Պայքար (Նար-Դոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայքար
ՏեսակՎեպ
Ժանրէպիկական
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1911
ԿերպարներՕսան, Մանե, Զաքար, Գրիգոր Սերգեյիչ (Սանթրոսյան), Աշոտ Բադամյան, Հոռոմսիմ, Սեդրակ Նասիբյան, Հեղինե Սոլիկյան, Սալոմե, Վահան։
ՎիքիդարանՊայքար

«Պայքար», Նար-Դոսի վեպերից, որը գրվել է 1911 թվականին։ Վեպում ներկայացրել է պահպանողականության վրա հիմնված և նախապաշարումներից ու ավանդական սովորություններից չկաշկանդվող բախումը։ Դա ընդունելով որպես սկզբունք՝ գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի դրամատիզմը[1]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում նկարագրվում են Թիֆլիսի հայ հասարակության կյանքի իրադարձությունները, այդ հասարակության մեջ տիրող բարքերն ու հակասությունները։ Անդրադարձել է հասարակության անտարբերությանն ու արհամարհանքին՝ մարդ արարածի հանդեպ։ Հեղինակը նաև անդրադարձել է սոցիալական խնդիրներին, պատկերել կյանքի մեծ ու փոքր դրամաները, մարդկային հոգու օրհասական պայքարը։ Նար-Դոսն այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր տարբերակներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն[2]։ Որպես գրող Նար-Դոսը տառապանքով է զգացել ու ապրել մարդկային կյանքի հոգու խեղաթյուրումը, գեղեցիկի կորուստը․ «Այժմ ուրիշ ժամանակներ են եկել,ծանր, սպանիչ ժամանակներ․ բնության հրաշալիքներն այլևս չեն գրավում մարդուն, նա ժամանակ չունի դրանցով զբաղվելու, նրա սրտի և ուղեղի վրա ահագին քարեր կան դրած, որոնք ճնշում, տանջում են նրան և որոնցից ազատվելու համար նա հնար է մտածում։ Կազատվի՞ արդյոք»[3]։ Հեղինակը վեպը մշակել է․ նախնական տարբերակները ունեցել են «Մանե», «Երկու բևեռների միջև» վերնագրերը, որոնք հուշում են, որ շեշտր դրվելու էր հերոսի հոգեկան պայքարի վրա։

Նար-Դոսը վեպի նյութ է դարձրել ժամանակի առավել սուր բախումներից ու կոնֆլիկտներից մեկը։ Այստեղից վերնագիրը՝ «Պայքար»։

Վեպում ներկայացված է հնի ու նորի բախումը։ Շատ կարևոր է թեմայի ընտրությունը․ հնի ու նորի բախումը եղել, և մեր ժամանակներում էր արդիական է։

Հնի ու նոր բախումը վեպում ակնառու են դառնում հերոսների, նրանց գործողութունների ու մտածելակերպի քննության միջոցով։

Վեպը գրվել է ի հակադրություն Շիրվանզադեի «Արամբի» վեպի։ «Արամբի» վեպը գրվել է կնոջ իրավունքների հաստատման, տղամարդ և կին հարաբերություններ ու իրավունքների խտրականության վերացման միտումով։ Վառվառան բաժանվել էր իր ամուսնուց, քանի որ ամուսնությունից հետո պարզվել էր, որ անբարո մարդ է։ Բնականաբար հասարակությունը չընդունեց նրա այդ քայլը, որովհետև կինը իրավունք չուներ բաժանվել, ու արդյունքում անբարոյի պիտակը կպչում է Վառվառային։

«Պայքարում» գործողությունները այլ զարգացում են ունենում։ Մանեն չբաժանվեց ամուսնուց և մինչև վերջ, թեկուզ տանջվոլով, բայց հավատարիմ մնաց իր ամուսնական ուխտին։ Բայց կարևորենք այն հանգամանքը, որ Մանեն իր ամուսնուն ասաց, որ իրականում իր սիրտը պատկանում է Բադամյանին և նրա ամուսինը այդ ամենն իմանալուց հետո ամենևին չչարացավ կնոջ հանդեպ ու կշարունակեր սիրել նույն սիրով, եթե Մանեն ինքնասպան չլիներ։

