Jump to content

Ռադիոակտիվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռադիոակտիվ տրոհումից)

Ռադիոակտիվություն (ճառագայթաակտիվություն, ռադիոակտիվ տրոհում), որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։ Այդ շարժընթացը կոչվում է ռադիոակտիվ տրոհում, իսկ տրոհվող միջուկները՝ ռադիոակտիվ միջուկներ։

Կենսաբանական հյուսվածքները քայքայող և մուտացիաներ առաջացնող անկայուն իզոտոպները կամ դրանք պարունակող նյութերը կոչվում են ռադիոակտիվ նյութեր։ Ռադիոակտիվությունը բնութագրող հիմնական մեծություններից է կիսատրոհման պարբերությունը՝ ժամանակահատված, որի ընթացքում ռադիոակտիվ միջուկների սկզբնական քանակությունը պակասում է 2 անգամ։ Կիսատրոհման պարբերությունը տատանվում է 10−7 վ-ից 1010 տարի տիրույթում, այսինքն՝ ռադիոակտիվ միջուկներն ապրում են բավական երկար, իսկ տրոհվում են կարճ ժամանակամիջոցում։ Ռադիոակտիվությունը լինում է բնական՝ պայմանավորված միջավայրում (օրինակ՝ հանքապարներում) առկա ռադիոակտիվ տարրերով, և արհեստական՝ առաջացած մարդու տնտեսական գործունեության հետևանքով (օրինակ՝ ԱԷԿ-ների շահագործումից, միջուկային զենքի փորձարկումից և այլն)։ Բնական ռադիոակտիվությունը բացասական երևույթներ չի առաջացնում, որովհետև կենդանի օրգանիզմները հարմարվում են դրան, իսկ արհեստական ռադիոակտիվությունը քայքայում է բնական էկոհամակարգերը և վտանգավոր է կենդանի օրգանիզմների ու մարդու առողջության համար։

Հողի ռադիոակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի ռադիոակտիվությունը պայմանավորված է հողում պարունակվող բնական և արհեստական ռադիոակտիվ տարրերով ու իզոտոպներով։ Հողի բնական բարձր ռադիոակտիվությունն առաջանում է հիմնականում ուրանի, ռադիումի, թորիումի և կալիումի ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող հանքավայրերում ու դրանց մերձակայքում, սակայն փոքր քանակությամբ ռադիոակտիվ նյութեր սփռված են երկրագնդի ամբողջ մակերևույթով և կան բոլոր հանքապարներում, հողերում, ջրերում։ Հողի արհեստական ռադիոակտիվությունն առաջանում է միջուկային զենքի պայթյունից, միջուկային ռեակտորների աշխատանքից ու վթարից, ատոմային արդյունաբերական թափոններից։ Ռադիոակտիվությունը լինում է տեղային (աղտոտման աղբյուրի մոտ) և համընդհանուր (ողջ երկրագնդով՝ միջուկային զենքի պայթյունի ազդեցության տարածքում)։

Մթնոլորտի ռադիոակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթնոլորտի ռադիոակտիվությունը պայմանավորված է բնական շարժընթացների կամ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված ռադիոակտիվ գազերով և աերոզոլներով։ Բնական ռադիոակտիվ գազերը (որոնք պարունակում են հողում ուրանի և թորիումի տրոհումից առաջացած ռադիումի իզոտոպներ) մթնոլորտ են թափանցում հողում եղած օդի և մթնոլորտի օդի գազափոխանակության կամ դիֆուզիայի հետևանքով։ Իսկ ռադոնի իզոտոպների տրոհումից առաջանում են մետաղներ պարունակող աերոզոլներ։

Արհեստական ռադիոակտիվ աերոզոլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական ռադիոակտիվ աերոզոլներն առաջանում են միջուկային պայթյունից, պարունակում են 100-ից ավելի ռադիոակտիվ իզոտոպներ և, կախված մասնիկների չափերից ու մթնոլորտ նետվելու բարձրությունից, կարող են տարածվել հարյուրավոր կիլոմետրերից մինչև տասնյակ հազարավոր կիլոմետրեր։

Ռադիոակտիվ տեղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոակտիվ տեղումներն անձրևի, ձյան տեղումների հետ կամ չոր տեսքով մթնոլորտից երկրի վրա թափվող ռադիոակտիվ նյութերն են։ Դրանք ուժեղանում են հատկապես մթնոլորտում և Երկրի մակերևույթին միջուկային զենք փորձարկելիս, ինչպես նաև միջուկային ռեակտորների վթարից։ Ամենասաստիկ ռադիոակտիվ տեղումները դիտվել են 1950-ականներին և 1960-ական թվականների սկզբներին կատարված սերիական միջուկային փորձարկումների ժամանակ (այնուհետև միջուկային զենքի փորձարկումները կատարվել են հիմնականում ստորգետնյա)։ Սաստիկ ռադիոակտիվ տեղումներ են դիտվել նաև 1986 թվականին՝ Չեռնոբիլի վթարի ժամանակ, երբ ռադիոակտիվ նյութերի արտանետման ծավալը կազմել է 140 միլիոն Կյուրի, իսկ աղտոտված ընդհանուր տարածքը (Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա) գնահատվել է 160 հզ. կմ²։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։