Պարտիզանի մայրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարտիզանի մայրը
տեսակգեղանկար
նկարիչՍերգեյ Գերասիմով
տարի1950
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Պարտիզանի մայրը» (ռուս.՝ «Мать партизана»), խորհրդային գեղանկարիչ Սերգեյ Վասիլևիչ Գերասիմովի նկարը, որն ստեղծվել է 1943-1950[1] թվականներին։ Պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարն իրավամբ նկարչի ամենաուժեղ ստեղծագործություններից մեկն է և ռազմական ժամանակի ողջ խորհրդային արվեստի ամենադրամատիկ աշխատանքներից մեկը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի սկսվելու պահին Սերգեյ Վասիլևիչ Գերասիմովն արդեն բավական հայտնի նկարիչ էր, նրա կտավների մեծ մասը նվիրված էին ռուսական գյուղի կյանքին, բացառություն չէր նաև «Պարտիզանի մայրը» կտավը, որը բացահայտում է պատերազմի տարիներին շարքային խորհրդային մարդու հերոսության թեման։ Կենտրոնական մասում պատկերված, գլուխը հպարտորեն բարձր կանգնած է պարտիզանի մայրը[1]։ Նկարիչն ասել է․ «Ես ուզում էի նրա կերպարում ցույց տալ բոլոր մայրերին, որոնք պատերազմի են ուղարկել իրենց որդիներին»։ Կնոջը չեն կարող վախեցնել գերմանացի զավթիչները։ Նրա թիկունքում հայրենի հողն է՝ պղծված թշնամիների կողմից և ողողված հարազատների արյամբ, սրբազան հայրենի հողը։ Ժողովրդական զայրույթի մեծ ուժը զգում են ֆաշիստները։ Ռուս կնոջ ֆոնին գերմանացի սպան խղճուկ է թվում[1]։ Թեթև և ուժեղ նա կանգնած է ծխագույն հրդեհի ֆոնի վրա։ Նրա դեմքը պահպանում է մեծ տառապանքի դաժան կնիքը, բայց դա հպարտ, ուժեղ մարդու տառապանք է։  Ի հակադրություն մոր կերպարի՝ հանդես է գալիս հիտլերականի կերապարը՝ զուրկ վառ անհատական հատկանիշներից, առանձնանում են միայն ֆաշիստի ցածր ճակատը և ծանր կզակը, որոնք նրա կերպարին տալիս են որոշակի գազանային տեսք։ Մնացած կերպարները, ըստ հեղինակի մտահղացման, երկրորդական են և նկարված են միայն ընդհանուր գծերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 В. И. Гапеева, Э. В. Кузнецова. Беседы о советских художниках. — Москва — Ленинград: Просвещение, 1964. — С. глава С. В. Герасимов (1885—1964) «Мать партизана».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]