Պորտալ:Կոտայքի մարզ/Ընտրված անձ
Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբերի 15, 1809, Քանաքեռ, Երևան - ապրիլի 14, 1848, Երևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը: Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։
Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն, թեև իր կենդանության օրոք նա տպագրել է միայն «Նախաշավիղ կրթության» դասագիրքը, իսկ նրա ձեռագրերը երկար ժամանակ անհայտ են մնացել լայն ընթերցարանի համար։ 1858 թ. լույս է տեսնում նրա «Վերք Հայաստանի» պատմավեպը, իսկ խորհրդային տարիներին Գիտությունների Ազգային Ակադեմիան 1948-1961 թթ. կազմեց Աբովյանի երկերի՝ 10 հատորից բաղկացած ժողովածուն։ Աբովյանի «Վերք Հայաստանի» (տարբեր բեմավորումներով՝ «Ասլան բալասի», «Աղասի» և այլն), «Ֆեոդորա կամ Որդիական սեր», «Խաղարկություն մանկանց» և այլ գործեր բեմադրվել են, իսկ նրա հեքիաթների մոտիվներով նկարահանվել է «Որսորդները» հայկական մուլտֆիլմը (1977 թվական)։
Աբովյանի առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են նրա ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց» (1824), «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց» (1824) և այլն)։ Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին։ 20-ական թթ. վերջերին Աբովյանը գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Պաղտասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին։ Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությունը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու։ «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835), «Տաղ հրաժարական» (1836) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին։ Աբովյանը հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական-քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամատիզմով։ (մանրամասն...)