Ջրաբերդի մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրաբերդի մելիքական ապարանք
Ներկա վիճակԿիսավեր

Ջրաբերդի մելիքական ապարանքը[1] գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի և նրա Թրղի վտակի ձախ ափին, զառիթափ լանջերով հսկայածավալ ժայռազանգվածի վրա՝ շրջապատված անտառոտ լեռնակույտերով[2]։ Հյուսիսից հարավ ձգված ամրոցի տարածքը գետերի շրջանցումից առաջացած թերակղզու տեսք ունի և պաշտպանված է ինչպես դրանց ջրառատ ու արագահոս պատնեշով, այնպես էլ՝ գետեզերքից գրեթե ուղղաձիգ բարձրացող ժայռերով։

Գտնվելով համանուն գավառի անտառախիտ խորքերում և ունենալով խիստ նպաստավոր բնական պայմաններ՝ ամրոցը վաղ միջնադարից ի վեր կառուցապատվել ու դարձել է Արցախ-Խաչեն-Ղարաբաղի անառիկ ու նշանակալի պաշտպանական հենակետերից մեկը։ Պատմական աղբյուրներում և այլազան երկերում ամրոցը հիշվում է Չարաբերդ, Ճառաբերդ, Չրաբերդ, Ջերմուկի բերդ և Ջրաբերդ անուններով, իսկ մելիքության շրջանի վկայագրերում առավելապես հայտնի է հնագույն ու նախնական Չարաբերդ անվանաձևով, ինչը գործածվում էր նաև որպես գավառանուն և մելիքության անվանում։

Այստեղ էր գտնվում 18-րդ դարի սկզբներին մեծ համբավ ձեռք բերած արցախյան ամենազորեղ սղնախներից մեկի՝ Չարաբերդ-Ջրաբերդի գլխավոր ռազմավարական հենակետը, որը հետագայում էլ շարունակում էր մնալ գավառի նշանավոր մելիքների հիմնական ամրոցը։

Անառիկ ու ծառապատ տեղանքի պատճառով ամրոցի ավերակները երբևէ չեն նկարագրվել, սակայն իր պաշտպանական կառույցների պահպանվածությամբ ամրոցը բացառիկ արժեք է։

Ամրոցը պարփակված է երբեմն մինչև ձորն իջնող բրգավոր պարիսպներով, որոնց անկանոն հատակաձևը կրկնում է տարածքը եզերող ժայռերի ուրվագիծը։ Բացի պարիսպներից ու բազմաթիվ այլ շինությունների ավերակներից, պահպանվել են նաև գետն իջնող թաղածածկ գետնուղիներն ու հարավ-արևմտյան՝ գետամերձ ստորոտին հարող կամարակապ դարպասը[3]։

Միջնաբերդ-ապարանքը կառուցված է ամրոցի հյուսիսային վերջավորության ամենաբարձր ժայռազանգվածի վրա և իր խիստ անկանոն հատակաձևով նույնպես հարմարեցված է տեղանքի սուղ պայմաններին։ Ջրաբերդը 17-18-րդ դարերում համանուն մելիքության գլխավոր նստեց-կենտրոնն էր, դարաշրջանում ծավալված հայ ազգային-ազատագրական պայքարի ամենակարևոր օջախներից մեկը։ Այն Քաղաքատեղի բերդավանի հետ մի ամբողջություն էր, և ըստ ամենայնի, նախքան այստեղի ապարանքի կառուցումը, մելիքության կազմավորման և զորացման շրջանում՝ սկսած 17-րդ դարի սկզբից, գավառի մելիքներն իրենց առաջին նստավայրն են դարձրել Ջրաբերդ ամրոցը՝ նրա բարձունքին պահպանված հնավանդ ավերակները վերակառուցելով և վերածելով ամրացված բնակարանի՝ կենցաղի պարզագույն հարմարություններով և սենյակների նվազագույն կազմով։

