներից` Արկադի Կարապետյան (Ագո), ԱԻՈՒ-ի 3-րդ վաշտի հրամանատար Աշոտ Խաչատրյան (Սև Աշոտ), 4-րդ վաշտի հրամանատար Գագիկ Սարգսյան, Քարինտակի ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյան, «Ազատագրական բանակի» հրամանատար Հովսեփ Հովսեփյան (Լեոնիդի զոհվելուց հետո), Շուշիի Առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյան, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդական Դնեպրիկ Բաղդասարյան, Հատուկ գնդի հետախուզական վաշտի հրամանատար և «Մեծն Տիգրանի» լավագույն հրամանատարներից Սուրեն Կարապետյան, 26-ի Յուրայի օգնական Վանիկ Ստեփանյան (Մորուք Վանիկ), գեներալներ Ֆելիքս Գզողյան, Սեյրան Օհանյան, Լեոնիդ Մարտիրոսով, Արթուր Փափազյան, Սամվել Բաբայան, Միքայել Գրիգորյան, Գրիգոր Գրիգորյան, Աշոտ Պետրոսյան, Սևանի ջոկատի հրամանատար Սուրեն Սարգսյան, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյան, բժիշկ Արցախ Բունիաթյան, բուժքույր-ազատամարտիկներ Աղավնի Սահակյան, Մելսիդա Հարությունյան, Աիդա Սերոբյան, օդաչու Ռաֆիկ Մեհրաբյան, Աղվանական ջոկատի հրամանատար Նվեր Չախոյան, գնդապետներ Ռեմիկ Մարդանյան, Արա Մուրադյան, Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր)…Ցավոք նրանցից ոմանք արդեն մեզ հետ չեն. հեռացել են կյանքից։ Օգտվելով առիթից, անկախ մատուցված ինֆորմացիայի ծավալից և որակից, մեր մեծ շնորհակալությունը և խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր օգնել են վերստեղծելու Արցախյան պատերազմի իրական պատկերը։ Վերևում հիշատակվածներից ոմանք, ինչպես Արամոն, Արկադի Կարապետյանը, Մանվել Եղիազարյանը, Արթուր Առաքելյանը, Ռաֆիկ Մեհրաբյանը և էլի մի քանիսը, ոչ միայն մեզ օգնել են չափազանց որակյալ ինֆորմացիայով, այլև ինչ-որ տեղ հանդես են եկել որպես ռազմական խորհրդականներ, ինչը, բնականաբար, առավել գնահատելի է։ և վերջապես, Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի մասին։ Առանց այլևայլության կարելի է ասել, որ Արցախյան Ազատամարտի լեգենդներից մեկը հանդիսացող այդ մարդը պատերազմին վերաբերող շատ ու շատ հարցերի լուսաբանման առումով անփոխարինելի է։ Առանց նրա խորհրդատվական աջակցության այս գիրքը կլիներ զգալիորեն թերի։ Ավարտելով մեր խոսքն աշխատությունում օգտագործված աղբյուրների և գրականության մասին` նշենք, որ նրա ընթերցումն առավելագույնս հեշտացնելու նպատակով գիտական ապարատ չի զետեղվել։ Սակայն, որպեսզի ընթերցողն այնուամենայնիվ ընդհանուր պատկերացում կազմի «Դրվագներ»-ի աղբյուրագիտական հենքի մասին, գրքի վերջում զետեղվել են օգտագործված աղբյուրների և գրականության ցանկեր։ Հատուկ կուզենայինք անդրադառնալ Արցախյան Ազատամարտին վերաբերող երեք գլուխներին` պատմական կարևորության և գնահատվածության առումով։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ պատերազմը և’ իր ընթացքում, և’ ավարտից հետո այդպես էլ մնաց երկրորդական կամ կիսաերկրորդական դերում, պատշաճ ձևով չլուսաբանվեց ու չներարկվեց հասարակական գիտակցության մեջ, չդարձավ մեր ներկա պատմության առանցքային հասկացությունը։ Չուզենալով այս հարցը խորացնել, չնայած դրա անհրաժեշտությունը կա, պարզապես հիշենք, թե ի՞նչ խորությամբ ու ծավալով էր դասավանդվում «Մեծ հայրենականը» խորհրդահայ դպրոցում։ Եվ ի՞նչ խորությամբ ու ծավալով է դասավանդվում Արցախյան ազատամարտը ներկա դպրոցում…Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։ Իսկ չէ՞ որ առավել համակարգված, առավել հիմնարար ձևով հայ պատանին ու երիտասարդը պետք է այդ պատերազմին ծանոթանան նախևառաջ դպրոցում և բուհում։ Տվյալ դեպքում, կարծում ենք, «Դրվագներ»-ը հենց այն միջոցներից մեկն է, որի օգնությամբ կարելի է առկա բացերը լրացնել։ Գրքի մի շարք գլուխներում կան զգալի թվով հերոսական դրվագներ, որտեղ պայքարն ավարտվում է հայ ֆիդայիների կամ զինվորների, հայկական զորքի պարտությամբ։ Կարող է գտնվեն մարդիկ, ովքեր երևույթի խորքը չտեսնելով, պնդեն, որ հայ պատանին` ապագա հայ զինվորը, պետք է դաստիարակվի միմիայն հաղթանակներով։ Այդպես մտածողներին կարելի է պատասխանել ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Միշել դը Մոնտենի հետևյալ խոսքերով. «Եղել են պարտություններ, որոնք իրենց փառքով չե զիջում խոշորագույն հաղթություններին»։ Եվ իրոք. ո՞վ կարող է պնդել, որ Թերմոպիլի, Վեստերպլատտեի, Բրեստի կամ Սևաստոպոլի հերոսների սխրանքով չի կարելի սերունդներ դաստիարակել, քանի որ հիշյալ ճակատամարտերում իրենց հայրենիքը պաշտպանող հերոսները պարտվել են օտար զավթիչներից։ Իսկ չէ՞ որ մեր Շապին-Գարահիսարը, Ուրֆան, Ֆընտըճագը, Ղարաքիլիսան և էլի մի շարք «պարտություններ» իրենց խորքի մեջ հայ կամքի ու ոգու հաղթանակներ են, որոնցով կարելի է ու պետք է դաստիարակել, հար և նման Վանին, Մուսա Լեռանը, Սարդարապատին ու Բաշ-Ապարանին։ Ավարտելով մեր խոսքը` կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ «Դրվագներ»-ը և նրան կից 17 ուսումնական քարտեզները կոչված են առավել ուժեղացնելու ու խորացնելու Հայոց ռազմական պատմության վերջին երկու դարերի մի շարք կարևորագույն դրվագների ուսուցումը Հայ Դպրոցում։ Դրա անհրաժեշտությունն, անշուշտ, առկա է և այն անպայմանորեն կնպաստի մեր ապագա հաղթանակների համար բարոյահոգեբանական ու գաղափարական կռվանների ձևավորմանը հայ պատանեկության ու երիտասարդության մեջ։»[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Հայ զինվոր», Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, #46 (962) 22.11.2012 – 28.11.2012,: [1]
  2. Լույս է տեսել վաղուց սպասված գիրք. «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից. XIX-XX դարեր», 2012/12/12. Արևմտահայաստանի և արևմտահայութեան ուսումնասիրութիւններու կենտրոն։ [2]
  3. 3,0 3,1 Թադևոսյան Ռաֆայել Սամվելի. Հայոց մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան:, Երևան, Զանգակ հրատարակչություն, 2015։ Էջ 2։
  4. http://37.26.174.99/cgi-bin/koha/opac-search.pl?q=ccl=au%3A%22%D5%8C%D5%A1%D6%86%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%2C%22&offset=20&sort_by=title_az
  5. Տե՛ս <<Էջմիածին>> հանդէս, թիւ Դ, 2008թ., էջ 121-124:http://echmiadzin.asj-oa.am/3065/1/121-124.pdf(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 350 մտավորականների բողոքը ՀՀ և ԼՂՀ նախագահներին
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://akunq.net/am/?p=27268

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՕՐՎԱ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ հյուր՝ ՌԱՖԱՅԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 02.12.2016: [4]
  • Ռաֆիկ Թադևոսյան. Սբ. Խաչ եկեղեցում պատարագով Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են։ 16 օգոստոսի 2010 - 15:27 AMT: [5]
  • Ռ. Թադևոսյան. «Միակ շոշափելի ձեռքբերումը Արցախի հաղթանակն է» 21.09.1013:38 [6](չաշխատող հղում)
  • Deputy Director of National Library of Armenia Rafik Ghazaryan and member of Public Council Rafik Tadevosyan guests in Armat press club. [7](չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]