Չավինյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չավինյան մշակույթ
Chavín
Կարգավիճակհնագիտական մշակույթ
ՄայրաքաղաքՉավին դե Ուանտար
Հիմնադրված էմ․թ․ա․ 900թ․ թ.

Չավինյան մշակույթ, անհետացած, նախապատմական քաղաքակրթություն, որը իր անունը ստացել է Չավին դե Ուանտար հնավայրի անունից, որտեղ գտնվել են այս մշակույթին պատկանող արտեֆակտները։ Այս քաղաքակրթությունը գոյություն է ունեցել ներկայիս Պերուի տարածքում՝ Անդյան լեռնաշղթայի հյուսիսային բարձրավանդակում մ.թ.ա. 900-200 թվականներին։ Այն մեծ ազդեցություն է ունեցել այս տարածաշրջանի այլ քաղաքակրթությունների վրա[1][2]։ Չավինյան ժողովուրդը (դեռևս անհայտ է այն իրական անվանումը, որով ժողովուրդը կոչել է ինքն իրեն) բնակվել է Մոսնա հովտում, որտեղ միախառնվում են Մոսնա և Ուաչեսկա գետերը։ Այս տարածքը ծովի մակարդակից ունի 3150 մ բարձրություն և ներառում է կեչուա, սունի և պունա կյանքի գոտիները[3]։

Չավինյան մշակույթի հնավայր է Չավին դե Ուանտարը, որը գտնվում է Անկաշ նահանգում։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է մ.թ.ա. 900 թվականին և եղել է Չավինյան ժողովրդի կրոնական և քաղաքական կենտրոնը։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չավինյան ոսկե թագ , մ․թ․ա․1200-300 թթ․, Լարկո թանգարանի հավաքածու

Չավինյան ճարտարապետության վառ օրինակ է Չավին դե Ուանտար տաճարը, որն այնպես է նախագծված եղել, որ ձուլվել է տեղի լեռնային շրջապատին։ Տաճարը տեղատարափներից և ջրհեղեղից պաշտպանելու համար կառուցվել է ջրահեռացման համակարգ, որը բաղկացած է եղել տաճարի տակով անցնող խողովակներից, որոնք ջուրը դեպի դուրս են մղել։ Չավինյան ժողովուրդը մեծ գիտելիքներ է ունեցել նաև ակուստիկայի ոլորտում։ Անձրևոտ եղանակին ջրամուղ խողովակները բարձր ձայն են արձակել, որը նման է եղել հովազի մռնչյունին, իսկ հովազը համարվել է սուրբ կենդանի։ Տաճարը կառուցված է եղել սպիտակ գրանիտից և սև կրաքարից , որոնցից ոչ մեկը չի կարելի գտնել տաճարի մոտակայքում։ Սա նշանակում է, որ աշխատողներին ստիպել են հեռվից բերել շինարարական աշխատանքների համար նյութը, իսկ տեղի նյութերը չեն օգտագործվել։ Չավինյան ժողովուրդը հմուտ է եղել մետաղագործության, զոդման ոլորտներում։ Նրանք հատուկ մեթոդներ են գործածել ոսկին նրբագեղ զարդերի վերածելու համար[4]։

