Ուսումնական ծրագիր
Ուսումնական ծրագիր, ուսուցման համակարգում ըստ ուսման տարիների յուրաքանչյուր առարկայից պարտադիր յուրացվելիք գիտելիքների, կարողությունների, հմտությունների բովանդակությունն ու ծավալը, ինչպես նաև բաժիններն ու թեմաները որոշող փաստաթուղթ։ Երբեմն կցվում է բացատրագիր, որտեղ տրվում են տվյալ առարկայի ուսուցման խնդիրները, ուսումնասիրվող նյութի հաջորդականությունը, ուսուցման մեթոդների ու կազմակերպման ձևերի առանձնահատկությունները, միջառարկայական կապերը և այլն։ Ուսումնական ծրագրով նախատեսված կրթության բովանդակությունը կոնկրետացվում է դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում, մեթոդական ցուցումներում։ ԽՍՀՄ–ում Ուսումնական ծրագիրները միասնական են և պարտադիր նույնատիպ ուսումնական հաստատությունների ու մասնագիտությունների համար։ Հայ իրականության մեջ Ուսումնական ծրագիր են կազմվել 19-րդ դարի կեսից, որոնք ընդհանուր կիրառություն չեն ունեցել տարածքային մասնատվածության և հայկական դպրոցների ոչ միասնականության պատճառով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |