Լույսի կոմբինացիոն ցրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռամանի էֆեկտից)
Jump to navigation Jump to search
Լույսի ցրում
Լույսի կոմբինացյոն ցրում

Լույսի կոմբինացյոն ցրում, լույսի ցրում, որն ուղեկցվում է հաճախականության զգալի փոփոխմամբ։ Հայտնագործել են (1928) սովետական ֆիզիկոսներ Գրիգորի Լանդսբերգն ու Լեոնիդ Մանդելշտամը՝ բյուրեղներում և հնդիկ ֆիզիկոսներ Չանդրասեկհարա Ռամանն ու Կ. Ս. Կրիշնանը՝ հեղուկներում լույսի ցրումն ուսումնասիրելիս։ Անգլիալեզու գրականության մեջ լույսի կոմբինացիոն ցրումն ավելի հայտնի է Ռամանի էֆեկտ անունով։

Էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութը լույսի ինտենսիվ մեներանգ ճառագայթներով լուսավորելիս ցրված ճառագայթման սպեկտրի մեջ երևան են գալիս նոր հաճախականություններ (սպեկտրային գծեր), որոնք գրգռող լույսի հաճախականության և բյուրեղային ցանցի, մոլեկուլների տատանումների կամ պտտման հաճախականությունների գումարման և հանման (կոմբինացիայի) արդյունքն են։ Լույսի կոմբինացյոն ցրման սպեկտրային գծերը բնութագրող մեծություններն են հաճախականությունը, ինտենսիվությունը, ապաբևեռացման աստիճանը և սպեկտրային գծի կիսալայնությունը։ Այս պարամետրերը միարժեքորեն որոշվում են ցրող մոլեկուլների կառուցվածքով և շրջապատող միջավայրի հետ դրանց փոխազդեցությամբ։

Լույսի կոմբինացյոն ցրման սպեկտրները խիստ յուրահատուկ են տվյալ նյութին և օգտագործվում են խառնուրդում այդ նյութի քանակությունը որոշելու համար։ Լայն տարածում է ստացել մոլեկուլների տատանումների հետ կապված կոմբինացիոն ցրման սպեկտրների ուսումնասիրությունը։ Լույսի կոմբինացյոն ցրման սպեկտրային գծերի ինտենսիվությունները շատ փոքր են և սովորական պայմաններում կազմում են 10 −10 - 10 −13 վտ։

Ստիպողական կոմբինացիոն ցրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազերի հայտնագործումով հնարավորություն ստեղծվեց ոչ միայն գրգռման մեծ ինտենսիվություն ապահովել, այլև գործնականում իրականացնել կանխատեսված ստիպողական կոմբինացիոն ցրման երևույթը։ Ստիպողական կոմբինացիոն ցրումը լույսի ինտենսիվության զգալի մասը փոխակերպում է ուրիշ հաճախականության։ Այս երևույթը հնարավորություն է տալիս հեշտությամբ ուսումնասիրել մոլեկուլների և բյուրեղների կառուցվածքը, այն գործնական նշանակություն ունի նաև նոր հաճախականության ինտենսիվ ճառագայթում ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 683 CC-BY-SA-icon-80x15.png