Պոնֆեռադայի ամրոց
Պոնֆեռադայի ամրոց իսպ.՝ Castillo de Ponferrada | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | commandry?, դղյակ և հուշարձան |
Վարչական միավոր | Պոնֆեռադա[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
Համալիրի մաս | Way of Saint James in the province of León? |
Կառուցված | 1178 |
Պատվիրող | Տաճարականների միաբանություն |
Կայք | castillodelostemplarios.com(իսպ.) |
Castle of Ponferrada Վիքիպահեստում |
Պոնֆեռադայի ամրոց (իսպ.՝ Castillo de Ponferrada), միջնադարյան պաշտպանական կառույց Իսպանիայի հյուսիսում՝ Լեոն պրովինցիայի Պոնֆեռադա քաղաքում։ 1924 թվականին հայտարարվել է Իսպանիայի ազգային հուշարձան[2][3]։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնֆեռադայի ամրոցը տեղակայված է քաղաքի պատմական թաղամասում՝ ոչ բարձր բլրի վրա՝ Բոեսա և Սիլ գետերի միախառնման վայրի մոտ։ Այն զբաղեցնում է 8000 մ2 տարածք և ամենամեծ ամրոցներից մեկն է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում[3]։
Ամրոցի հիմքն ունի ոչ կանոնավոր քառանկյան ձև։ Նրա հյուսիսային հատվածը կառուցվել է 12-րդ դարում։ 15-րդ դարում ամրոցի տարածքն ընդարձակվել է, իսկ 19-րդ և 20-րդ դարերում այն մեծացվել է և վերակառուցվել։
Պոնֆեռադայի ամրոցը բաղկացած է «հին ամրոցից» ու 15-րդ դարի նոր կառույցներից, որոնք ներառում են Վերածննդի դարաշրջանի պալատն ու ատամնաձև ելուստներով պատերի, որ ունեն հրակնատներ ու աշտարակներ։ Ամրոցի ներսում պահպանվել են 12-րդ դարի մի շարք շինություններ, որ կառուցվել են տաճարականների կողմից[3]։ Գլխավոր մուտքը գտնվում է ամրոցի հարավային կողմում։
Ամրոցի աշտարակների վրա հաճախ հանդիպում են Տաճարականների միաբանության, ինչպես նաև Կաթոլիկ թագավորների ու այլ ազնվական տների զինանշաններ, ում պատկանել է ամրոցը։
Ներկայում ամրոցը վերակառուցված է և նրա որոշակի հատված բաց է հասարակության այցելությունների համար։ Որոշ սրահնրում տեղակայված են ցուցադրություններ՝ նվիրված ամրոցի կառուցման պատմությանը, միջնադարյան գրքերին, տաճարականների հագուստին ու զենքերին[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնֆեռադայի ամրոցի ներկայիս տարածքում նախկինում եղել է կելտական պաշտպանական կառույց։ 1178 թվականին Ֆերդինանդ II թագավորը Տաճարականների միաբանությանը թույլ է տալիս այդ տարածքում կառուցել ամրոց, որը պիտի ծառայեր նաև Սանտյագո դե Կոմպոստելա ուղևորվող ուխտագնացների պաշտպանությանը[4]։ Պոնֆեռադա քաղաքում տաճարականների կառուցած ամրոցի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1187 թվականին[3]։
Սակայն Ալֆոնսո IX-ը 1198 թվականին վերցրել է ամրոցը տաճարականների ձեռքից, որովհետև նրանք աջակցել էին իր հակառակորդին՝ Ալֆոնսո VIII-ին։ 1211 թվականին տաճարականները հետ են ստացել Պոնֆեռադայի ամրոցը մի քանի այլ ամրոցների փոխարեն։
Տաճարականների նկատմամբ հալածանքների ծավալման ժամանակ՝ 1307 թվականին, միաբանության իսպանացի մագիստրոս Ռոդրիգո Յանեսը Պոնֆեռադայի ամրոցը նվիրում է Ֆեռդինանդ IV Կաստիլիացու եղբայր Ֆիլիպին, որպեսզի փրկի ամրոցը բռնագրավումից։ 1440 թվականին ամրոցն անցել է Լեմոսի կոմս Պեդրո Ալվարես Օսորիոյի ձեռքը, ով ամրոցում իրականացրել է շինարարական աշխատանքներ։ Նրա տիրապետության տարիներին են կառուցվել Կաբրերայի, Մոկլինի ու Մալվեսինոյի աշտարակները, ինչպես նաև ավարտվել է Ռաստրիլոյի աշտարակի կառուցումը[3]։ Պեդրո Օսորիոյի մահից հետո ամրոցը Կաթոլիկ թագավորների որոշմամբ անցել է նրա դստերը՝ Խուանային, սակայն 1480 թվականին գրավվել է կոմսի մեկ այլ ժառանգորդի՝ նրա թոռ Ռոդրիգո Օսարիոյի կողմից, ով ապստամբել էր թագավորական իշխանության դեմ։
Թագավորական զորքերը պաշարում են ամրոցը և գրավում այն 1486 թվականին։ 1492-1504 թվականներին կառուցվել է Կաթոլիկ թագավորների աշտարակը
1850 թվականից ամրոցն անկում է ապրել։ Քաղաքային իշխանությունները վաճառել են նրա պատերը և օգտագործել դրանք որպես շինանյութ։ Ամրոցի բակը վարձով է տրվել և օգտագործվել է որպես արոտավայր կամ ֆուտբոլի դաշտ։
1924 թվականին՝ ստանալով RI-51-0000264 գրանցման համարը, Պոնֆեռադայի ամրոցը հայտարարվել է ազգային հուշարձան և հայտնվել պետության պաշտպանության ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Понферрадский замок. Испания». himchistka-daugavpils.eu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Понферрадский замок (Castillo de Ponferrada)». cult-turist.ru. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.
- ↑ «Deus vult: 10 легендарных замков тамплиеров». riarealty.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնֆեռադայի ամրոց» հոդվածին։ |
|