Պղնձաբեր ավազաքարեր և թերթաքարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պղնձաբեր ավազաքարեր և թերթաքարեր, մանրահատիկ ավազաքարեր, որոնք պարունակում են պղնձի միներալներ՝ խաչկոզին, բռոնիտ և խաչկոպիրիտ։ Ապարների այս խումբը ընդգրկում է նաև պղնձաբեր թերթաքարերը, ալերոլիտները, արգիլիտները, հազվադեպ՝ մերգելները, դոլոմիտները, կոնգլոմերատները և այլն։ Պղնձի բարձր պարունակության դեպքում ապարների այս խումբը համարվում է հանքանյութ։ Պղնձի առկայությունը բացատրվում է նրա առաջնային կուտակմամբ նստվածքներում և հետագա վերաբաշխմամբ դիագենեզի, կատագենեզի և մետամորֆիզմի հետևանքով։ Պղնձաբեր ավազաքարերը և թերթաքարերը բնորոշ են խայտաբղետ նստվածքների ծովալճակային, դելտային համալիրների համար և գորշ-կարմրավուն գոյացումներում առանձնանում են իրենց կանաչավուն-մոխրագույն երանգով։ Պղնձաբեր ավազաքարերին և թերթաքարերին պատկանում են Ջեզկազգանի, Ուդոկանի հանքավայրերը Ռուսաստանում, պղնձաբեր գոտու հանքավայրերը Հարավային Աֆրիկայում և այլն։ Որոշ երկրաբաններ Ջեզկազգանը և Ուդոկանը դասում են հիդրոթերմալ (տելեթերմալ) խմբին, ապացուցված համարելով միայն Մերձուրալի, Լենայի շրջանի համեմատաբար փոքր հանքավայրերի նստվածքային ծագումը։ Պղնձաբեր ավազաքարերի և թերթաքարերի տիպի հանքավայրերը հարում են ծովային (ծովալճակային) նստվածքներին և տրանսգրեսիվորեն ծածկում են խայտաբղետ ապարները։ Պղնձաբեր ավազաքարերից և թերթաքարերից պղնձի հետ մեկտեղ արդյունահանում են նաև արծաթ, մոլիբդեն, ցինկ, վանադիում, նիկել, կոբալտ, ռենիում և այլ մետաղներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։