Չավինյան ժողովուրդը ընտելացրել է տարբեր կաթնասունների, այդ թվում լամաներին։ Կենդանիներն օգտագործվել են որպես բեռնակիրներ, նրանց բուրդն օգտագործվել է կտորեղեն ստանալու համար։ Լամաների միսը օգտագործվել է չարկի (չորացված և համեմված միս) պատրաստելու համար։ Այս մթերքն արտահանվել է և մեծ եկամուտներ է բերել տնտեսությանը։ Չավինյան ժողովուրդը զբաղվել է նաև հողագործությամբ։ Նրանք մշակել են կարտոֆիլ, քինոա և եգիպտացորեն։ Նրանց մոտ եղել է զարգացած ոռոգման համակարգ[5][6]։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե ինչ լեզվով է խոսել Չավինյան ժողովուրդը, սակայն այն այժմ հավանաբար մեռած լեզու է[7]։ Որոշ մարդաբաններ կարծում են, որ ժողովուրդը խոսել է Կեչուա լեզվի նախնական որևէ տարբերակով՝ առաջ բերելով այն փաստը, որ Կեչուա լեզվի ձևաբանությունը և շարահյուսությունը այլ լեզուների համեմատ ավելի հեշտ էր, և լեռնաշղթաներով բաժանված ժողովուրդները ավելի հեշտությամբ կարող էին հաղորդակցվել հենց այս լեզվով խոսելու դեպքում[8]։ Սակայն, որոշ գիտնականներ էլ կարծում են, որ Չավինյան ժողովուրդը չէր կարող խոսել Կեչուա լեզվով, քանի որ այն առաջացել է ավելի ուշ՝ մ.թ. առաջին հազարամյակում։

Արհեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանզոն
Փորագրված խեցիից պատրաստված շեփոր(մ․թ․ա․ 400-200թթ․)։ Այս շեփորը հավանաբար պատրաստվել է ծիսական արարողությունների համար։ Դրա վրա արված փորագրություններում պատկերված է բարձր պաշտոն ունեցող անձ, ով շեփոր է նվագում։ Նա շրջապատված է օձերով, որոնք կարծես կախարդված են շեփորի նվագով։

Չավինյան մշակույթը ներկայացնում է Անդերի առաջին ճանաչված գեղարվեստական ոճը։ Չավինյան արհեստը կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջին փուլը համապատասխանում է Չավին դե Ուանտարի «հին տաճարի» կառուցման ժամանակաշրջանին (մ.թ.ա. 900-500 թթ. ), իսկ երկրորդը՝ «նոր տաճարի» կառուցման ժամանակաշրջանին (մ.թ.ա. 500–200 թթ. ):

Ափամերձ Չավինյան քաղաքակրթության խեցեղենի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գոյություն են ունեցել երկու տեսակի խեցեղեն՝ բազմանիստ փորագրված և գնդաձև ներկված։ Չավինյան մշակույթում շատ է օգտագործվել «եզրագծային մրցակցության մեթոդը» (գեղարվեստական հնարք, որի դեպքում պատկերը կարող է ունենալ տեսողական տարբեր ընկալումներ, օրինակ՝ ուղիղ դիրքում պատկերը կարող է նշանակել մի բան, իսկ գլխիվայր շրջած դիրքում՝ մեկ այլ բան)։ Այս մեթոդը մտադրաբար կիրառվել է արվեստի շատ գործերում դրանք միայն Չավինյան պաշտամունքի հետևորդներին հասկանալի դարձնելու համար[9]։

Չավինյան մշակույթում տաճարի պատերը զարդարված են քանդակներով, փորագրություններով և խեցեղենով։ Արվեստագետները պատկերել են այլ նահանգների էկզոտիկ կենդանիներ և բույսեր, ինչպիսիք են օրինակ հովազը և բազեն։ Չավինյան արհեստում հաճախ հանդիպող զարդանախշ է կատվի տեսք ունեցող նախշը, որը ունի կրոնական նշանակություն և շատ է կրկնվում քանդակներում և փորագրություններում։ Կան երեք հիմնական արտեֆակտներ, որոնք ներկայացնում են Չավինյան արհեստը։ Դրանք են՝ Տելլո կոթողը, քարե գլուխները և Լանզոնը։ Տելլո կոթողն իրենից ներկայացնում է հսկայական քանդակազարդ սյուն, որի վրա պատկերված են բույսեր և կենդանիներ։ Քարե գլուխները մեծ ժանիքներ ունեցող հովազի տեսք ունեն և տեղադրված են Չավին դե Ուանտար տաճարի պատերի մեջ։ Հավանաբար Չավին դե Ուանտար տաճարի ամենատպավորիչ արտեֆակտը Լանզոնն է։ Այն 4,53 մ բարձրություն ունեցող քանդակազարդ գրանիտե սյուն է, որը ցուցադրված է տաճարում։ Սյունը ձգվում է տաճարի հատակից մինչև առաստաղը։ Դրա վրա քանդակված է ժանիքավոր մի աստված։ Այս պատկերը Չավինյան քաղաքակրթության գլխավոր պաշտամունքային պատկերն է եղել[10]։

