Պորտանի տուն
Պորտանի տուն, առևտրային տարածքով բնակելի շենք, որ կառուցվել է 20-րդ դարի սկզբին Վիբորգում` շինարարության վարպետ Անտի Կորպիմյակի նախագծով։ Վիբորգի կենտրոնում՝ Ռիբնի նրբանցքում գտնվող գրավիչ ճակատով, տարբեր ճարտարապետական ոճերի տարրերով զարդարված հինգ հարկանի շենքն ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլհելմ Պորտանը (այլ կերպ՝ Պորտանոն, 1844-1927), ով երիտասարդ տարիներին Սանկտ Պետերբուրգում աշխատել է որպես ոսկերիչ, 1874 թվականից հաստատվել է Վիբորգում, որտեղ բացել է իր սեփական ոսկերչական արհեստանոցը։ Ժամանակի ընթացքում նա ձեռք է բերել խոշոր ձեռնարկատիրոջ և բարերարի համբավ, եղել է 1891 թվականից գործող ֆինն արդյունաբերողների և վաճառականների Pamaus ընկերության հիմնադիր նախագահը, որի նպատակն էր աջակցել ձեռներեցությանը և ազգային մշակութային նախագծերին[1][2]։ 1892 թվականին Պորտանը գնել է քաղաքային դաստակերտ՝ փայտե առանձնատնով հողակտոր, որը կառուցվել է 1863 թվականին քաղաքի գլխավոր Տորգելսկայա փողոցի անմիջական հարևանությամբ։ 1871 թվականին ընդունված շինարարական կանոնակարգերի համաձայն՝ Վիբորգի կենտրոնում պետք է կառուցվեին միայն քարե տներ, ուստի 1901 թվականին, Վիլհելմ Պորտանի հրամանով, շինարարության վարպետ Անտի Կորպիմյակի կողմից խարխուլ փայտե տնակի տեղում մշակվել է նախագիծ նոր քարե հինգհարկանի շենքի համար։ Նոր բազմաբնակարան շենքում տեղակայվել են ինչպես սեփականատիրոջ ընտանիքի բնակարանը, այնպես էլ այլ բնակարաններ (ընդհանուր առմամբ 20 բնակարան` յուրաքանչյուրը 5-6 կամ 2-3 սենյականոց), ինչպես նաև խանութներ և այլ առևտրային կազմակերպություններ։
Հատակագծում շենքը հիշեցնում է «T» տառը՝ տեղամասի խորքում, քաղաքի գլխավոր փողոցին զուգահեռ տեղակայված է հիմնական երկար ձգվող մասնաշենք, որը կողային հակահրդեհապատերով և սիմետրիկ հիմնական ճակատով կողմնորոշված է դեպի նրբանցք։ Հիմնական ճակատի կողմում կա երկու մուտք, իսկ ներքին բակի կողմում երեք, ինչպես նաև կամարաձև անցում դեպի բակ։ Բակային մասնաշենքի առաջին հարկում տեղակայված էր լվացքատուն։ Բակային մասնաշենքի յուրահատուկ առանձնահատկությունը դարձան կլորացված անկյունները։
Հատկանշական է, որ սկզբում վարպետը մանրամասնորեն մշակել է շենքի հարկերի հատակագծերը, նկուղները, մուտքերի տեղակայումը, ջեռուցումը, իսկ 1902 թվականին սկսել է ուշադրություն դարձնել ճակատի նախագծմանը։ Շինարարությունը սկսելուց անմիջապես հետո սեփականատերը սվաղված ճակատի ձևավորումը համարել է ոչ բավարար գրավիչ։ Նրա ցուցումով տունը զարդարվել է երեք նրբագեղ վերնաճակատներով, երկրորդ հարկի մակարդակում պատշգամբով, պատուհանների սվաղված շրջակալներով, ռուստաշարով, սվաղված ծաղկազարդ զարդանախշերով և զույգ ծաղկամաններով, ինչպես նաև այլ արտասովոր զարդանախշային մանրամասներով, որի արդյունքում շենքը սկսել է հիշեցնել Սանկտ Պետերբուրգի Բոլշայա Մորսկայա փողոցում գտնվող ոսկերիչ Կարլ Ֆաբերժի տունը (մասնավորապես, առաջին հարկում գտնվող խանութների առատորեն զարդարված ցուցափեղկերի կամարաշարքերի տպավորիչ գրանիտե զարդարանքի գունային բույլը)։
Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) վնասվել է առաջին հարկի գրանիտե երեսապատումը, բայց ընդհանուր առմամբ տունն աննշան է վնասվել, և 1946-1947 թվականների վերանորոգումից հետո այն շահագործման է հանձնվել։ Ներքին հարդարանքի պահպանված կարևոր տարրերի շարքում, ըստ արվեստաբան Միխայիլ Միլչիկի, աստիճանների երկաթակուռ ճաղավանդակներն էին, շքահանդեսային նախասրահի հատակի դեկորատիվ և գեղարվեստական ձևավորումը, պատրաստված «տերացցիո» տեխնիկայով, աստիճանային հրապարակների և աստիճանների մարմարե խճաքարով զարդարումը և պատմական բուխարիներ հադարումը։ Քանի որ Վիբորգի գլխավոր հատակագծով նախատեսված քարե շենքերը հարակից տեղամասերում այդպես էլ չկառուցվեցին, Պորտանի տունը կտրուկ հակադրվում էր շրջակա շենքերին՝ առանձնանալով հարկերի քանակով և արտաքին տեսքով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
- Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Последний выборгский романтик
- ↑ «Pamaus-seuran kokoelma». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.