Պորտալ:Հայաստան/Ընտրված հոդված/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

03.03.2010 - 25.09.2010[խմբագրել կոդը]

Բրոնզե արձանիկ թագավորական գահից
Բրոնզե արձանիկ թագավորական գահից

Ուրարտուի մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը: Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև: Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ: Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիստ ցանց: Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրառեշտ են դարձրել դրանց կառուցումը: Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով: Մեկից ավելի բարձրունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի): Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով: (մանրամասն...)