Ազդեցության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չավինյան մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել հարևան քաղաքակրթությունների վրա հատկապես այն պատճառով, որ գտնվելով անապատի և ջունգլիների միջև՝ այն հայտնվում էր առևտրային ճանապարհի վրա, և բախվում էր այլ մշակույթների հետ։ Օրինակ՝ Պակոպամպա տաճարը, որը գտնվում է Չավին դե Ուանտարից դեպի հյուսիս, կրել է Չավինյան մշակույթի ճարտարապետության ազդեցությունը։

Չավինյան քաղաքակրթությանը բնորոշ չեն եղել պատերազմները։ Սա երևում է այն բանից, որ Չավինյան մշակույթին պատկանող կառույցներում բացակայում են պաշտպանական կառույցները և պատնեշները։ Չավինյան ժողովուրդը մշտապես եղել է կրոնի հսկողության ներքո, որի պատճառով բազմաթիվ մարդիկ ամեն կերպ ցանկանում էին փախչել Չավինյան տիրապետությունից։ Պատերազմներ եղել են միայն այն վայրերում, որտեղ մշակույթը տարածում չի գտել։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Չավինյան մշակույթի ներսում պատերազմներ չեն եղել, սակայն հարևան մշակույթները պատերազմների միջոցով փորձել են խուսափել նրանց տիրապետությունից[11]։

Բարձր խավի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չավինյան մշակույթում համարվում էր, որ բարձր խավը ունի աստվածային ծագում։ Շամանները ուժ և իշխանություն էին ձեռք բերում՝ պնդելով, որ իրենք կապված են աստվածների հետ, իսկ համայնքը հակված էր դրան հավատալուն։ Շամանները ավանդույթների և ծիսակատարությունների միջոցով կարողանում էին գրավել և հպատակեցնել ժողովրդին[12][13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Burger, Richard L. 2008 "Chavin de Huantar and its Sphere of Influence", In Handbook of South American Archeology, edited by H. Silverman and W. Isbell. New York: Springer, pp. 681–706
  2. Burger, Richard L., and Nikolaas J. Van Der Merwe (1990). "Maize and the Origin of Highland Chavín Civilization: An Isotopic Perspective", American Anthropologist 92(1):85–95.
  3. Burger (1992), Chavin and the Origins of Andean Civilization
  4. Lothrop, S. K. (1951) "Gold Artifacts of Chavin Style", American Antiquity 16(3):226–240
  5. Miller and Burger, 1995
  6. Burger and Van Der Merwe, 1990
  7. Wolfson, Nessa; Manes, Joan. Language of Inequality. էջ 186.
  8. Campbell, Lyle; Grondona, Verónica. The Indigenous Languages of South America: A Comprehensive Guide. էջ 588.
  9. Tello, Julio C. (1943) "Discovery of the Chavín Culture in Peru", American Antiquity 9(1, Countries South of the Rio Grande):135–160.
  10. Burger, Richard L. Chavin and the Origins of Andean Civilization. New York: Thames and Hudson, 1992.
  11. Burger (1992), pp. 78-79, 225, 65, 78
  12. John W. Rick, "The Evolution of Authority and Power at Chavín de Huantar, Peru" Արխիվացված 2013-02-21 archive.today, review-article, 15 April 2005
  13. Kembel, Silvia Rodriquez and John W. Rick. (2004) "Building Authority at Chavin de Huantar: Models of Social Organization and Development in the Initial Period and Early Horizon", in Andean Archaeology, Malden, Massachusetts: Blackwell Pub
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չավինյան մշակույթ» հոդվածին։