Այս պայքարը կարելի է ասել կործանարար բնույթ ուներ, այսինքն հնի ու նորի պայքարում, չկարողանալով հաղթահարել հին օրենքները, կարգ ու կանոնը, Մանեն ու Բադամյանը չհասան իրենց սիրուն, ու վեպի վերջում էլ տեսնում ենք նրանց կործանումը՝ Բադամյանը հիվանդանում է, մահանում,Մանեն էլ չկարողանալով տանել այդ ծանր կորուստը՝ մահանում է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շաբաթ օր՝ մեծ պասի նախավերջին օրը, եկեղեցու բակում նստած էր Օսանը իր գեղեցկուհի հարսի՝ Մանեի հետ։ Բարեկամներից մեկը՝ ծերունի Զաքարն, այդ պահին ևս գալիս է այդտեղ։ Մոտենում է նստած կանանց և հարց ու փորձ անում։ Ծերունին ոչ մի մտերիմ ազգական չուներ, նրան օգնում էր միայն Օսանի որդին՝ Գրիգոր Սերգեյիչը։ Իսկ եղբոր որդին՝ Աշոտ Բադամյանը, ում պահել և ուսման էր տվել Զաքարը, չգիտեր անգամ՝ ծերունին ո՞ղջ է, թե՞ մեռած։ Զրույցի ընթացքում մոտենում է նաև Հոռոմսիմը։ Տխուր էր, բողոքում էր որդուց՝ Սեդրակ Նասիբյանից, անիծում նրան, քանի որ սոված էր թողել կնոջն ու երեխաներին, մորը և աշխատած գումարը վատնում էր մի անբարոյական կնոջ ՝ Հեղինե Սոլիկյանի վրա, ում բոլորը ճանաչում էին։ Տանը եղած ժամանակ էլ փայտով ծեծում էր կնոջը։ Մանեն և Հեղինեն մանկության ընկերուհիներ էին։ Այս ամենն այնքան մեծ ազդեցություն է ունենում Մանեի վրա, որ այցելում է Հեղինեին, ով ապրում էր քրոջ՝ Սալոմեի հետ։ Զրուցում են միասին և Հեղինեն Մանեին վստահեցնում է, որ նման բան չկա, որ ինքը՝ Նասիբյանն է, որ հանգիստ չի տալիս իրեն։ Հենց այդ պահին պատուհանից տեսնում են Նասիբյանին, ով շտապում է Հեղինեի տուն։ Հեղինեն Մանեին պարտադրում է մնալ և համոզվել, որ ոչինչ չկա իրենց մեջ և ինքը այդ տղամարդուն երես չի տալիս։ Երբ Նասիբյանը ներս է մտնում, Հեղինեն անմիջապես սկսում է խոսել, զայրացած հարցնել, թե ինչու՞ է վատ վարվում իր ընտանիքի հետ, չէ՞ որ ինքը տեղյակ չէ և ընդհանրապես կապ չունի այդ ամենի հետ։ Նրանք սկսում են վիճել, իսկ Նասիբյանը նկատողություն է անում Մանեին, որ խառնվել է այս ամենին։ Մանեն, չհանդուրժելով այս ամենը, բարկացած դուրս է գնում և հեռանում այդտեղից։ Նույն օրը Մանեին այցելում է եղբայրը՝ Վահանը։ Զատիկը շնորհավորելու պատրվակով Մանեին հյուր է գալիս Բադամյանը։ Զրուցում են իրենց մասին։ Նրանք սիրում են միմյանց, բայց Մանեն ասում է, որ ամուսնուն թողնել չի կարող, չնայած որ երջանիկ չէ, իսկ այդ ամենը վաղուց հասկացել է նաև Վահանը։ Բադամյանն ասում է Մանեին, թե նա կա´մ չի սիրում իրեն, կամ խաղում է իր զգացմունքների հետ։ Մանեն հուզվում է, լաց լինում։ Եղբորը պատմում է Բադամյանի մասին, բայց նա լուռ է, ոչինչ չի ասում։ Հաջորդ օրը Բադամյանը նամակ է գրում Մանեին՝ հանդիպում խնդրելով, որպեսզի որոշեն, թե ինչ պետք է անեն։ Մանեն մերժում է նրան, ասում է, որ ամուսնուն չի թողնի, նրա հետ չի գնա։ Վահանը գնում է Բադամյանի մոտ՝ խոսելու և բացատրելու, որ Մանեն ամուսին ունի և պետք է հեռու մնա իր քրոջից։ Բադամյանն էլ գումար է պարտք լինում Վահանին։ Վերջինս նաև հիշեցնում է այդ մասին, վերցնելով 35 ռուբլին պահանջում է տալ նաև մնացորդ կոպեկները։ Մի գիշեր Բադամյանը արթնանում է՝ ցավը մարմնում։ Ամբողջ ոսկորները ցավում էին և կոտրատվում, իսկ մարմնում դող կար։ Զգում էր, որ սաստիկ հիվանդ է, բայց պետք է Մանեի մոտ գնար և զրուցեր։ Բայց տեսնում է մի կառք, որից իջնում էր Սանթրոսյանը։ Զարմանում է, որովհետև անսպասելի էր այդ ժամին տեսնել Մանեի ամուսնուն և հուսահատ վերադառնում է տուն։ Այդ գիշերն անցկացնում է շատ անհանգիստ։ Թոքերի բորբոքումն օրեցօր սաստկանում է։ Ութերորդ օրը հիվանդի վիճակն այնքան է վատանում, որ անկողնուց չի կարողանում վեր կենալ։ Երբ Սանթրոսյանը դուրս է գնում գործերով՝ Մանեն որոշում է գնալ Բադամյանի մոտ։ Գիտեր, որ Հեղինեն այնտեղ է։ Վազելով, շունչը հազիվ պահելով հասնում է կառքին, և տաս րոպե անց կառքը կանգ է առնում Բադամյանի բնակարանի առջև։ Հիվանդն այնքան վատ վիճակում էր, որ անգամ Մանեին չի ճանաչում և չի արձագանքում։ Նա միայն նայում է լույսի ուղղությամբ, առանց աչքերը թարթելու։ Մանեն իրեն է մեղադրում, որ երիտասարդն այդ աստիճան հիվանդացել է և ոչինչ չի գիտակցում։ Նույն օրը, մտնելով ամուսնու աշխատասենյակ, ամեն բան պատմում է Մանեն, ասում է, որ սիրում էր Բադամյանին, իսկ նա այժմ մահամերձ է։ Սանթրոսյանը ուշքի չի գալիս կնոջ խոստովանությունից, ամբողջ գիշեր մտածում է այդ դրության մասին։ Վերջինս գիշերը մտնում է Վահանի մոտ։ Զրուցում են։ Չգիտի ինչ կարելի է անել, տանջվում է։ Վահանի հետ միասին մտնում են Մանեի սենյակ։ Որոշում են զրուցել Մանեի հետ և լուծում գտնել այս հարցիին։ Սկզբում մտնում է Վահանը։ Մանեն պառկած էր տարօրինակ ձևով։ Գլուխը բարձի վրա չէր, մի ոտքը ծալված էր, մյուսը՝ կախված ցած։ Վահանը, մոտենալով, քրոջը տեսնում է անշնչացած ընկած։ Մանեն մահացել էր[4]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսան-պառավ կին
  • Մանե-Օսանի հարսը
  • Զաքար-հեռու բարեկամ
  • Գրիգոր Սերգեյիչ Սանթրոսյան-Օսանի որդին
  • Աշոտ Բադամյան-Զաքարի եղբոր որդին
  • Հոռոմսիմ-հարևանուհի
  • Սեդրակ Նասիբյան-Հոռոմսիմի որդին
  • Հեղինե Սոլիկյան-Մանեի մանկության ընկերուհին, Նասիբյանի սիրուհին
  • Սալոմե-Հեղինեի քույրը
  • Վահան-Մանեի հարազատ եղբայրը

