Ջերմաառաձգականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմաառաձգականություն, մարմնի՝ սկզբնական ջերմաստիճանի բավականաչափ դանդաղ վերականգնման դեպքում, նախկին ծավալն ու ձևը վերականգնելու հատկություն։ Նախնական վիճակը լիովին վերականգնվում է այն դեպքում, երբ ջերմային դեֆորմացիաներից առաջացած ջերմային լարումները որոշակի սահմանից չեն անցնում։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմաառանձգականության տեսությունը, որն առաձգականության տեսության բաժինն է, ջերմահաղորդականության և դասական առաձգականության տեսությունների միասնություն է։ Դրա հիմքում ընկած է հետևյալ վարկածը. իզոտրոպ մարմնի տարրական ծավալի հավասարաչափ տաքացումը նրանում լարումներ չի առաջացնում և ուղեկցվում է միայն նրա ջերմային հարաբերական ընդարձակումով, ընդ որում անկյունային դեֆորմացիաները բացակայում են, իսկ երեք փոխուղղահայաց ուղղություններով առաջացող հարաբերական երկարացումները միմյանց հավասար են։

Ջերմային գծային ընդարձակման գլխավոր ուղղությունների և կոորդինատային առանցքների միմյանց հետ համընկնելու դեպքում այդ վարկածը ընդհանրացվում է օրթոտրոպ նյութերի (առաձգական սիմետրիայի երեք հարթություն ունեցող) համար։ Օրթոտրոպ մարմնից կոորդինատային մակերևույթներով անջատված տարրական ծավալի հավասարաչափ տաքացումը նրանում լարումներ չի առաջացնում և ուղեկցվում է միայն ջերմային ազատ ընդարձակումով, ըստ որում տարրական ծավափ նիստերի սահքի դեֆորմացիաները բացակայում են, իսկ երեք փոխուղղահայաց կողերի ջերմային հարաբերական երկարացումները կարող են միմյանց հավասար չլինել։

Ի տարբերություն ջերմաառանձգականության դասական տեսության, ջերմաառանձգականության կապակցված տեսության մեջ հաշվի են առնում դեֆորմացիաների (լարումների) և ջերմային դաշտերի փոխադարձ ազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։