Ապարանքը բաղկացած է հյուսիսից հարավ ձգված միջանցքաձև անցումի արևելյան և արևմտյան կողմերում կառուցված պարսպակից սենյակաշարքերից, որոնցից արևելյանի հատակը փոքր-ինչ բարձր է արևմտյանից։ Միջանցքաձև անցումը հյուսիսից և հարավից սահմանափակված է ժայռակույտերով և միայն հարավակողմի ժայռարանքով է միանում ամրոցի մյուս մասերին։

Արևմտյան սենյակաշարում երկայնական պատերով կից երեք սենյակներ են, որոնցից երկուսը գրեթե միաչափ են (ներքուստ՝ 3,25×4,5 մետր), խորքի պատում ունեն պահարանախորշեր ու բուխարիներ և մեկական մուտք՝ միջանցքից, իսկ համեմատաբար մեծ երրորդ սենյակի (ներքուստ՝ 3,65×5,2 մետր) մուտքի դիմաց խոշորաչափ բուխարին է, պատեզրին ՝ Թրղի գետի հովտին ու հեռվում երևացող Երիցմանկանց վանքին նայող միակ պատուհանը։ Սրանց հարավ-արևմտյան անկյունից սկսվող կրկնապարիսպը բուխարիավոր բուրգով և հանդիպակաց ժայռով կազմում է ապարանքի մուտքը, իսկ արտաքին պարիսպը դեպի հարավ շարունակվում ու կորագծով միանում է հաջորդ ժայռին՝ առաջացնելով դժվարանցանելի, նեղ ու ոլորուն կրկնամուտք-միջանցք։

Արևելյան շարքում սենյակները արտաքին պարիսպներին են հպվում երկայնական կողմով, շարքի միջին մասում առաջացնելով խիստ անկանոն հատակագծով բաժանմունքներ, որոնց նախնական ձևն ու նշանակությունը վատ պահպանվածության պատճառով դժվար է որոշել։ Սրանց հարավային կողմում բուխարու և խորշերի պահպանված մնացորդներով ու ձորահայաց նեղլիկ պատուհանով մի երկարավուն սենյակ է (ներքուստ՝ 3,3×7,35 մետր), իսկ հյուսիսային շարունակությունը բաղկացած է միջանկյալ երեսբաց սրահով կապված երկու գրեթե միաչափ սենյակներից (հարավայինը՝ 3,0×4,45 մետր, հյուսիսայինը՝ 2,9×4,55 մետր), որոնց բակահայաց ճակատից 1,5-2,0 մետր հեռավորությամբ ձգտնվում է հատվածաբար հենապատերով ամրացված ժայռազանգվածը։

Սենյակների պատերը պահպանվել են մինչև 2 մետր բարձրությամբ և որոշ տեղերում ունեն 50-60 սմ, իսկ հիմնականում՝ 80-90 սմ հաստություն. արտաքին պարիսպներն ավելի հաստ են՝ 1,2 մետր։

Ապարանքն իր անկանոն հատակագծով և անպաճույճ նկարագրով հանդերձ, Գյուլիստանի միջնաբերդ-ամրոցի հետ ներկայացնում է ամրացված մելիքական տան մի ուշագրավ տիպ և այդ տիպի սակավաթիվների մեջ արժևորվում է իր պահպանվածությամբ և դարաշրջանին բնորոշ պարզագույն հորինվածքներով։

Ջրաբերդի վերջին տիրակալն էր՝ Աթաբեկյանների իշխանական տան ժառանգ իշխան Հովհաննես Աթաբեկյանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խամսայի Մելիքությունները — Գրապահարան». grapaharan.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  2. «Ջրաբերդ – իշխանաց ամրոց և մելիքաց ապարանք». meliq.livejournal.com. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  3. «Research on Armenian Architecture». www.armenianarchitecture.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Ղուլյան, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, էջ 82-85։
  2. Զ. Արզումանյան, «Մեծ» և «Փոքր» սղնախների հարցի շուրջ, էջ 91։
  3. Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը, էջ 120։
  4. Մ. Բարխուտարեանց, Արցախ, էջ 239։