Գաղափարական հիմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նար-Դոսն իր վեպում ներկայացնում է գարնան խաղաղ օրերից մեկը և եկեղեցու բակում ժամերգության սպասող երկու կանանց.

«Փոքրիկ եկեղեցու սպիտակ ներկված պատի տակ, տախտակի նեղ նստարանի վրա, նստած էին մի պառավ և մի նորատի կին։ Նրանք սպասում էին ճաշի ժամերգությանը։ Հագուստներից երևում էր, որ պատկանում են հարուստ դասակարգի։ Պառավը հագնված էր թիֆլիսեցի կնոջ տարազով, նորատին՝ եվրոպական։ Նրանք հարս ու սկեսուր էին»[5]։

Մարդկանց և միջավայրի մանրամասն ու հակադրական նկարագրություններն ինքնանպատակ չեն. դրանք ապահովում են վեպի թե՛ ներքին լարվածությունը, թե՛ հեղինակի գաղափարակիր հերոսուհու հոգեբանությունը[6]։ Վեպը Նար-Դոսը մշակել է և սկզբնական շրջանում ունեցել է «Մանե», «Երկու բևեռների միջև» վերնագրերը, որից հասկանում ենք,որ առաջնային է գլխավոր հերոսի հոգեկան պայքարի հարցը։ Վեպում անընդհատ տեղի ունեցող ներքին տարակուսանքը Մանեի անորոշ վիճակի, կամազրկության վկայությունն է[7]։

Վեպի հենց սկզբից նկատելի է պայքարը։ Ծերերը, հավաքված եկեղեցու բակում, բողոքում են երիտասարդներից, քանի որ նրանք մոռացել են կրոն, հավատ։ Այսինքն պայքարի առաջին ստվերագծումը հների և նորերի մեջ է, և փաստոնեն, քննադատվում է նորերի ազատամտությունը։ Ծերերի խոսակցություններ միջոցով ծանոթանում ենք Հեղինեի հետ։ Իր տեսքով, արտաքին կերպարանքով և էությամբ հերոսուհիներից մեկը՝ Հեղինեն, մարմնացնում է «նորը»։ Նա ուներ իր համար նախընտրելի նշանաբան, որին փորձում էր հավատարիմ մնալ, շարժվել ու գործել դրան համապատասխան։ Նշանաբանն էր՝ «Անցյալից ոչինչ չթողնել»։ Հիշենք այն դրվագը, որտեղ Մանեն գնում է ընդդիմանալու իր ընդերուհուն, քանի որ լսել էր, որ նա կապված է ամուսնացած տղամարդու հետ և կարող է ընտանիքի քայքայման պատճառ դառնալ։ Վերջինս շատ սառը կերպոս է ընդունում Մանեի հանդիմանական խոսքերը, քանի որ դրանց մեջ ճշմարտություն չէր տեսնում։ Դեռ ավելին, նա կծու խոսքերով պատասխան է տալիս Մանեին, ասելով, որ անբարոյականությունը ամուսնացած տղամարդու հետ կապված լինելը չէ, եթե սեր կա, այլ անբորայականությունն այն է երբ ամուսնացած ու մի հարկի տակ ապրում ես մեկի հետ ում չես սիրում։ Բնականաբար հասկանալի է, որ հեղինեն ի նկատի ուներ Մանեի ու Բադամյանի ամուսնությունը, քանի որ Մանեն չէր սիրում իր ամուսնուն, դեռ ավելին՝ իր սիրտը պատկանում էր ուրիշին՝ Բադամյանին։

Ինչպես երևում է, Մանեն այլ մտածողություն ուներ։ Նրա մտքի ու գործողության մեջ զգալի տարբերություն կար։ Սիրելով Բադամյանին՝ նա չէր կողտոտում իր ամուսնական առագաստն ու հավատարիմ էր մնում իր ամուսնական ուխտին։ Նա տառապում էր նման իրավիճակում հայտնվելու պատճառով, սակայն չէր կարողում մտքին համապատասխան գործել, այսինքն՝ բաժանվել ամուսնուց և ամուսնանալ նրա հետ ում իսկապես սիրում էր, քանի որ այդ ամենը անընդունելի կլիներ հասարակության կողմից և սխալ կընդունվեր։ Իսկ Բադամյանը Մանեին շատ հաճախ մեղադրում էր իր այդ պահելաձևի համար։ Հնի ու նորի պայքարի մեջտեղում է Հեղինեի եղբայր Վահանը։

Վահանը գեղարվեստորեն հաջողված կերպար է։ Վեպում բոլորը կա՛մ ազատամիտ են, կա՛մ պահպանողական, իսկ ինքը չեզոք է։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

— Լսիր, նա մեռնում է... թերևս արդեն մեռած է... Իսկ ես... սիրում եմ նրան... սիրում էի նրան...
Իսկ ծղրիդն այնտեղ շարունակում էր իր անվերջ միապաղաղ ճռինչը՝ միանգամայն անտարբեր դեպի մարդկային կյանքը, որ, անզոր ու անօդ, կարծես հավիտենական մի անեծքով, փոթորկում էր ցավատանջ գալարումներով և կործանվում կրքերի ողբերգական պայքարի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նար-Դոս». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ.
  2. «Նար-Դոս». Մեր կյանքն ու գրականությունը. Վերցված է 20․03․2024-ին.
  3. «Նար-Դոս, Պայքար».
  4. Նար-Դոս (1977). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 409–590.
  5. Նար-Դոս (1977). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջ 409.
  6. Մերջանյան, Տաթևիկ. «Անհատի գաղափարական և հոգեբանական զարգացումները Նար-Դոսի «Պայքար» վեպում» (PDF).
  7. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականություն (PDF). ԵՊՀ. էջեր 197–202.